Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատարանի որոշմամբ կվերականգնվի Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի կայացումը: Այս մասին հայտնում են ՍիվիլՆեթի աղբյուրները։
Տեղեկությունը նաև Գևորգ եպիսկոպոս Սարոյանն է հայտնել «Լուրեր»-ին։
Հունվարի 16-ին հայտնի դարձավ, որ Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել Մայր Աթոռին։ Հայց մակագրվել է Արմավիրի մարզի դատավոր Էդգար Հովհաննիսյանին, որը նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։
Հայցվորը Մայր Աթոռից պահանջում է անվավեր ճանաչել Կաթողիկոսի որոշումը և իրեն վերականգնել Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
․․․
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրամանով Մասսյացոտնի թեմի առաջնորդը ազատվել էր պաշտոնից հունվարի 10-ին։ «Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները»,- նշված էր Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը այն 10 եպիսկոպոսներից է, որոնք պահանջում են Կաթողիկոսի հրաժարականը, հանդիպումներ ունենում Նիկոլ Փաշինյանի հետ և պարբերաբար հայտարարություններով հանդես գալիս Կաթողիկոսի դեմ։
Civilnet











