Գլխավոր Լրահոս

Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը

Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը

Եվրոպական խորհրդարանը դեկտեմբերի 18-ին ընդունել է նոր բանաձև, որով դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, ինչպես նաև հետազոտողներ Բահրուզ Սամադովի և Իգբալ Աբիլովի ազատազրկումը։ Բանաձևում եվրոպացի պատգամավորները նաև կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

OC Media-ն պատմում է բանաձևի և Ադրբեջանում դրա արձագանքների մասին։

Բանաձևում ընդգծվում է, որ քաղբանտարկյալների թիվը երկրում հասել է գրեթե 400-ի՝ նշելով, որ նրանց թվում կան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ընդդիմադիր առաջնորդներ, լրագրողներ, ակադեմիկոսներ և մարդու իրավունքների պաշտպաններ։

Եվրոպական խորհրդարանի ընդունած փաստաթղթում նշվում է, որ Սամադովն ու Աբիլովը ձերբակալվել են կեղծ մեղադրանքներով, և նրանց նկատմամբ խախտվել են հիմնարար իրավունքները։

Բահրուզ Սամադովը, որը OC Media-ի հեղինակներից է, անհետացել էր 2024-ի օգոստոսի 21-ին՝ Բաքու կատարած այցի ընթացքում։ Սամադովը սովորում է Պրահայի Կառլի համալսարանի դոկտորանտուրայում։

Երկու օր լռությունից հետո իշխանությունները հաստատել էին նրա ձերբակալության փաստը, իսկ նույն օրը Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը հայտնել էր, որ նրա նկատմամբ առաջադրվել է պետական դավաճանության մեղադրանք։

Սամադովը մերժել է իրեն ներկայացված մեղադրանքները՝ դրանք անվանելով շինծու։ Իր ցուցմունքներում նա նշել է, որ որևէ ապացույց չկա այն պնդումների համար, թե ինքը համագործակցել է Հայաստանի անվտանգության ծառայությունների հետ։

2025-ի հունիսին նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Նույնատիպ մեղադրանքներ են առաջադրվել նաև թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովի նկատմամբ, որը «Թալիշի ազգային ակադեմիայի լուրեր» ամսագրի գլխավոր խմբագիրն է։

Իշխանամետ Qafqazinfo.az կայքի փոխանցմամբ՝ Աբիլովը մեղադրվել է Հայաստանի անվտանգության ծառայությունների հետ համագործակցելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ «գործունեություն կազմակերպելու», «տարբեր երկրներից ապակայունացնող ուժեր ներգրավելու», ինչպես նաև «էթնիկական հողի վրա ատելություն և թշնամանք հրահրող գործողություններ իրականացնելու» մեջ։

Աբիլովը 2025-ի մայիսին դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով։ Նա գրեթե մեկ տարվա նախաքննական կալանքի ընթացքում և դատավարության ժամանակ ամբողջությամբ հերքել է բոլոր մեղադրանքները։

Երկու հետազոտողների գործերով դատավարությունները անցկացվել են փակ դռների հետևում։ Բանաձևում նշվում է, որ այս գործերը խախտել են նաև արդար դատաքննության միջազգային չափանիշները։

Բանաձևում անդրադարձ կա նաև տնտեսագետ գիտնականներ Գուբադ Իբադողլուի և Ֆազիլ Գասիմովի գործերին։

Իբադողլուն ձերբակալվել էր 2023-ի հուլիսին և մեղադրվել կազմակերպված խմբի կողմից կեղծ դրամական միջոցների կամ արժեթղթերի արտադրության, ձեռքբերման կամ իրացման մեջ։ Ավելի ուշ նրան մեղադրանք էր առաջադրվել նաև կրոնական ծայրահեղական նյութերի պատրաստման, պահպանման կամ տարածման համար։

2024-ի ապրիլին նա տեղափոխվել էր տնային կալանքի, որտեղ, ըստ տեղեկությունների, նրա առողջական վիճակը շարունակել է վատթարանալ։

Ֆազիլ Գասիմովը դատապարտվել է ինը տարվա ազատազրկման՝ որպես Իբադողլուի գործով համախոհ։

Բանաձևում նաև կոչ է արվում անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր առաջնորդ Ալի Քարիմլիին։

«Քարիմլին ձերբակալվել է իբր պետական հեղաշրջման մեղադրանքով՝ Ադրբեջանում ավտորիտար գործելակերպերի շարունակական ամրապնդման համատեքստում», — նշվում է բանաձևում՝ հավելելով, որ Եվրոպական խորհրդարանը «խստորեն դատապարտում է Քարիմլիի ձերբակալությունը»։

Հաջորդ օրը Ադրբեջանի խորհրդարանը արձագանքել է բանաձևին՝ հայտարարելով, որ այն «օրինականության սկզբունքը վարկաբեկելու և դատական գործընթացներին միջամտելու փորձ է», ինչպես նաև պնդելով, թե «հանրայնացվել են փաստեր, որոնք ցույց են տալիս Եվրոպական խորհրդարանի ներսում արմատացած կոռուպցիան և կաշառակերությունը»։

Բացի այդ, հայտարարության մեջ նշվել է, որ Եվրոպական խորհրդարանը վերածվել է հարթակի, որտեղ «ակնհայտ են իսլամաֆոբ և թյուրքաֆոբ միտումները»։

Մարդու իրավունքների պաշտպան Սամադ Ռահիմլին, որը բնակվում է արտերկրում, գրել է, որ բանաձևը «լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային շահերին» և ստեղծում է «ազգային հաշտեցման հիմքեր»։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի խորհրդարանը «վիրավորական պատասխան է տվել Եվրոպական խորհրդարանի դիրքորոշմանը, ինչը սխալ է»։

«Եվրոպական խորհրդարանը ընդունված բանաձևում չի կիրառել նվաստացուցիչ լեզու Ադրբեջանի պետական ինստիտուտների նկատմամբ։ Այն առավելագույնս չեզոք լեզվով արտահայտել է իր քննադատական դիրքորոշումը մարդու իրավունքների ներկայիս վիճակի վերաբերյալ և ներկայացրել է ողջամիտ առաջարկներ»,- գրել է Ռահիմլին։

Բանաձևը քննադատած պատգամավորների թվում է եղել Ռիզվան Նաբիևը, որը հայտարարել է, թե այն «ցույց է տալիս Եվրամիության քաղաքականության կողմնակալությունը խաղաղության, նորմալացման և տարածաշրջանում վստահության ձևավորման գործընթացների նկատմամբ»։

Իշխանամետ APA գործակալության փոխանցմամբ՝ Նաբիևը նշել է, որ Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի վերաբերյալ լսումները «խաղաղ գործընթացը խափանելու փորձ են»։

«Վերջերս կրկին ակտիվացվել է այսպես կոչված «Եվրոպական խաղաղության հիմնադրամ» մեխանիզմը՝ միլիտարիստական նպատակներով, և հայտարարվել է Հայաստանին 20 միլիոն եվրոյի (23 միլիոն դոլար) հատկացում՝ ռազմականացման համար։ Միաժամանակ անտեսվում է այն փաստը, որ Հայաստանը շրջանցում է ԵՄ-ի կողմից Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի հետ կապված սահմանված պատժամիջոցները և կարևոր դեր է խաղում Եվրոպայից դեպի Ռուսաստան պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների փոխադրման հարցում։ Իսկ ԵՄ-ն իր հերթին պատժամիջոցներ է կիրառում ադրբեջանական հինգ նավերի նկատմամբ»,- ասել է Նաբիևը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում