Քաղաքացիություն ստանալու պահանջը չի փոխվի. նախարարը՝ արցախցիների բնակապահովման ծրագրի մասին

Արցախից բռնի տեղահանված 4040 ընտանիք բնակապահովման պետական աջակցության ծրագրով արդեն ստացել է բնակարանների գնման հավաստագիր, որից 1700-ն արդեն իրացվել է։
Հայաստանի կառավարության ներկայացրած բնակապահովման ծրագրի շրջանակում հավաստագրերի տրամադրման ցածր ցուցանիշները պայմանավորված են Արցախից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի ձգձգմամբ։ Նախարար Արսեն Թորոսյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քաղաքացիություն ստանալու պահանջը մնալու է անփոփոխ, քանի որ նախկինում տրամադրված ՀՀ անձնագրերը եղել են միայն ճամփորդական փաստաթղթեր։
Նախարարի խոսքով՝ Արցախից բռնի տեղահանված հայերի՝ քաղաքացիություն ստանալու ցանկության բացակայությունը հաճախ պայմանավորված է տարբեր շրջանակների կողմից արվող «շահարկումներով» և պարտականություններով, այդ թվում՝ զինվորական ծառայությունից խուսափելու ձգտմամբ։ Նա հավելել է, որ քաղաքացիությունը ենթադրում է ոչ միայն իրավունքներ, այլև հստակ պարտավորություններ պետության հանդեպ։
«Մեր հայրենակիցները, նրանց այն հատվածը, որ դեռ չի ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ՀՀ քաղաքացի չի համարվում։ Այդ անձնագրերը, ըստ էության, եղել են ճամփորդական փաստաթղթեր՝ հատուկ կոդով։ Դա նորություն չէ, դրա մասին բազմիցս խոսվել է»,- պարզաբանել է Թորոսյանը՝ նշելով, որ տեղահանվածների և ՀՀ քաղաքացիների անձնագրերի արտաքին նույնականությունը չի նշանակում իրավական նույն կարգավիճակ։
Անդրադառնալով բնակարանային աջակցության սահմանաչափին՝ նախարարը նշել է, որ սահմանվել են 3, 4 և 5 մլն դրամի փոխհատուցումներ՝ կախված բնակավայրից։
Ըստ գերատեսչության ղեկավարի՝ քաղաքացիները կարող են օգտագործել այդ գումարները կամ ներգրավել հավելյալ վարկային միջոցներ նախընտրելի բնակարանը ձեռք բերելու համար։ Նա տեղեկացրել է նաև հուլիսի 1-ից մեկնարկող ինքնազբաղվածության նոր ծրագրի մասին, որը նպատակ ունի խթանել փոքր բիզնեսի ստեղծումը բնակարանային ծրագրի շահառուների համար։
Իշխանություններն ակնկալում են, որ քաղաքացիության դիմումների թիվը կաճի քաղաքական կայունության և հաստատված խաղաղության պայմաններում։ Թորոսյանը շեշտել է, որ կառավարությունը պատրաստ է վերանայել միայն ծրագրի տեխնիկական և համակարգային խոչընդոտները, սակայն քաղաքացիություն ստանալու սկզբունքային պահանջը երբեք չի փոխվելու։
Տեղադրություն
Թեմա
Civilnet










