Մերձավոր Արևելքի խնդիրներով մասնագիտացած Al Monitor կայքի Թեհրանի թղթակիցը գրում է, որ Իրանում թափ հավաքող բողոքի ճգնաժամը մտել է անորոշ փուլ՝ վարչակարգը երեք ռիսկային սցենարների միջև է՝ սահմանափակ ուժով վերահսկողություն, լայնամասշտաբ ճնշում կամ համակարգային թուլացում։ Թեհրանի արձագանքը կախված է ոչ միայն ներքին հաշվարկներից, այլև ԱՄՆ-ի կոշտ հայտարարություններից ու միջազգային աճող ուշադրությունից, իսկ ուժային կառույցներին դիմակայելու ցուցարարների պատրաստակամությունը կարող է փոխել ողջ դինամիկան՝ զարգացումները դարձնելով էլ ավելի անկանխատեսելի։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։
Fear or force? How regime in Iran plans to confront swelling protests
Ավելի հստակ մարտահրավեր, քան Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ուրբաթ հղած ուղերձը, չէր կարող լինել։ Տարիների ընթացքում վարչակարգի դեմ ցույցերի ամենախոշոր գիշերվանից հետո աջակիցներին դիմելով՝ Խամենեին ցուցարարներին ներկայացրեց որպես «խռովարարների» և «սաբոտաժ իրականացնողների» փոքր խումբ, մեղադրեց նրանց՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «գոհացնելու» փորձի մեջ և հայտարարեց, որ Իսլամական Հանրապետությունը «հետ չի կանգնելու»։
Սակայն Խամենեիի հայտարարության ժամանակացույցն ու տոնայնությունը, ինչը զուգորդվեց հաղորդակցությունների աննախադեպ անջատմամբ և միջազգային վերահսկողության ուժեղացմամբ, առաջ են բերում հիմնարար հարց՝ ինչպես է վարչակարգը պատրաստվում հաղթահարել հերթական փորձությունը, որը ցնցել է նրա հիմքերը։
Ազգային արժույթի փլուզմամբ պայմանավորված անկարգությունները արագ վերածվել են վարչակարգի դեմ համազգային ցույցերի և վերջին երկու շաբաթվա ընթացքում գնալով թափ են հավաքում։
Ցույցերի միայն 12-րդ գիշերը բողոքներ են բռնկվել միաժամանակ խոշոր քաղաքներում՝ Թեհրանում, Մաշհադում, Սպահանում, Շիրազում, Ահվազում, Քերմանշահում և Թավրիզում, ինչպես նաև տասնյակ փոքր քաղաքներում․ նման մասշտաբ չի արձանագրվել 2009-ի «Կանաչ շարժումից» ի վեր, իսկ որոշ չափորոշիչներով այս շարժումն անգամ ավելի լայն է՝ իր տարածվածությամբ և համաժամանակությամբ։
Նորվեգիայում հիմնված «Իրան մարդու իրավունքներ» ՀԿ-ն ուրբաթ 51 զոհ է արձանագրել ցուցարարների շրջանում, իսկ ԱՄՆ-ում գործող Human Rights Activist News Agency-ը (HRANA) հինգշաբթի հայտնել է ավելի քան 2,200 ձերբակալվածի մասին։
Միևնույն ժամանակ նախագահ Թրամփը ուրբաթ օրը կրկնապատկել է իր սպառնալիքները ռեժիմի ղեկավարության հասցեին՝ ասելով. «Ավելի լավ է չսկսեք կրակել, հակառակ դեպքում մենք էլ կսկսենք կրակել»։ Նա հավելել է, որ «Իրանը մեծ խնդիրների մեջ է»՝ մատնանշելով ուրբաթ ուշ ժամերին մի շարք քաղաքների բնակիչների կողմից վերահսկողության հաստատումը։
Ի տարբերություն նախորդ ճգնաժամերի ժամանակ Թրամփի հայտարարությունների՝ վերջին մեկնաբանությունները Թեհրանի հաշվարկների մեջ նոր գործոն են մտցրել։ ԱՄՆ նախագահը հրապարակայնորեն զգուշացրել է, որ եթե անվտանգության ուժերի ձեռքով ցուցարարներ սպանվեն, Իրանը «շատ կոշտ հարված» կստանա։ Նա ակնարկել է, որ վարչակարգը կարող է արդեն մոտ լինել փլուզմանը։
Նույնիսկ եթե ԱՄՆ սպառնալիքները մասամբ հռետորական են, դրանք կարծես քաջալերել են ցուցարարներին և անհանգստացրել Թեհրանի որոշում կայացնողներին։ «Փահլավին մեր թագավորն է, Թրամփը՝ մեր աջակիցը»,- վանկարկում էին ցուցարարները սոցիալական ցանցերում տարածված որոշ տեսանյութերում՝ նկատի ունենալով ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր գործիչ Ռեզա Փահլավիին՝ 1979-ի հեղափոխությամբ տապալված նախկին շահի որդուն։ Թեպետ նախկին միապետության շուրջ տեսակետները տարբեր են, Փահլավիի՝ փողոցային բողոքների կոչը լսելի է եղել հազարավոր իրանցիների համար։
Տես՝ Շահի որդին ակտիվացել է. բայց իրանցիներն ուզո՞ւմ են նոր թագավոր
Սպառնալիքներ և պատմույթի վերահսկում
Նախորդ անկարգությունների ժամանակ ամբոխի վերահսկումը սկզբնական փուլերում սովորաբար իրականացնում էր ոստիկանությունը, իսկ ավելի կոշտ դիրքորոշում ունեցող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) միջամտում էր ավելի ուշ՝ լարվածության աճին զուգահեռ, հաճախ՝ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղիղ զգուշացումներից հետո։
Ուրբաթ ԻՀՊԿ-ն կարծես ստանձնեց առաջատար դեր՝ զգուշացնելով, որ անկարգությունների շարունակման դեպքում «որևէ ներողամտություն» չի լինելու։ Այն նաև մեղադրեց արտաքին ուժերին և նախազգուշացրեց «անվտանգության արտահանման» դեմ։
Իրանի բարձրագույն անվտանգության մարմինները ևս վերջին օրերին խստացրել են տոնը։ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է «սաբոտաժ իրականացնողների» նկատմամբ «առանց ներողամտության» վերաբերմունքի մասին, իսկ Թեհրանի դատախազը խոստացել է խիստ պատիժներ՝ ներառյալ «մոհարեբեհ» (Աստծո դեմ պատերազմ) մեղադրանքը, որը նախորդ անկարգությունների ժամանակ բազմաթիվ ցուցարարների տարել է կախաղան։
Անվտանգային քայլերին զուգահեռ վարչակարգը սահմանափակել է հաղորդակցությունները։ Ինտերնետի մոնիթորինգ իրականացնող խմբերը հայտնել են, որ ազգային կապի հասանելիությունը նվազել է սովորականի մինչև մոտ 1%-ին։ Գրեթե ամբողջական անջատումը, որը դատապարտել է Amnesty International-ը, կրկնում է նախորդ զանգվածային բողոքների և անցած տարվա Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ կիրառված մարտավարությունը։
Այս անգամ, սակայն, միջոցը հասցվել է առավել բարձր մակարդակի․ անջատվել են նաև սովորական բջջային կապերը, իսկ ֆիքսված հեռախոսակապը ենթարկվել է լուրջ խափանումների։
2019-ի անկարգությունների հիշողությունը դեռ թարմ է իրանցիների համար։ Այդ տարվա ամենաերկար անջատումներից մեկի ընթացքում հարյուրավոր մարդիկ սպանվել են կառավարության խնայողական միջոցների դեմ բողոքելիս, իսկ արյունահեղության իրական ծավալները հայտնի են դարձել միայն ինտերնետի վերականգնումից հետո։
Վարչակարգի տեսանկյունից տրամաբանությունը պարզ է՝ խաթարել ցուցարարների համակարգումը, կտրել թափը և մենաշնորհել պատմույթը։ Սակայն անջատումը նաև անհանգստության նշան է։ Իրանը արտաքին աշխարհից մեկուսացնելով՝ իշխանությունները կարող են ուժեղացնել ցուցարարների վախերը, եթե ներսում ընթանան ավելի ծանր իրադարձություններ՝ անհայտ մնալով աշխարհին։
Անկախ լրատվության գրեթե լռեցման պայմաններում պետական հեռուստատեսությունը ակտիվացրել է աշխատանքը՝ անկարգությունները ներկայացնելով որպես «ահաբեկչություն», որը կազմակերպվել է ԱՄՆ-ի, Իսրայելի և աքսորյալ ընդդիմադիր խմբերի կողմից։ Ցուցարարներին պարբերաբար բնութագրում են որպես «իսրայելական աջակցությամբ զինված ահաբեկիչներ»։
Հեռուստադիտողներին ցույց են տրվում այրված մեքենաների և վնասված գույքի պատկերներ, իսկ պաշտոնյաները ընտանիքներին կոչ են անում երեխաներին փողոց դուրս չթողնել։ Տեղեկատվական այս ռազմավարությամբ վարչակարգը փորձում է ներքին լսարանի համար արդարացնել ուժի կիրառումը և միաժամանակ վճռականություն ցուցադրել իր աջակիցների առջև։ Սակայն այն նաև բացահայտում է վարչակարգի երկընտրանքը․ որքան ավելի է Թեհրանը ապավինում արտաքին դավադրության մասին պնդումներին, այնքան ավելի է հեռանում բողոքների իրական պատճառներից։
Թրամփի «կարմիր գծի» անցումը
Թեև վարչակարգի ուժերի հռետորաբանությունը բարձրացրել է խաղադրույքները, լայնամասշտաբ բռնի ճնշումը կարող է անցնել հենց այն «կարմիր գծերը», որոնք Թրամփը հրապարակայնորեն սահմանել է այն պահին, երբ Իրանն արդեն իսկ տարածաշրջանային և տնտեսական ուժեղ ճնշման տակ է։
Թեհրանի համար բողոքը վճռականորեն չճնշելը կարող է քաջալերել ցուցարարներին, որոնք կարծես ավելի պատրաստակամ են դիմակայելու անվտանգության ուժերին և զարգացնելու ներկայիս թափը։ Սակայն ավելի արյունալի արձագանքը կբերի աննախադեպ ռիսկերի՝ խորացող միջազգային մեկուսացում, ընդլայնվող պատժամիջոցներ և նույնիսկ արտաքին միջամտության հնարավորություն, ինչի մասին Իսլամական Հանրապետությունը լավ է պատկերացնում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի վերջերս իրականացված ձերբակալությունը։
Այնուամենայնիվ, ինտերնետի անջատումից հետո սոցիալական ցանցերում ավելի հաճախ է բարձրացվում արտաքին ներգրավման հրատապության հարցը։ Փահլավին ուրբաթ X-ում հրապարակային դիմում է հղել Թրամփին՝ զգուշացնելով, որ Խամենեին «ուզում է այս անջատումը օգտագործել՝ այս երիտասարդ հերոսներին սպանելու համար», և կոչ է արել ԱՄՆ նախագահին «միջամտել՝ Իրանի ժողովրդին օգնելու համար»։
Civilnet











