Գլխավոր Լրահոս

«Վրաստանի ԵՄ հայտը կմնա կասեցված, եթե խնդրահարույց օրենքները չվերացվեն»

«Վրաստանի ԵՄ հայտը կմնա կասեցված, եթե խնդրահարույց օրենքները չվերացվեն»
https://oc-media.org/weimar-triangle-georgias-eu-bid-to-remain-stalled-unless-problematic-laws-are-repealed/

Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը՝ հայտնի որպես Վայմարյան եռանկյունի, մտահոգություն են հայտնել Վրաստանի ընտրություններում խախտումների վերաբերյալ՝ նշելով, որ չեն կարող աջակցել Վրաստանի ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկին, քանի դեռ չեն վերացվել «Վրացական երազանքի» հեղինակած և ընդունած Օտարերկրյա գործակալների և ԼԳԲՏ+ համայնքի դեմ ուղղված օրենքները։ (Վայմարյան եռանկյունին (Weimar Triangle) անվանվել է Գերմանիայի Վայմար քաղաքի անունով, որտեղ 1991-ի օգոստոսի 28-29-ին տեղի է ունեցել Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը):

Հինգշաբթի Վայմարյան եռանկյան առաջնորդները՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարություն են արել Վրաստանի հետընտրական իրավիճակի վերաբերյալ։

Հայտարարության մեջ ԵՄ երեք երկրների ղեկավարները «լուրջ մտահոգություն» են հայտնել Վրաստանի խորհրդարանական վերջին ընտրություններում արձանագրված խախտումների կապակցությամբ և Վրաստանի իշխանություններին կոչ արել հետաքննել ընտրախախտումները՝ նշելով, որ դրանք «բացասաբար են անդրադարձել ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա»։

Վկայակոչելով Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական եզրակացությունները՝ առաջնորդները շեշտել են առաքելության վերջնական զեկույցը «մանրակրկիտ ուսումնասիրելու» իրենց մտադրությունը։

Վրաստանում այս տարվա խորհրդարանական ընտրությունների Միջազգային դիտորդական առաքելությունը բաղկացած էր ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) 380 հոգանոց թիմից, ինչպես նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ՆԱՏՕ ԽՎ) պատվիրակությունների անդամներից։

Քվեարկությունից հետո հրապարակած իրենց նախնական զեկույցում նրանք հիմնականում կրկնել են տեղական լրատվամիջոցների և դիտորդական խմբերի հաղորդած մեղադրանքները՝ նշելով, որ «ընտրողներին ճնշելու, հատկապես հանրային հատվածի աշխատողների վրա ճնշման դեպքերը լայնորեն տարածված էին քարոզարշավի ընթացքում»։

«Սա, ինչպես նաև ընտրության օրը ընտրողներին լայնորեն հետևելը, մտահոգություններ է առաջացրել որոշ ընտրողների՝ առանց պատժի վախի քվեարկելու կարողության վերաբերյալ»,- նշել է միջազգային դիտորդների խումբը։

Բացի ընտրախախտումները հետաքննելը կարևորելուց՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդները համատեղ հայտարարության մեջ նաև ընդգծել են, որ «չեն կարողանա աջակցել Վրաստանի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկին», եթե Վրաստանը չփոխի «իր ներկայիս գործողությունների ուղին և ցույց չտա բարեփոխումների շոշափելի ջանքեր, մասնավորապես՝ չեղյալ հայտարարելով վերջին օրենքները, որ հակասում են եվրոպական արժեքներին և սկզբունքներին»։

Այս ուղերձին նախորդել էր Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու հայտարարությունը, որը (հոկտեմբերի 30-ին, երբ Եվրահանձնաժողովը հայտարարել էր ԵՄ-ին Վրաստանի թեկնածության առկախման մասին) ասել էր, թե «Վրաստանի կառավարության ձեռնարկած գործողությունների պատճառով ԵՄ առաջնորդները կասեցրել են ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, և այն կմնա կասեցված այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը շարունակում է հեռանալ ԵՄ-ից։ 

Ըստ միջազգային դիտորդների խմբի՝ ընտրական վարչարարության օրենքները ոչ միայն չեն բարելավվել խորհրդարանական ընտրություններից առաջ, այլև դարձել են նվազ ներառական։ «Այս օրենքների փոփոխությունը կլիներ այն բարեփոխումներից մեկը, որ ակնկալվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից»,- նշված է հայտարարությունում։

ԵՄ իշխանությունները շարունակում են քննադատել Վրաստանի կառավարության նախընտրական գործողությունները։ Մասնավորապես, քննադատության են արժանանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը, ԼԳԲՏ+ համայնքի դեմ ուղղված օրենսդրությունը և «Վրացական երազանքի» մտադրությունը՝ արգելելու հիմնական ընդդիմադիր խմբերի գործունեությունը։ 

Հոկտեմբերի 30-ին ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ևս լրատվամիջոցներին հայտնել էր, որ ԵՄ-ն Վրաստանին «առաջարկում է վերաներգրավման հստակ ուղի դեպի Եվրամիություն»։

«Օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերացումը, որը խափանիչ ազդեցություն ունի քաղաքացիական հասարակության և լրատվական կազմակերպությունների համար, և այսպես կոչված «ընտանեկան արժեքների» մասին օրենքի վերացումը,- քանի որ խտրականությունը Եվրամիության ընտանիքում արժեք չէ,- Վրաստանի ղեկավարության կողմից կլինեին կոնկրետ հանձնառության առաջին նշանները»։

Ուրբաթ լրատվամիջոցների հետ զրույցում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ավելի կոշտ դիրքորոշում է արտահայտել՝ անչափահասների շրջանում «ԼԳԲՏ քարոզչության» դեմ՝ հայտարարելով, որ անընդունելի է, երբ «եվրոպական առաջնորդները մեզ հավաստիացնում են, թե կինը կին չէ, իսկ տղամարդը՝ տղամարդ չէ»։

Կոբախիձեն քննադատել է նաև ԵՄ որոշ անդամ երկրների՝ գենդերային ինքնության իրավական ճանաչումը թույլատրելու համար՝ դա անվանելով «անառողջ» և տրանսգենդեր մարդկանց համեմատելով կենդանիների հետ։

«Վաղը ես կարող եմ, օրինակ, պատկերացնել ինձ որպես որևէ կենդանի, ուրեմն ինչո՞ւ չպետք է կարողանամ գրանցվել որպես այդպիսին։ Կամ ինչո՞ւ պետք է չչեղարկվի իմ գրանցումը որպես մարդ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում