Գլխավոր Լրահոս

ԱՄՆ ներգաղթային վիզաների դադարեցում․ հիմնական դրույթները

ԱՄՆ ներգաղթային վիզաների դադարեցում․ հիմնական դրույթները

ԱՄՆ Պետդեպարտամենտը 2026-ի հունվարի 14-ին հայտնեց, որ ժամանակավորապես դադարեցնում է ներգաղթային մուտքի արտոնագրերի (վիզա) տրամադրումը 75 երկրի քաղաքացիների համար, այդ թվում՝ Հայաստանի։

«Այս սահմանափակումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ-ն վստահ լինի, որ նոր ներգաղթյալները չեն խլի ամերիկացի ժողովրդի հարստությունը»,- ասվում է Պետդեպարտամենտի X-ի էջի գրառման մեջ։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս որոշումն ու առանձնացրել հիմնական դրույթները։

Զբոսաշրջային մուտքի արտոնագրեր չե՞ն տրամադրվելու

ԱՄՆ-ն տրամադրում է երկու տեսակի մուտքի արտոնագրեր՝ ներգաղթային և ոչ ներգաղթային։ Ներգաղթային մուտքի արտոնագրերը նախատեսված են օտարերկրյա այն քաղաքացիների համար, որոնք մտադիր են մշտապես բնակվել ԱՄՆ-ում։ Իսկ ոչ ներգաղթային մուտքի արտոնագրերը տրամադրվում են այն անձանց, որոնք ցանկանում են ժամանակավորապես մուտք գործել Միացյալ Նահանգներ՝ զբոսաշրջության, բուժման, ժամանակավոր աշխատանքի և այլ նպատակներով։

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում առանձին նշվում է, որ ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրման ժամանակավոր դադարեցումը չի վերաբերում զբոսաշրջային նպատակներով տրվող արտոնագրերին։

Էկրանապատկերը՝ travel.state.gov-ից

Ո՞ր դեպքերում է տրամադրվում ներգաղթային մուտքի արտոնագիր

Միացյալ Նահանգներում բնակվելու ցանկություն ունեցող օտարերկրացիներին տրամադրվում են ներգաղթային արտոնագրեր՝ ընտանիքների միավորման, որդեգրման, աշխատանքի համար կամ բազմազանության (green card) ծրագրերի դեպքում։ Բազմազանության ծրագիրը, սակայն, դադարեցվել էր դեռևս 2025-ի դեկտեմբերին։

Էկրանապատկերը՝  travel.state.gov-ից

Ըստ Պետդեպարտամենտի՝ ներգաղթային արտոնագրերի տրամադրումը դադարեցվել է պետական նպաստներից օգտվելու բարձր ռիսկ ունեցող երկներից դիմորդների համար, որոնք հետագայում բեռ են դառնում պետության համար։ 

Պետդեպարտամենտի կայքում նշվում է, որ որոշումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք արդեն ստացել են ներգաղթային արտոնագիր։ Իսկ նոր սահմանափակումն ուժի մեջ է մտնելու 2026-ի հունվարի 21-ից և գործելու է անորոշ ժամանակով։ Պետդեպարտամենտը չի դադարեցրել արդեն ամրագրված հանդիպումները, սակայն նշվում է, որ ժամանակավոր դադարի ընթացքում նոր ներգաղթային արտոնագրեր չեն տրամադրվելու։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում