Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվել է, կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Շուրջ 14 ժամ տևած դատական նիստի արդյունքում դատավոր Դոլմազյանն արձանագրեց, որ կալանքը որպես խափանման միջոց չի կարող պահպանվել»,- նշել է Վարդևանյանը։
Փաստաբանի խոսքով՝ դատարանը վերացրել է նաև հրապարակային հայտարարություններ և կոչեր անելու նախկինում գործող սահմանափակումը՝ հղում անելով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիրքորոշմանը։
Հունվարի 16-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել էր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով: Սրան զուգահեռ քննչական մարմինը ներկայացրել էր տնային կալանքի երկարաձգման միջնորդություն, որով նիստը նշանակվել է հունվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանում: Փաստաբան Արամ Վարդևանյանն անդրադառնալով կալանքի որոշմանը հայտնել էր, որ հունվարի 13-ից հետո այլևս գոյություն չունի իրավական կառուցակարգ տնային կալանքից առավել խիստ խափանման միջոց կիրառելու համար։
Փաստաբան Վարդևանյանը հայտնել է, որ հունվարի 16-ին Սամվել Կարապետյանը հիվանդանոցում ստանում էր ստացիոնար բուժում և երակային ներարկում: Նույն օրը Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր նրա տնային կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ դատական նիստը: Այդ ընթացքում, ըստ Վարդևանյանի՝ ոստիկանության ավելի քան տասը ծառայողներ ներկայացել են բժշկական հաստատություն Կարապետյանին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակով։
Ըստ պաշտպանի՝ տեղափոխման հիմք է հանդիսացել քննիչի գրությունը, որով պահանջվել է անհապաղ իրականացնել գործողությունը՝ անկախ բուժման ընթացքից։
«Այդ պահին Սամվել Կարապետյանը պարզապես տեսնելով այդ ամենը՝ արձագանքեց, ասելով՝ գնացինք»,- ներկայացրել է Վարդևանյանը:
***
Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025-ի հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով, 4 մլրդ դրամ գրավով, և այլ սահմանափակումներով: Կարապետյանը կալանավորվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։
Civilnet











