Ադրբեջանում զանգվածային համաներման շրջանակում արդեն իսկ ազատ են արձակվել հարյուրավոր բանտարկյալներ։ Սակայն համաներումը չի տարածվում ընդդիմադիր գործիչների և լրագրողների վրա։
10 հազար դատապարտյալի վերաբերող օրինագիծը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է դեկտեմբերի 15-ին։ Համաներումը նախատեսվում է իրականացնել չորս ամսում։
Ո՞վքեր են ազատ արձակվում, և ովքեր են մնում կալանքի տակ։ OC Media-ի հոդվածի թարգմանությունը՝ ստորև։
Իշխանամետ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ազատ արձակվածների մի մասը դատապարտված էր սպանության կամ անզգուշությամբ մահ պատճառելու համար։
Ազատվածների թվում են նաև նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ Շահին Իսկենդարովը, որը որպես տեսուչ նախկինում աշխատել է Մաքսային պետական կոմիտեի ենթակայությամբ գործող Ակցիզային ապրանքների գլխավոր մաքսային վարչությունում։
Իշխանական APA լրատվական գործակալության տվյալներով՝ Իսկենդարովը ձերբակալվել է 2023-ին՝ Գլխավոր դատախազության ենթակայությամբ գործող Կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության իրականացրած օպերացիայի արդյունքում։
Նրան մեղադրանք էր առաջադրվել կաշառք ստանալու և դրա հետ կապված այլ հոդվածներով։ Դատարանը նրան դատապարտել էր հինգ տարվա ազատազրկման, սակայն ավելի ուշ Գերագույն դատարանը պատժաչափը նվազեցրել էր մինչև երեք տարի։
Համաներումը տարածվել է նաև Գյուլթեքին Սադիգովայի վրա, որը նախկինում զբաղեցրել է Նեֆթչալայի գործադիր իշխանության սոցիալ-քաղաքական և հումանիտար հարցերով փոխնախագահի պաշտոնը։ Սադիգովան 2021-ի հոկտեմբերից ազատազրկվել էր կոռուպցիոն մեղադրանքով։
Միևնույն ժամանակ, համաներումը չի կիրառվել բանտարկված ակտիվիստների, ընդդիմադիր գործիչների և շուրջ 30 լրագրողների նկատմամբ։
Մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Յալչին Իմանովը OC Media-ին հայտնել է, որ իրավական տեսանկյունից խնդիր չի տեսնում այն հարցում, որ համաներումը նրանց չի ընդգրկում, քանի որ այն հիմնականում վերաբերում է անզգուշությամբ կատարված հանցագործությունների համար դատապարտված անձանց։ Սակայն նա ընդգծել է, որ համաներման արդյունքում ազատ են արձակվել նաև անզգուշությամբ մահ պատճառելու համար դատապարտված անձինք։
«Հետևաբար, այս համաներման ակտը ևս տարածվում է այն անձանց վրա, որոնք, բացառությամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, հասարակության համար էական վտանգ չեն ներկայացնում, սակայն դատապարտվել և պատասխանատվության են ենթարկվել համեմատաբար թեթև կամ անզգուշությամբ կատարված հանցագործությունների համար»,- նշել է Իմանովը։
Նրա խոսքով՝ խնդրի բարոյական կողմը, այնուամենայնիվ, կարող է հարցականի տակ դրվել. «Ինչպե՞ս է ստացվում, որ մարդը, ով նույնիսկ անզգուշությամբ պատճառել է չորս մարդու մահ, ազատ է արձակվում համաներման հիմքով, մինչդեռ, օրինակ, դա չի տարածվում լրագրողների վրա, որոնք հասարակության համար որևէ վտանգ չեն ներկայացնում կամ պարզապես ներկայացվում են որպես դրամաշնորհային միջոցների մաքսանենգներ, մինչդեռ այդ «մաքսանենգությունը» երբևէ չի ապացուցվել»,- ասել է նա։
Իմանովը նշել է, որ 1994-ի փետրվարին Ադրբեջանը օրենք է ընդունել, որով արգելվում է համաներման կիրառումը 1990-ի խորհրդային բռնաճնշումների, Խոջալուի ռազմական հանցագործությունների համար դատապարտվածների և հայ ռազմագերիների նկատմամբ։
Civilnet











