Գլխավոր Լրահոս

Վրաստանի խորհրդարանի նախագահը կոչ է անում լսել Եկեղեցուն, ոչ թե Բրյուսելին

Վրաստանի խորհրդարանի նախագահը կոչ է անում լսել Եկեղեցուն, ոչ թե Բրյուսելին

Շարունակելով իր քննադատությունը Եվրոմիության ղեկավարության հասցեին՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանրությանը կոչ է արել ավելի շատ լսել Վրաց ուղղափառ եկեղեցուն, այլ ոչ թե Բրյուսելին։ Նա այս հայտարարությունները արել է՝ անդրադառնալով Ամենայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի խոսքերին՝ խոսքի ազատության «չարաշահման» վերաբերյալ։

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Հունվարի 7-ին հնչեցրած իր ավանդական Սուրբ Ծննդյան ուղերձում Եկեղեցու առաջնորդը նշել է, որ «խոսքի ազատության չարաշահումը մեր ժամանակների ամենադժվար փորձություններից մեկն է»։

«Միայն նրանք, ովքեր համբերությամբ ու ներողամտությամբ, ճշմարտության ճանապարհով արժանապատվորեն քայլում են դեպի Աստված, կկարողանան հաղթահարել այս փորձությունը»,- ասվում էր ուղերձում։

Մեկնաբանելով այս պատգամը՝ Պապուաշվիլին ընդգծել է «հավասարակշռության և ներդաշնակության» կարևորությունը, ապա խոսել է «լիբերալիզմի աղավաղված ընկալումից», որը, նրա խոսքով, պարտադրվել է տարբեր երկրներին։

«Այսօր մենք տեսնում ենք, որ աշխարհը սկսում է արթնանալ»,- շարունակել է նա։ Պապուաշվիլին գովաբանել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմը՝ նշելով, որ այն «դադարեցրել է կեղծ գաղափարախոսությունների ֆինանսավորումը» և հնարավորություն տվել ասել, որ «ոչինչ չպետք է դարձվի ֆետիշ՝ ներառյալ խոսքը»։

Անդրադառնալով եվրոպական դերակատարներին՝ Պապուաշվիլին հայտարարել է, որ վրացիներին «գործնականում վերաբերվել են որպես փորձարարական օբյեկտների», քանի որ «ատելությունը, դժգոհությունը և բանավոր հարձակումներն այստեղ ոչ միայն հանդուրժվել են, այլ որոշ եվրոպացի դեսպաններ և դոնոր կազմակերպություններ խրախուսել են այն և շարունակում են խրախուսել մինչև այսօր»։

«Սա հենց այն է, ինչի մասին խոսում է պատրիարքը. բոլորը պետք է հասկանան, որ խոսքի ազատության անվան տակ մեզ վրա կիրառվել է ամենաչար և մահաբեր զենքը, զենք, որը ոչ միայն ֆիզիկապես է սպանում, այլ նաև մարդկային հոգին, այդ թվում՝ այն օգտագործողների հոգին»,- ասել է Պապուաշվիլին և հավելել․ «Այդ պատճառով կարևոր է լսել ոչ թե կեղծ գաղափարախոսություններ տարածողներին, ոչ թե Բրյուսելին կամ նրա կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներին, այլ այն արժեքներին, որոնք մեզ առաջնորդել են 1700 տարի շարունակ՝ մեր Եկեղեցուն և նրա ուսմունքին»։

Վերջին երկու տարիներին, իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից մի շարք սահմանափակող օրենքների ընդունումից, հակաիշխանական ցույցերի դեմ բռնության կիրառումից և 2024-ի վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո, Վրաստանի հարաբերություններն իր ավանդական միջազգային գործընկերների՝ այդ թվում ԵՄ-ի հետ, կտրուկ վատթարացել են։

Այս ֆոնին՝ 2024-ի նոյեմբերին «Վրացական երազանքը» հայտարարեց երկրի ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների «հետաձգման» մասին մինչև 2028-ը, ինչը լայնածավալ բողոքի ցույցերի պատճառ դարձավ Թբիլիսիում և այլ քաղաքներում։

Իշխանությունները արձագանքեցին ցույցերին ինչպես ոստիկանության բռնությամբ, այնպես էլ նոր սահմանափակող օրենքների փաթեթով, որոնք ուղղված էին փողոցային բողոքներին, լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակությանը և քաղաքական ընդդիմությանը։ Միաժամանակ տարբեր մեղադրանքներով ձերբակալվեցին տասնյակ ցուցարարներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ և մեկ մեդիա հարթակի հիմնադիր։

Այս զարգացումներն էլ ավելի լարեցին հարաբերությունները ԵՄ-ի հետ, որը  2025-ի զեկույցում խիստ քննադատական էր և Վրաստանը բնութագրել էր որպես «միայն անվանապես թեկնածու երկիր»՝ ընդգծելով 2023-ին շնորհված թեկնածուի կարգավիճակի արժեզրկումը։

Զարգացումները վտանգի տակ են դրել նաև Վրաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմը, որը գործում է 201-ից, և բարձրացրել են դրա հնարավոր կասեցման հարցը։

ԵՄ-ի քննադատությանը ի պատասխան՝ իշխող կուսակցությունը բազմիցս մեղադրել է Բրյուսելին շանտաժի, ստի, «ռադիկալիզմի և ապատեղեկատվության ֆինանսավորման» և եվրոպական արժեքներից շեղվելու մեջ։

Չնայած դրան՝ «Վրացական երազանք»-ը շարունակում է պնդել, որ ձգտում է ԵՄ անդամակցության։ Սակայն, ինչպես Պապուաշվիլին հայտարարել էր 2025-ի նոյեմբերին, կուսակցությունը չի ձգտում «այն Եվրոպային, որը Բրյուսելի ներկայիս բյուրոկրատիան դատարկում է եվրոպական բովանդակությունից և թողնում պարզապես մի միություն», այլ այն Եվրոպային, «որը նպատակ ունի վերականգնել եվրոպական արժեքները»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում