Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է 2026-ի հունվարի 1-ից փոխադարձության սկզբունքով զրոյական դրույքաչափ սահմանել Թուրքիայի դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագրի տրամադրման համար: Նախագիծը ներառված է կառավարության դեկտեմբերի 29-ի գրավոր քվեարկության հարցերի մեջ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մշակած նախագծի հիմնավորման համաձայն՝ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում երկու երկրները «E-Visa» համակարգով անվճար մուտքի արտոնագիր ստանալու հնարավորություն կստեղծեն նշված կարգավիճակն ունեցող անձանց համար: Գործող իրավակարգավորումներով թե՛ ՀՀ դիվանագիտական անձնագիր կրողների, և թե՛ Թուրքիայի ծառայողական ու հատուկ անձնագիր ունեցողների համար սահմանված են համապատասխան վճարներ, որոնք նոր որոշմամբ կհամահավասարեցվեն:
Առաջարկվող կարգավորմամբ Թուրքիայի հատուկ և ծառայողական անձնագիր կրող քաղաքացիներին մինչև 21 օր ժամկետով Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիրը կտրամադրվի անվճար՝ «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված դրույքաչափը սահմանելով զրո դրամ: Փաստաթղթում նշվում է, որ նախագիծը նպատակ ունի ապահովել համահավասար պայմաններ երկու երկրների համար և չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից: Կառավարությունը գնահատում է, որ որոշման ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում զգալի փոփոխություններ չեն առաջանա՝ հաշվի առնելով շահառուների սահմանափակ սուբյեկտային կազմը և փոխադարձության սկզբունքի կիրառումը:
***
Դեկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան 2026-ի սկզբին որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկեն։
Հոկտեմբերին էլ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հույս էր հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի հետ շատ շոշափելի ձեռքբերումներ, պայմանավորվածություններ կլինեն։
Մինչ այդ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Թուրքիայի հետ ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ կարող է առաջիկայում բացվել Հայաստան-Թուրքիա սահմանը:
Civilnet











