Գլխավոր Լրահոս

Ադրբեջանցի ակտիվիստը դադարեցրել է ութօրյա հացադուլը, բանտի ղեկավարությունը կատարել է պահանջները

Ադրբեջանցի ակտիվիստը դադարեցրել է ութօրյա հացադուլը, բանտի ղեկավարությունը կատարել է պահանջները

Բանտարկված ադրբեջանցի ակտիվիստ Սամիր Աշուրովը դադարեցրել է ութ օր տևած հացադուլը այն բանից հետո, երբ իշխանությունները համաձայնել են այլևս ֆիզիկական բռնություն չկիրառել նրա նկատմամբ։ Ըստ տեղեկությունների՝ Աշուրովին ճնշումների է ենթարկել բանտի ղեկավարությունը՝ բանտում Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե ստեղծելու գործում իր մասնակցության պատճառով։

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ակտիվիստի կինը՝ Նուրանա Աշուրովան, սոցիալական ցանցերում գրել է, որ իր ամուսինը կիրակի օրը դադարեցրել է հացադուլը այն բանից հետո, երբ բանտի տնօրեն Վուսալ Ասլանովը համաձայնել է բավարարել նրա պահանջները։

Ըստ հաղորդումների՝ Աշուրովին ճնշումների է ենթարկել բանտի վարչակազմը հենց կոմիտեի գործունեության պատճառով։ Այդ խումբը հիմնադրվել է մի քանի այլ բանտարկված լրագրողների և ակտիվիստների կողմից, որոնց թվում են լրագրող Հաֆիզ Բաբալին, Աշխատանքային միությունների կոնֆեդերացիայի (DCTU) նախագահ Աֆիադդին Մամեդովը, տնտեսագետ Ֆազիլ Գասիմովը, ինչպես նաև ակտիվիստներ Լաչին Վալիևը և Մեհման Ալիևը։ Բոլորն իրենց պատիժը կրում են Բանտ թիվ 2-ում։

Կոմիտեն ստեղծվել է դեկտեմբերի սկզբին՝ 23-ամյա Էլբայի Քարիմլիի ինքնասպանությունից հետո։ Քարիմլին ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ էր, որը ձերբակալվել էր 2023 թվականի օգոստոսին՝ նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա «Ստալին» գրություն անելու համար։ Նա նույնպես պատիժ էր կրում նույն բանտում։

Meydan TV լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Քարիմլին ինքնասպան է եղել դեկտեմբերի 12-ին՝ բանտի բժշկական բաժանմունքում։ Կառավարամետ Qafqazinfo լրատվական կայքը գրել է, որ Արդարադատության նախարարությունը նրա մահվան փաստով քրեական գործ է հարուցել։

Նուրանա Աշուրովան OC Media-ին հայտնել է, որ կոմիտեի ստեղծումից հետո իր ամուսնու և մյուս կալանավորների նկատմամբ ճնշումները զգալիորեն ավելացել են։

Դեկտեմբերի 27-ին Աշուրովան գրել է, որ իր և ամուսնու միջև նախատեսված հերթական հեռախոսազանգը ընդհատվել է։

«Ես կրկին զանգահարեցի, բայց նա չպատասխանեց։ Ես հասկացա, որ կրկին խնդիր կա։ Ի՞նչ է տեղի ունենում։ Ինչո՞ւ չեք թույլ տալիս, որ կալանավորը խաղաղ պայմաններում խոսի իր ընտանիքի հետ։ Դուք իրավունք չունեք զրկելու կալանավորին ընտանիքի հետ հեռախոսով խոսելու իրավունքից»,- գրել էր նա սոցիալական ցանցերում։

Դեկտեմբերի 28-ին նա հայտնել է, որ տեղեկություն է ստացել այն մասին, թե իր ամուսինը հացադուլ է սկսել, երբ Վուսալ Ասլանովը «մի քանի անգամ ապտակել է դեմքին» և սպառնացել է մեկուսարան տեղափոխել։

Նրա խոսքով՝ Աշուրովը տառապում է մի շարք քրոնիկ հիվանդություններով։

«Նա ասել է, որ իրեն վատ է զգում, թոքերը ցավում են, և հազիվ է կարողանում կանգնել։ Կրկին ուզում եմ հիշեցնել, որ Աշուրովը լուրջ առողջական խնդիրներ ունի և չպետք է հացադուլ հայտարարի»,- գրել էր Աշուրովան հացադուլի ընթացքում։

Սամիր Աշուրովը, որը 2022-ի մարտին արտաքսվել էր Գերմանիայից Ադրբեջան, ձերբակալվել է նույն տարվա ապրիլին։ Սկզբում նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար։ Ավելի ուշ մեղադրանքը վերաորակվել է զինված խուլիգանության, և 2023-ի դեկտեմբերին նա դատապարտվել է վեց տարի և վեց ամիս ազատազրկման։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում