Գլխավոր Լրահոս

Բաքվի դատավարությունները «ցուցադրական պատիժ» են. իրավապաշտպան

Բաքվի դատավարությունները «ցուցադրական պատիժ» են. իրավապաշտպան

Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ընթացող դատավարությունները զուրկ են իրավական հիմքերից, նպատակ ունեն ապալեգիտիմացնել Արցախի սուբյեկտայնությունը, իսկ Ռուբեն Վարդանյանի մասով, որի գործն առանձնացված է մյուսներից, նկատվում են անհասկանալի ձգձգումներ։ Այս մասին հունվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2025-ի հունվարի 17-ին, Բաքվում մեկնարկեցին հայ գերիների և Արցախի նախկին ղեկավարների դատավարությունները։ Ըստ Սահակյանի՝ թեև Ադրբեջանը փորձել է գործընթացը ներկայացնել որպես «նյուրնբերգյան դատավարությունների» կրկնօրինակ, իրականում, նրա խոսքով, տեղի է ունեցել միջազգային նորմերի կոպիտ խախտում։

Սահակյանը հիշեցրեց, որ դեռևս 2025-ի հունվարին` դատավարությունների մեկնարկին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ գործընթացը որակելով «ֆարս»։

«Նախաքննության փուլում ստորագրված արձանագրությունները կեղծ են, իսկ այն փաստաբաններն ու թարգմանիչները, ովքեր ստորագրել են դրանք, գործել են պարտադրանքի ներքո: Ինքնախոստովանական ցուցմունքներ չեն տրվել»,- շարունակեց իրավապաշտպանը։

Նա ուշադրություն հրավիրեց գործերի արհեստական տարանջատման վրա։ Սկզբնական փուլում քննվող մեկ միասնական գործը հետագայում բաժանվել է երկու մասի՝ Ռուբեն Վարդանյանի առանձնացված գործը և, այսպես կոչված, «15-ի դատավարությունը», որում ներգրավված են Արցախի յոթ ռազմաքաղաքական ղեկավարները և 2023-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ գերեվարված ութ անձինք։

«Իրավական տեսանկյունից գործի անջատման հիմքեր չկան, քանի որ վերագրվող արարքները և ապացույցները նույնական են։ Մենք այստեղ տեսնում ենք անձով պայմանավորված, ոչ իրավական տարանջատում», - ընդգծեց Սահակյանը։

Չնայած Ադրբեջանի իշխանությունների՝ դատավարությունները «բաց և թափանցիկ» ներկայացնելու փորձերին, Սահակյանի պնդմամբ, դրանք ամբողջությամբ փակ են եղել անկախ դիտորդների, միջազգային լրատվամիջոցների և դիվանագիտական ներկայացուցչությունների համար։ Տեղեկատվությունը վերահսկել և տարածել է բացառապես ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը։

«Շուրջ մեկ տարի ընթացող և 150-ից ավելի դատական նիստերի ընթացքում մենք չտեսանք կոնկրետ փաստեր կամ ապացույցներ։ Հիմնական մեղադրանքները քաղաքական թեզերի վերարտադրում էին», - ասաց Սահակյանը՝ հավելելով, որ դատավարության բուն նպատակն Արցախ քաղաքական միավորի ապալեգիտիմացումն է և ցուցադրական պատիժը «բոլոր այն հայերի նկատմամբ, որոնք ի նպաստ Արցախի գործունեություն էին իրականացրել»:

Ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև միջազգային հանրության արձագանքին։ Սահակյանը կարևորեց Amnesty International-ի կոչերը՝ արդար դատաքննության ապահովման վերաբերյալ, ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հայտարարությունը՝ հայ գերիներին անվերապահ ազատ արձակելու մասին։

Հատուկ շեշտադրվեց 2025 թվականի մարտին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը։ «Այն պարունակում էր խիստ դիպուկ գնահատականներ՝ խոսելով էթնիկ զտումների, ապօրինի դատավարությունների և անմարդկային վերաբերմունքի մասին՝ պահանջելով գերիների անհապաղ ազատ արձակում», - եզրափակեց Սահակյանը։

Անդրադառնալով պահման պայմաններին՝ Սահակյանը հրապարակված կադրերը որակեց որպես քարոզչական հնարք։ Ըստ նրա՝ ցուցադրվող հատուկ կահավորված սենյակները նպատակ ունեն ներքին լսարանի մոտ պատրանք ստեղծել, թե Բաքուն հետևում է մարդասիրական նորմերին։ Մինչդեռ իրական պատկերն այլ է. գերիների մեկուսացումը խորացել է, իսկ ընտանիքների հետ կապը՝ խիստ սահմանափակվել։ Հարազատների փոխանցմամբ՝ նկատելիորեն կրճատվել է թույլատրելի հեռախոսազանգերի հաճախականությունը։

Իրավապաշտպանը հայտնեց նաև Կարմիր խաչի կամ պաշտոնական խողովակներով տեղեկատվության փոխանակման ուշացումների մասին։ Հայկական կողմը գերիների վերաբերյալ թարմացված տվյալներ ստացել է միայն հունվարի 12-ին, մինչդեռ Ադրբեջանը պարտավոր էր այդ տեղեկատվությունը տրամադրել դեռևս նոյեմբերի սկզբին։

Ինչ վերաբերում է դատավարության ավարտին, ակնկալվում է, որ հիմնական «դատավճիռը» կհրապարակվի մինչև հունվարի վերջ։ Սակայն Ռուբեն Վարդանյանի մասով գործընթացում, իրավապաշտպանի կարծիքով, նկատվում են անհասկանալի ձգձգումներ, որոնց իրական դրդապատճառները դեռևս պարզ չեն։

Հունվարի 14-ին Ադրբեջանը Հակարիի կամրջով հայկական կողմին է փոխանցել Բաքվում պահվող չորս հայ գերիների՝ Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Նշենք, որ մինչ վերադարձը, վերջիններս Ադրբեջանում դատապարտվել էին 15-ից 20 տարվա ազատազրկման՝ տարբեր մեղադրանքներով, որոնք անկախ իրավապաշտպանների գնահատմամբ շինծու են։

Այս պահի դրությամբ, ըստ ադրբեջանական կողմի ներկայացրած պաշտոնական տվյալների, Բաքվում շարունակում է պահվել 19 հայ գերի, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Սակայն, ի հակադրություն պաշտոնական թվերի, իրավապաշտպաններն ահազանգում են, որ Ադրբեջանում կարող են գտնվել ևս մինչև 80 բռնի անհետացած հայեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում