Գլխավոր Լրահոս

Փարաքարի նախկին ղեկավարի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է երկու անձի մասով

Փարաքարի նախկին ղեկավարի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է երկու անձի մասով

Ավարտվել է 2025-ի սեպտեմբերի 24-ին Մերձավանում Փարաքար համայնքի նախկին ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի և ոստիկանության աշխատակցի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ երկու անձի մասով։ Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Գործի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գևորգ Հարությունյանի և Նարեկ Օհանյանի նկատմամբ։ Գևորգ Հարությունյանը մեղադրվում է երկու անձի սպանության, սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության համար։ Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն ու սպանության փորձին օժանդակելու համար։

Երկու մեղադրյալներն էլ կալանավորված են։ Նրանց վերաբերյալ վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Քրեական վարույթի նախաքննությունը մյուս մասերով շարունակվում է։

***

Համայնքում պայթյունավտանգ լարվածությունը սկիզբ էր առել 2025-ի փետրվարին, երբ զինված բախում էր տեղի ունեցել ՔՊ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ։ Բախման հետևանքով, հենց իր ծննդյան օրը, սպանվել էր նրա ազգականը՝ Գրիգոր Օհանյանը, որը մահացել էր իր եղբոր՝ Նարեկ Օհանյանի ձեռքերում։ Այդ գործով մեղադրյալների թվում է նաև սեպտեմբերի 23-ին սպանված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը։

Վոլոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվում է 20-ամյա Գևորգ Հարությունյանը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ երիտասարդը խոստովանել է, որ ինքն է սպանել Գրիգորյանին՝ վրեժխնդիր լինելով Գրիգոր Օհանյանի մահվան համար։ Հոկտեմբերի 6-ին մեղադրյալի մասնակցությամբ Մերձավանի գերեզմանատանը քննչական գործողություններ են իրականացվել․ նա ցույց է տվել այն վայրը, որտեղ սովորել է կրակել։

Իր հերթին, Նարեկ Օհանյանը հերքում է իր մասնակցությունը Վոլոդյա Գրիգորյանի սպանությանը՝ պնդելով, որ ունի ապացույցներ, թե դեպքի պահին տանն է եղել։ Քննչական կոմիտեի ղեկավարն էլ ավելի վաղ ասել էր, որ սպանությունից մեկ ժամ առաջ Նարեկ Օհանյանն իրեն պատկանող շինության տարածքում կրակ է վառել այն տարայի մեջ, որտեղ հետագայում հայտնաբերվել են ենթադրյալ մարդասպանի հագուստն ու այլ իրեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում