Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն քննարկում է Իրանում ռազմական գործողությունների հնարավորությունը․ Թրամփ

ԱՄՆ-ն քննարկում է Իրանում ռազմական գործողությունների հնարավորությունը․ Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Իրանում ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը՝ զգուշացնելով, որ Իսլամական Հանրապետությունը «սկսում է» անցնել իր սահմանած կարմիր գիծը՝ երկրով մեկ բողոքի ցույցերի նկատմամբ ուժի կիրառման սաստկացման պայմաններում։

«Մենք դիտարկում ենք շատ կոշտ տարբերակներ»,- ասել է Թրամփը օդանավում՝ կիրակի Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալիս։

Հարցին, թե արդյոք Իրանն արդեն անցե՞լ է կարմիր գիծը, Թրամփը պատասխանել է, որ «թվում է՝ սկսում են անցնել»։ Նա հավելել է, որ «որոշում կկայացնի» և որ «շատ լուրջ ենք ուսումնասիրում [իրավիճակը Իրանում]»։

Թրամփը քանիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է «փրկել» իրանցիներին, եթե իշխանությունները սպանեն ցուցարարներին. շաբաթներ շարունակվող անկարգությունները վերջին տարիներին Իսլամական ռեժիմի համար ամենամեծ ներքին սպառնալիքն են։ Ուրբաթ նա ասել էր, որ Իրանին «շատ ուժգին կհարվածի ամենացավոտ տեղում»։

Թրամփը նշել է, որ Իրանի վերաբերյալ ժամ առ ժամ տեղեկանում է՝ ավելացնելով, որ «թվում է՝ որոշ մարդիկ են սպանվում, որոնք չպետք է սպանվեին» երկրի տարբեր հատվածներում։

Թրամփը հավելել է, որ իր վարչակազմը քննարկում է հինգշաբթի ուժի մեջ մտած համացանցի գրեթե լիակատար անջատումը, և որ Վաշինգտոնը կարող է քայլեր ձեռնարկել «համացանցը գործարկելու» ուղղությամբ, եթե դա հնարավոր լինի։ Նա ասել է, որ կզանգահարի Starlink-ի հիմնադիր Իլոն Մասկին Իրանի հարցը քննարկելու համար։

Մինչ այս պահը ԱՄՆ-ն տարածաշրջան լրացուցիչ զորքեր կամ ավիացիա չի տեղակայել, և տարածաշրջանում չկա նաև ամերիկյան ավիակիր, հայտնել են պաշտոնյաները։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ և ամենաառաջադեմ ավիակիրը՝ USS Gerald R. Ford-ը, նոյեմբերին Միջերկրական ծովից տեղափոխվել է Կարիբյան ավազան՝ Վենեսուելայի վրա կենտրոնանալու նպատակով։

ԱՄՆ Ռազմածովային ինստիտուտի տվյալների համաձայն՝ հունվարի 5-ին Պարսից ծոցում եղել է ԱՄՆ-ի վեց ռազմական նավ, այդ թվում՝ երեք կառավարվող հրթիռներով էսկադրային ականակիր։

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում ունի 40,000-ից քիչ զինծառայող և ռազմական անձնակազմ։ Այն ունի ութ մշտական բազա Բահրեյնում, Քուվեյթում, Կատարում և Արաբական Միացյալ Էմիրություններում, ինչպես նաև հասանելիություն ևս 11 ռազմական օբյեկտների, այդ թվում՝ Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում, Օմանում, Սաուդյան Արաբիայում և Սիրիայում։

ԱՄՆ-ի ամենախոշոր բազան Կատարում Ալ Ուդեյդ ավիաբազան է, որտեղ տեղակայված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տարածաշրջանային շտաբը, որը պատասխանատու է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների համար։ Հունիսին Թեհրանը հրթիռներ էր արձակել Ալ Ուդեյդ բազայի ուղղությամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իրանի հիմնական միջուկային օբյեկտների ռմբակոծման։

Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը կիրակի հայտարարել է, որ Թրամփը Իրանի վերաբերյալ «օրեր շարունակ քննարկում է բազմաթիվ տարբերակներ», և որ երեքշաբթի նախատեսված է հանդիպում ավագ խորհրդականների հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում