Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, հունվարի 13-ին Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից։
Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո:
Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջին 2021-ին Հայաստանում ցմահ ազատազրկման էին դատապարտվել։ Նրանք մեղադրվում են միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, վարձկանության հոդվածներով:
***
2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ սիրիացի վարձկաններն անարգել Ադրբեջան են տեղափոխվել Թուրքիայի տարածքով, սահմանային անցակետը հատել են առանց որևէ փաստաթղթի։ Իսկ մինչ նրանց տեղափոխումը՝ հունիսից մինչև սեպտեմբեր Սիրիայում ռազմական պատրաստվածության դասընթացների են մասնակցել։
Իրավապահների փոխանցմամբ՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար վարձկաններին առաջարկվել է 2 հազար դոլար։ Հրապարակային կոչեր են հնչել, այն է՝ չխնայել որևէ անձի կյանք, բոլոր հայերին գլխատել, սպանել, ավելին՝ նրանց նաև ամեն հայի համար 100 դոլար գլխագին էին խոստացել։
Civilnet











