Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանում մի շարք իրավապաշտպաններ քննադատում են վերջերս ընդունված համաներման մասին օրենքը։ Այն պետք է տարածվեր մինչև 20 հազար դատապարտյալի վրա։ Իրավապաշտպանները այն անվանում են հանրային կարծիքը «մանիպուլյացնելու ձախողված փորձ»։ Համատեղ հայտարարությամբ հանդես են եկել 17 իրավապաշտպաններ։
Համաներման օրինագիծը մշակվել է նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ դեկտեմբերի 15-ին և ընդունվել է խորհրդարանի կողմից դեկտեմբերի 19-ին։ Արդյունքում մի շարք դատապարտյալներ արդեն ազատ են արձակվել, սակայն օրենքը չի տարածվել կալանավորված լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների վրա։
Իրավապաշտպանների հայտարարության մեջ նշվում է, որ օրինագիծը «չի լուծում բանտերի գերբնակեցման ընդհանուր խնդիրը և նշանակալի ներդրում չի կատարում քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում»։
«Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում մեկ շնչին բաժին ընկնող բանտարկյալների թվով։ Բացի այդ, ներկայիս իշխանությունների քաղաքական և անարդար ձերբակալությունների հետևանքով Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է մոտ 400-ի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է՝ Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցելու պահից ի վեր»,- ասվում է հայտարարության մեջ։
Այն նաև ընդգծում է, որ «մարդու իրավունքների ճգնաժամը շարունակվում է, իսկ վերջին համաներման ակտը հակասում է անցումային արդարադատության սկզբունքներին»։
Հայտարարության հեղինակներից մեկը՝ իրավապաշտպան Սամադ Ռահիմլին, որը նաև ժողովրդավարամետ «Երրորդ հանրապետական հարթակ» նախաձեռնության խորհրդի անդամ է, OC Media-ին ասել է, որ օրինագիծը հակասում է «համաներման բուն էությանը»։ Որպես օրինակ նա նշել է 13 շիա մահմեդականների ազատ արձակումը, որոնց պատժաչափի ավարտին մնացել էր ընդամենը վեց ամիս։
«Այս մարդիկ կարող էին ազատ արձակվել պատժի կրումը պայմանական դարձնելու կամ պատժաչափը մեղմացնելու միջոցով։ Դա հնարավոր էր իրականացնել մեզ հայտնի ստանդարտ մեխանիզմներով»,- ասել է Ռահիմլին։
RFE/RL-ի տվյալներով՝ «քաղբանտարկյալների ցուցակում ընդգրկված մոտ 20 մարդ արդեն ազատ է արձակվել վերջին համաներման ակտի շրջանակում»։
Չնայած այն հանգամանքին, որ համաներումը, կարծես, հանգեցրել է քաղաքական դրդապատճառներով դատապարտված որոշ անձանց ազատ արձակմանը, Ռահիմլին ընդգծել է, որ ամբողջ գործընթացը ծառայում է որպես քարոզչական գործիք։
«Նրանք ուզում են ցույց տալ, թե իբր ազատ են արձակում, թե գործընթաց է սկսվել, որպեսզի նվազեցնեն միջազգային ճնշումը։ Այս համաներումը խայտառակություն է»,- ասել է Ռահիմլին։
Ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախկին անդամ Ֆուադ Ահմադլին սոցիալական ցանցերում գրել է, որ իր ազատ արձակումից մեկ շաբաթ առաջ՝ 2019-ին, իրեն առաջարկվել էր պատժաչափի կրճատում, քանի որ այն հանցագործություններից մեկը, որով ինքը դատապարտվել էր, ապաքրեականացվել էր։ Ահմադլին մերժել է այդ առաջարկը։
«Քանի որ ինձ առաջադրված մեղադրանքներից մեկը ապաքրեականացվել էր, ես պետք է ազատ արձակվեի պատժի չկրած մասից։ Սակայն խորհրդարանի՝ քրեական քաղաքականությունը ապաքրեականացնելու և մարդասիրական դարձնելու որոշումը ընդունվել էր դեռևս 2017-ի հոկտեմբերի 20-ին, այսինքն՝ իմ դատավարությունից երկու տարի և տասը ամիս առաջ»,- գրել է նա։
BBC Azerbaijan-ի փոխանցմամբ՝ Ահմադլին ձերբակալվել է 2016-ի օգոստոսին և մեղադրվել է այն բանի համար, որ Azerfon LLC ընկերությունում, որտեղ նա աշխատում էր որպես օպերատոր, իբր բաժանորդների անձնական տվյալները փոխանցել է երրորդ կողմին։
Համաներման շրջանակում երգչուհի Դենիզ Ասադովան ազատ է արձակվել պատժաչափի ավարտից 22 օր առաջ, ինչին Ահմադլին ակնարկել է որպես իր դեպքում արված, բայց մերժված առաջարկի նմանօրինակ քայլ։
Չնայած իշխանությունների ավելի վաղ հայտարարություններին, ըստ որոնց 2025-ին նախատեսվող համաներումը պետք է լիներ «ամենախոշորը» և ընդգրկեր մինչև 20 հազար դատապարտյալի, վերջին շրջանում կառավարամետ լրատվամիջոցները գրում են, որ համաներումը կվերաբերի ավելի քան 10 հազար անձի։
«Նախնական ցուցակների համաձայն՝ մոտ 5 հազար մարդու ազատ կարձակեն։ Բացի այդ, շուրջ 3 հազար դատապարտյալի պատժաչափը կկրճատվի վեց ամսով։ Ընդհանուր առմամբ համաներումը կտարածվի ավելի քան 10 հազար անձի վրա, որոնք կրում են ազատազրկումից բացի այլ պատիժներ»,- գրել է կառավարամետ Okhu.az կայքը։
Civilnet











