Ադամ Կադիրովը սպառնում է առևանգել Զելենսկուն

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամ Կադիրովը, կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ ուղղված Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն: Նա խոստացել է, որ հոր կամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանի դեպքում «կգտնի և կբերի» նրան Գրոզնի։
Հայտարարությունը հետևել է Զելենսկու՝ հունվարի 7-ին արված մեկնաբանություններին, երբ նա, անդրադառնալով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ԱՄՆ գործողություններին, կոչ էր արել նման քայլեր ձեռնարկել նաև Ռամզան Կադիրովի նկատմամբ։ Զելենսկին նշել էր, որ ԱՄՆ-ն պետք է «Ռամզան Կադիրովի նկատմամբ կիրառի այնպիսի քայլեր, ինչպիսիք Մադուրոյի դեպքում և այդպես Ռուսաստանի վրա ճնշում գործադրել»։
Ի պատասխան՝ Ադամ Կադիրովը իր անձնական Instagram-ի էջում գրել է, որ Զելենսկու խոսքերը չի ընկալում որպես կատակ, այլ համարում է վիրավորանք։ Նա ընդգծել է, որ համապատասխան հրամանի դեպքում պատրաստ է Զելենսկուն գտնել «աշխարհի ցանկացած կետում»։ Նրա խոսքով՝ դա չի ենթադրի հրապարակային գործողություններ, այլ անմիջական քայլեր։ Նա նաև պնդել է, որ Զելենսկուն կբերեն Գրոզնի «ոչ թե որպես նախագահ, այլ որպես ռազմական հանցագործ»։
18-ամյա Ադամ Կադիրովը Ռամզան Կադիրովի երրորդ որդին է և ներկայում զբաղեցնում է Չեչնիայի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Իր հրապարակման մեջ Ադամ Կադիրովը նշել է, որ Զելենսկու հայտարարությունները «Չեչնիայում չեն մոռացվել և չեն ներվել», և որ ինքը դրանք դիտարկում է որպես անձնական վիրավորանք։
«Ուկրաինայի այսպես կոչված «նախագահը»՝ Կիևի թմրամոլը, որը լիովին կորցրել է կապը իրականության հետ, կրկին ինչ-որ բան է մրթմրթում իմ հոր՝ Ռամզան Ախմատովիչ Կադիրովի մասին։ Անհույս վիճակում այս ծաղրածուն իր տերերին խնդրում է «Ռամզան Կադիրովին հասցնել Ամերիկա»։ Սա արդեն լիակատար բարոյական և քաղաքական անկման ախտորոշում է մի մարդու համար, ով զինվորի դեր է խաղացել և այժմ իրեն պատկերացնում է ով ասես»,- գրել է նա։
Նա սպառնացել է Զելենսկուն՝ պնդելով, որ Ուկրաինայի նախագահը «կլացի ու կաղաղակի, կկերպարանա ներողություն խնդրող և կխնդրի ներել իրեն»։
«Դու արյունով պղծված ծաղրածու ես։ Դու դատարկություն ես, որի խոսքերը նույնիսկ մեկ կրակոցի արժեք չունեն։ Դու կործանել ես քո երկիրը՝ հանուն էժան պաթոսի և Արևմուտքի գովեստների։ Բայց քո ժամանակը շուտով կավարտվի։ Եվ երբ դա տեղի ունենա, կհիշես այսօրվա «սուր կատակները» և կզղջաս քո ասած ամեն մի խոսքի համար։ Պատրաստվիր, դերասան։ Քո ներկայացման եզրափակիչը մենք ենք գրելու։ Եվ դա հաստատ կատակերգություն չի լինելու»,- գրել է Ադամ Կադիրովը։
Ավելի վաղ Ռամզան Կադիրովն ինքն էր կոշտ արձագանքել Զելենսկու հայտարարություններին՝ դրանք որակելով «նվաստացուցիչ»։ Նա նաև նշել էր, որ իր կարծիքով դրանք վկայում են հնարավոր բանակցությունները խափանելու փորձի մասին։ Կադիրովի խոսքով՝ նման հռետորաբանությունը ընդգծում է ուկրաինական ղեկավարության թույլ դիրքերը։
Այս փոխադարձ հայտարարությունները դարձել են Ուկրաինայի և Չեչնիայի պաշտոնյաների միջև շարունակվող հրապարակային հռետորական դիմակայության մի մասը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող լայնածավալ պատերազմի ֆոնին։ Ավելի վաղ Չեչնիայի իշխանությունների ներկայացուցիչներն ու Ռամզան Կադիրովին ենթակա ստորաբաժանումները բազմիցս հայտնվել են պաշտոնական հայտարարություններում և քարոզչական հռետորաբանության մեջ՝ կապված մարտական գործողությունների հետ։
Civilnet










