Հայկ Խանումյան
2024թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, բռնի տեղահանումից մեկ տարի անց, Արցախի տեղական առաջնորդներին միավորող «Խաչեն» արցախցիների աջակցության միությունը, Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրի շրջանակում և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մասնակցությամբ, կազմակերպեց Արցախի 100-ից ավելի տեղական առաջնորդների՝ շրջանների ղեկավարների, համայնքապետերի հանդիպում-քննարկումներ՝ հասկանալու բռնատեղահանվածներին հուզող խնդիրները, ժողովելու առաջարկություններ՝ դրանք զեկույցի վերածելու և ՀՀ կառավարությանն ու պոտենցիալ դոնորներին ներկայացնելու համար։ Նշված շրջանակը նպատակային էր ընտրվել․ Արցախի համայնքները փոքր էին, գյուղական համայնքները բաղկացած էին լավագույն դեպքում մի քանի հարյուր տնտեսությունից, և համայնքապետերը սովորաբար շփման մեջ էին իրենց համագյուղացիների հետ, տեղյակ էին բռնատեղահանությունից հետո նրանց գործունեությանը։ Քննարկումները ցույց տվեցին, որ բնակապահովման հարցից հետո գլխավոր խնդիրը զբաղվածության և տնտեսական գործունեություն սկսելու համար փոխառու միջոցների անհասանելի լինելու խնդիրներն են։
Սույն հոդվածի հիմքում դրված են վերոնշյալ քննարկման նյութերը, ինչպես նաև դրանից հետո կառավարության կողմից զբաղվածության ուղղությամբ կատարված ծրագրերի ուսումնասիրությունը։
Այսպես, 2023 թ․ վերջին եռամսյակում, Արցախի հայաթափումից հետո, Հայաստանում փախստական դարձած բնակիչների զբաղվածության հարցերը լուծելու առումով ավելի ակտիվ էին կրթության և առողջապահության գերատեսչությունները։ Կրթության նախարարության ծրագրերի շնորհիվ, որոնք նախատեսում են նաև աշխատավարձի 30 տոկոսի չափով հավելավճար, ավելի քան 500 ուսուցիչ աշխատանք է գտել հանրակրթության ոլորտում։ Առողջապահության նախարարությունն էլ անմիջապես սկսեց արցախցի բուժաշխատողների վերապատրաստման և կրեդիտավորման գործընթաց (վերջին բաղադրիչն Արցախում չկար, իսկ Հայաստանում պարտադիր էր), ինչի արդյունքում մեկ տարի անց արդեն 219 արցախցի բուժաշխատող աշխատում էր բժշկական հաստատություններում։
Պաշտպանության նախարարությունը ևս փորձեց հավաքագրել Պաշտպանության բանակի նախկին զինծառայողներին, սակայն այդ գործընթացը տեղի ունեցավ որոշակի արհեստական խոչընդոտով, ինչպիսին է ՀՀ քաղաքացիության պահանջը։ Թեև նախկինում ՊԲ զինծառայողները որևէ խոչընդոտ չունեին արցախյան անձնագրով (որը նույն ՀՀ քաղաքացու անձնագիրն էր՝ 070 հաշվառման կոդով) ՀՀ ԶՈւ-ում ծառայելու, ռոտացիայի ենթարկվելու համար, սակայն 2023թ․ հոկտեմբերից նրանց համար մտցվեց ՀՀ նոր անձնագիր ստանալու պահանջ՝ լրացուցիչ բյուրոկրատական քաշքուկներ առաջացնելով զինծառայողների համար։ Ռազմական փորձագետների գնահատականով, Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողների մոտ 12 տոկոսն է այժմ ծառայում ՀՀ զինված ուժերում, որը գնահատվում է մինչև 1500 մարդ։ Պետք է նկատել, որ այս թիվը ենթարկվում է մեծ հոսունության․ ՊԲ նախկին զինծառայողների հետ զրույցները վկայում են, որ ՀՀ զինված ուժերում կարգապահության մակարդակը զգալիորեն ցածր է, քան Պաշտպանության բանակում էր, ինչը շատ զինծառայողների ստիպում է զինվորական թոշակի տարիքին հասնելուն պես զորացրվել։ Սա լուրջ խնդիր է, քանզի զինվորական տարիքի կարելի է հասնել նույնիսկ մինչև 40 տարեկանը, և այդ տարիքում դեռևս մեծ ներուժ կա պաշտպանությանը նպաստելու համար։
2025թ․ ապրիլի դրությամբ շուրջ 25․000 Արցախից բռնի տեղահանված անձ էր աշխատանք գտել Հայաստանում։ Արդյո՞ք այս թիվը մեծ թիվ է։ Հարցին պատասխանելու համար կարևոր է հասկանալ Արցախի աշխատանքային ռեսուրսները, այսինքն՝ աշխատելու ընդունակ բնակչության թիվը, որը մինչպատերազմյան 2019թ․ կազմում էր 105․600 մարդ, որից տնտեսապես ակտիվ բնակչությունը մոտ 72 հազար էր։ Ելնելով այս թվից, կարող ենք ասել, որ Արցախի տնտեսական ակտիվ բնակչության մոտ 35 տոկոսն է այսօր զբաղված։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել էր զբաղվածության ծրագիր, որը ենթադրում է մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։ Այն պարունակում էր եռամսյա վերապատրաստման վարձի փոխհատուցում և եռամսյա կրթաթոշակ, ինչպես նաև շահառուին աշխատանքի վերցրած գործատուին հարկերի և այլ վճարների չափով փոխհատուցում որոշակի ժամկետով։ 2025թ․ այս ծրագրի շահառու էր դարձել շուրջ 7 հարյուրյակ անձ, սակայն հստակ չէ, թե ծրագրի ֆինանսավորման ժամկետից հետո քանիսն են շարունակում աշխատել, դիտարկումները ցույց են տալիս, որ այս ծրագրով գործառու դարձած անձանց հոսունությունը մեծ է։ (1)
2025թ․ դեկտեմբերի 25-ին կառավարությունն ընդունեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը, որն ուղղված էր շահառուների տնտեսական կայունացմանը՝ ձեռնարկատիրական գործունեության խթանման միջոցով։ Թեև ծրագիրը կտարածվի սահմանափակ թվով անձանց վրա (կառավարության գնահատականով՝ 200 շահառու, տողերիս հեղինակի կարծիքով՝ շատ ավելի քիչ), քանզի շահառուներ են համարվելու միայն բնակարանների գնման հավաստագիր ստացած և առնվազն վերջին երեք ամսում գործազուրկ անձինք, որոնք պետք է անցնեն համեմատաբար երկար դասընթաց, որից հետո կարող են մասնակի ստանալ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար մինչև 2 միլիոն դրամ դրամաշնորհը։ Այնուամենայնիվ, բռնի տեղահանված բնակչության համար հատուկ ծրագիր անելը, որը կխթանի ձեռնարկատիրությունը, ողջունելի նախաձեռնություն է։ (2)
Փախստական դարձածների համար սեփական գործ սկսելու հիմնական խոչընդոտ է դիտվում փոխառու միջոցներ գտնելը։ Բանկերը սովորաբար խուսափում են գրավի առարկա չունեցող անձանց բիզնես ծրագրերը վարկավորել։ Վերջին երկու տարիների ընթացքում, իհարկե, ոչ կառավարական կազմակերպությունների և տարբեր հիմնադրամների կողմից իրականացվել են ծրագրեր, որոնք պարունակում էին թե՛ ուսուցման, թե՛ փոքր միջոցների կամ աշխատանքային գործիքների տրամադրման բաղադրիչներ, սակայն ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, զբաղված և ինքնազբաղ փախստականների թիվը մնում է մտահոգիչ։ Վիճակն ավելի բարդ է Երևանից դուրս, հատկապես ամենաաղքատ մարզերում, որտեղ աշխատատեղերի քրոնիկ պակաս կա, և հազվագյուտ աշխատատեղը արցախցու կողմից լրացվելու դեպքում կարող են առաջանալ այլ խնդիրներ ևս։
Լուծումներ
Հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանի աշխատաշուկայի բնականոն աճից բացի հարկ կլինի ստեղծել 25 հազարից ավելի աշխատատեղ՝ փախստականների շրջանում առկա գործազրկությունը մեղմելու համար։ Սովորաբար նման դեպքերում չպետք է հույս դնել գործընթացների բնականոն ընթացքի վրա և պետք է կատարել աշխատաշուկայի ակտիվ միջամտություն, մասնավորապես՝ մարզերում խոշոր ներդրումային ծրագրերի և տեղական բիզնեսի խթանման ծրագրերի տեսքով։ Սա կարևոր է ոչ միայն փախստականների գործազրկության հարցը լուծելու, այլև աղքատության բարձր մակարդակ ունեցող մարզերում տնտեսական վիճակի բարելավման տեսանկյունից։
Հայաստանի կառավարությունը պետք է ակտիվ աշխատի բարեկամ երկրների կառավարությունների հետ՝ արցախցիների խնդիրները լուծելու հարցում ներգրավելով նաև նրանց։ Բացի ուղղակի ֆինանսական հատկացումներից կարելի է հասնել նաև որոշ կարևոր գործընկերների հետ, ինչպիսին Եվրամիությունն է, ԱՄՆ-ն կամ Կանադան, առևտրային նախապատվությունների կորզման։ Դա թույլ կտա Հայաստանի գյուղատնտեսության, վերամշակված սննդամթերքի և տեքստիլի ոլորտներում բիզնեսներին խրախուսում՝ կայուն զբաղվածություն ապահովելու համար։ Ի դեպ, հաշվի առնելով Թուրքիայի կողմից մեծաքանակ սիրիացի փախստականներ ընդունելը, դեռևս 2019թ․ ՄԱԿ Զարգացման ծրագրի պատասխանատուներն էին առաջ քաշել Թուրքիայի համար նման արտոնությունների մասին համաձայնագրի գաղափարը։ Ըստ դրա, նման քաղաքականությունը կնպաստեր թուրքական արտահանման ընդլայնմանը 2025թ․ 7,8 միլիարդ դոլարով, ուղղակիորեն և անուղղակիորեն կստեղծվեր ավելի քան 330 հազար աշխատատեղ։
Փախստականների խնդիրները թեթևացնելու նպատակով թե՛ աշխատաշուկայի ակտիվ միջամտությունը, թե՛ օտարերկրյա դոնորներ ներգրավելը կամ առևտրային նախապատվությունների շուրջ բանակցելը պահանջում են ավելի մեծ քաղաքական կամք և ավելի լուրջ կարողություններ, քան այսօր ունի ՀՀ կառավարությունը։
Հատուկ ծրագրեր պետք է իրականացվեն պահեստազորում հայտնված զինծառայողների համար։ Սա պատերազմով անցած, պարտված և հոգեբանական խնդիրների առջև կանգնած, գիտակցական կյանքի մեծ մասը հատուկ պայմաններում անցկացրած մարդկանց խումբ է, որի բնականոն կյանք և աշխատաշուկա վերադառնալու համար կառավարությունը պարտավոր է բավարար ջանքեր գործադրել և միջոցներ գտնել։
Շատ կարևոր է, որ արցախցիների համար տնտեսական կամ զբաղվածության ծրագրեր մշակելիս արցախցիների տարբեր կազմակերպված խմբերի, ինչպես տեղական առաջնորդների, պահեստազորի սպաների կամ տարբեր ոլորտի (արցախցի գյուղատնտեսներ, ֆերմերներ, շինարարներ և այլն) մասնագետների կարծիքները լսվեն և հաշվի առնվեն։ Արցախցիներին վերաբերող ծրագրեր մշակելիս Հայաստանի կառավարությունը չի ապահովել շահառու խմբի ներկայացուցիչների մասնակցություն, և լավ կլինի, որ հետագա ծրագրերի մշակման ժամանակ մասնակցայնություն ապահովվի։
Հ.Գ. (1), (2) պարբերությունները հեղինակի այլ հոդվածից են։
Civilnet











