Գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով և գրավով։ Այս մասին հայտնի է դարձել նրա փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումից։
«2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է։ 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով։ Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով։ Դրանից ելնելով այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն։ Քննության առնելով մեր միջնորդությունը Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի՝ կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ»,- գրել է Վարդևանյանը։
Սամվել Կարապետյանը կալանքի տակ էր գտնվում հունիսից։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 290-րդ (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը), 296-րդ (Փողերի լվացումը) և 422-րդ (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։
***
Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել էր երկու ամսով կալանավորել Սամվել Կարապետյանին։ Սկզբնական շրջանում նրան մեղադրանք էր ներկայացվել միայն իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։
Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է։ Գործարարին մեղադրանք առաջադրվեց նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
Civilnet











