Գևորգ Թոսունյան
Երևանի քաղաքացիական դատարանը 2025-ի դեկտեմբերի 22-ին բավարարել է «Տրանսֆորմատորների գործարան Ամպեր» ընկերության հայցն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի։ Դատարանն անվավեր է ճանաչել ՀԷՑ-ի կողմից տրանսֆորմատորների մատակարարման պայմանագիրը միակողմանի լուծելու որոշումը՝ արձանագրելով, որ մատակարարման ուշացումը պայմանավորված է եղել անհաղթահարելի ուժով՝ ռուս-ուկրաինական պատերազմով և դրա հետևանքով ուկրաինական գործարանի ռմբակոծմամբ։
«Ամպեր» ՓԲԸ-ն մալուխային արտադրանքի թողարկմամբ զբաղվող ձեռնարկություն է, որը հիմնադրվել է 2022-ին Տաշիրում։ Ընկերության գործադիր տնօրեն Արա Տոնոյանը, որը ծնունդով նույնպես Տաշիրից է, փոխկապակցված է գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի հետ։ Չի բացառվում, որ ՀԷՑ-ը դիմել է պայմանագրի լուծմանը՝ հենց այս հնարավոր կապը կասկածի տակ դնելու պատճառով։
Գործի նախապատմությունը
Կողմերի միջև վեճն առաջացել էր 2024-ի մարտին կնքված պայմանագրի շուրջ, որով «Ամպեր» գործարանը պարտավորվել էր մատակարարել բարձր լարման ուժային երկու տրանսֆորմատոր՝ ընդհանուր 420 միլիոն դրամ արժողությամբ: Մատակարարման վերջնաժամկետ էր սահմանվել 2025-ի սեպտեմբերի 1-ը: Սակայն նշված ժամկետում ապրանքը չէր մատակարարվել, ինչի հիմքով ՀԷՑ-ը 2025-ի հոկտեմբերի 2-ին ծանուցել էր պայմանագրի միակողմանի լուծման մասին՝ պատճառաբանելով մատակարարման ժամկետների բազմակի խախտումը:
ՀԷՑ-ը պարտավորվել էր վճարել ապրանքների գնի 50 տոկոսը՝ որպես կանխավճար, սակայն պայմանագրի շրջանակներում դրա գնի՝ 420 մլն դրամի 50 տոկոսից (210 մլն դրամ) վճարել էր միայն 100 միլիոնը, այն էլ՝ 2024-ի հունիսին: Դատական վճռում նշվում է, որ նախորդ տարեվերջի դրությամբ մնացած մասը ևս չէր վճարվել։
2025-ի օգոստոսին (այդ ժամանակ արդեն ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ էր նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը) «Ամպեր» գործարանը ծանուցել է ՀԷՑ-ին մատակարարման ժամկետը եռամսյա ժամկետով երկարաձգելու մասին՝ պայմանավորված «անկանխատեսելի և անկանխելի հանգամանքներով»։ Ըստ ընկերության՝ տրանսֆորմատորները նախագծվել են ուկրաինական «Զապորոժտրանսֆորմատոր» ընկերության կոնստրուկտորների մասնակցությամբ, իսկ նշված գործարանի ռմբակոծման հետևանքով մատակարարման ենթակա ապրանքների որոշ բաղադրիչների ներմուծման առնչությամբ առաջացել են դժվարություններ։
ՀԷՑ-ից պատասխան չի ստացվել, և ընկերությունը միակողմանի փոխել է պայմանագրի ժամկետները: Իսկ 2025-ի հոկտեմբերին ՀԷՑ-ը ծանուցել է պայմանագիրը միակողմանի լուծելու մասին՝ պատճառաբանելով մատակարարման ժամկետների բազմիցս խախտումը (սկզբնական ժամկետը եղել է 2024-ի նոյեմբերի 1-ը)։ Ըստ ՀԷՑ-ի՝ գործարանը չի ներկայացրել կանխավճարի հաշիվ, ուստի ընկերությունը վճարման իրավական պարտավորություն չի ունեցել։ ՀԷՑ-ի ներկայացուցիչը դատարանում նաև պարզաբանել է, որ տրանսֆորմատորներն անհրաժեշտ են եղել ներդրումային ծրագրի համար, որի վերջնաժամկետը 2025-ի նոյեմբերն էր, իսկ ուշացումը վտանգում էր աշխատանքները։
«Ամպեր» գործարանը դիմել է դատարան՝ ՀԷՑ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։
Դատարանի եզրահանգումն ու վճիռը
Դատարանը հաստատված է համարել, որ մատակարարման ուշացումը տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի՝ ռուս-ուկրաինական պատերազմի և ուկրաինական գործարանի ռմբակոծման հետևանքով․ «Ընդ որում՝ ռուս-ուկրաինական պատերազմն, ինչպես նաև «Զապորոժտրանսֆորմատոր» ընկերության ռմբակոծումը հանրահայտ փաստեր են, որոնք օրենքով սահմանված կարգով ապացուցման կարիք չունեն»,- նշված է դատարանի վճռում։
Դատարանը նաև գտել է, որ ըստ օրենքի և պայմանագրի՝ նման դեպքում անձն ազատվում է պատասխանատվությունից։
Դատարանը նշել է, որ հայցվորը դրսևորել է բարեխիղճ վարքագիծ՝ նախապես տեղեկացնելով խնդիրների մասին։ Մինչդեռ ՀԷՑ-ը մոտ մեկ ամիս որևէ քայլ չի ձեռնարկել ժամկետի լրանալուց հետո և միայն գործարանի նոր ծանուցումից հետո է որոշել լուծել պայմանագիրը։
Դատարանը եզրահանգել է, որ տրանսֆորմատորների ձեռքբերումը կապված է պետության էներգետիկ անվտանգության հետ։ Պայմանագրի լուծումը և նոր գնման գործընթաց սկսելը կպահանջեր շատ ավելի երկար ժամանակ, քան պատրաստի սարքավորումների ընդունումը։
«Բացի այդ, նոր գնման գործընթաց կազմակերպելը և այդ տրանսֆորմատորները ձեռք բերելը տևելու է շատ ավելի երկար ժամանակ, մինչդեռ հայցվորը դատաքննությամբ հայտնեց, որ տրանսֆորմատորները պատրաստ են ՀԷՑ-ին հանձնման, և հնարավոր չէ վստահաբար պնդել, որ նոր գնման գործընթացը միանշանակ բարեհաջող ընթացք է ունենալու և անհրաժեշտ տրանսֆորմատորները ձեռք են բերվելու ցանկալի սեղմ ժամկետներում»,- նշված է դատարանի եզրահանգման մեջ։
Դատարանի գնահատմամբ՝ սխալ է ՀԷՑ-ի պնդումը, թե գործարանը բազմիցս է խախտել ապրանքի մատակարարման ժամկետները։
Արդյունքում դատարանը 2025-ի դեկտեմբերին վճռել է բավարարել «Տրանսֆորմատորների գործարան Ամպեր» ՓԲԸ-ի հայցը և անվավեր ճանաչել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից 2025-ի հոկտեմբերին կայացրած պայմանագիրը միակողմանի լուծելու որոշումը։ Դատական ծախսերի հարցը համարվել է լուծված։
Civilnet











