Գլխավոր Լրահոս

Դիանա Գասպարյանը խոշոր չափերի փողերի լվացում է կատարել․ Հակակոռուպցիոն կոմիտե

Դիանա Գասպարյանը խոշոր չափերի փողերի լվացում է կատարել․ Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018-ի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դիանա Գասպարյանը, իր հետ փոխկապակցված անձանց օժանդակությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև նշված անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում: Այս մասին հայտում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը Էջմիածին քաղաքի Վ.Տերյան փողոց 971/8 հասցեում գտնվող, 0,9 հա մակերեսով համայնքապատկան հողամասն իրենն ու ընտանիքինը դարձնելու դիտավորությամբ որոշել է ձևական աճուրդի միջոցով օտարել այն, որից հետո համայնքի ղեկավարի ամուսնու հոր՝ Ա. Մ.-ի հանձնարարությամբ և նրա ֆինանսավորմամբ, վերջինիս հետ փոխկապակցված անձը ձևականորեն մասնակցել և 2022-ի օգոստոսի 8-ին կայացած աճուրդում հաղթող է ճանաչվել որպես միակ մասնակից:

Արդյունքում՝ 189,200,000 դրամ շուկայական արժեք ունեցող գույքը ձևական առուվաճառքի պայմանագրով ավելի քան երեքուկես անգամ պակաս գնով՝ 51.975.000 ՀՀ դրամով, օտարվել է վերը նշված անձին՝ փաստացի դառնալով համայնքի ղեկավարի ու նրա ընտանիքի անդամների սեփականությունը:

Դրանից հետո, կրկին Ա. Մ.-ի հանձնարարությամբ և Դիանա Գասպարյանի իմացությամբ, 2022-ի հոկտեմբերի 21-ին վերջիններիս հետ փոխկապակցված նույն անձը դիմում է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարան՝ խնդրելով ընդլայնման նպատակով օտարել սեփականության իրավունքով իբրև իրեն պատկանող 0,9 հա հողամասին կից գտնվող համայնքային նշանակության հողամասը, որից հետո համայնքի ղեկավարը, խախտելով օրենքի և Կառավարության համապատասխան որոշումների պահանջները, աճուրդի միջոցով վաճառքի ենթակա, 54,200,000 դրամ շուկայական արժեք ունեցող համայնքապատկան գույքն ուղղակի վաճառքով, առանց ավագանու որոշման, շուրջ տասն անգամ պակաս գնով՝ 5,509,350 դրամով օտարել է նույն անձին:

Այնուհետև, հանցավոր ճանապարհով ձեռք բերված 0,9 հա և 0,1908 հա մակերեսով հողամասերի ծագման աղբյուրն ու պատկանելությունը թաքցնելու նպատակով, համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի որոշմամբ դրանք միավորվել և որպես մեկ միավոր անշարժ գույք գրանցվել են վերը նշված անձի անվամբ: Դրանից հետո նշված գույքը  Դիանա Գասպարյանի ամուսնու օժանդակությամբ ձևական առուվաճառքի պայմանագրերով վաճառվել է նրանց հետ փոխկապակցված այլ անձանց, իսկ 2023-ի հունիսի 14-ին կնքված ևս մեկ ձևական առուվաճառքի պայմանագրով 63,500,000 դրամով վաճառել է Դիանա Գասպարյանի ամուսնու մորը, ով այն ներդրել է իր կողմից հիմնադրված ընկերությունում:

Հետագայում նրա դիմումի հիման վրա՝  համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի որոշմամբ,  նշված գույքի մի մասի գործառնական նշանակությունը հասարակականից փոփոխվել է բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, որից հետո համայնքապետի մեկ այլ որոշմամբ այն բաժանվել է տարբեր հասցեների, և տրամադրվել է բնակելի տների կառուցապատման թույլտվություն:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրան օժանդակելու և փողերի լվացման համար մեղադրանքներ են ներկայացվել նաև համայնքապետի հետ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ ամուսնուն և վերջինիս հորը: Նախկին համայնքապետի ամուսնուն մեղադրանք է ներկայացվել նաև առանձնապես խոշոր չափերի գույքը չհայտարարագրելու համար (4 դրվագ):

Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում