Եպիսկոպոսաց ժողովին հրավիրված են բոլոր եպիսկոպոսները, այդ թվում՝ «բարենորոգման ծրագրին» միացածները։ ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան՝ հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով։ Ժողովն ի սկզբանե նախատեսված էր 2025 թվականի դեկտեմբերի 10-12-ը, սակայն Մայր Աթոռը հայտարարել էր դրա հետաձգման մասին։ Որոշման հիմքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Հայաստանում տիրող իրավիճակն էր, մասնավորապես՝ եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներն ու կալանավորումները»։
Թե ինչ հարցեր են դրված ժողովի օրակարգում, Մայր Աթոռից դեռ չեն մեկնաբանում։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 1-ին, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել էր, որ Գարեգին Երկրորդի տնօրինությամբ և Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերյան քննարկումների արդյունքում հրավիրվող ժողովի օրակարգում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումներն ու ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերն են։
...
Հայաստանի իշխանությունների և եկեղեցականների միջև հարաբերությունները սրվել են 2025 թվականի կեսերից։ Իշխանությունների վարած քաղաքականությանը դեմ արտահայտվող մի քանի եկեղեցականներ տարբեր մեղադրանքներով կալանավորվել են, իսկ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է ազատազրկման։ Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տասը եպիսկոպոսներ «Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ» հայտարարություն ստորագրեցին՝ նշելով, թե հոգևորականների հետ ձևավորում են համակարգող խորհուրդ, որին վերապահում են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։
Civilnet











