Գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է կալանքի՝ երկու ամիս ժամկետով։ Այս մասին հայտնում են Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից։
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն այսօր բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով»,- հայտնում են Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից։
Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025-ի հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով, 4 մլրդ դրամ գրավով, և այլ սահմանափակումներով:
Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանի կալանքի պահանջով հունվարի 5-ին մուտքագրվել էր վերաքննիչ բողոք: Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և փաստաբանների բողոքը որոշման հրապարակման օր է սահմանվել հունվարի 16-ը: Վարդևանյանը նաև նշել էր, որ միաժամանակ քննչական մարմինը ներկայացրել է տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդությամբ չեն կարող հանդես գալ), որով նիստը նշանակվել է հունվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանում` 16:00-ին:
Սամվել Կարապետյանին հունիսին կալանավորեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։
Civilnet











