Տիգրան Գրիգորյան
Իրանում ներքին լարվածության սրման և զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին Երևանը նույնպես դարձել է Հայաստանում բնակվող իրանցիների քաղաքական համախմբման վայր։ Վերջին օրերին տասնյակ իրանցիներ հավաքվում են՝ դատապարտելու Իրանի իշխանությունների կողմից իրականացվող ճնշումները համազգային բողոքի ցույցերի դեմ, որոնք սկիզբ էին առել բարձր գնաճի և ազգային արժույթի կտրուկ արժեզրկման պատճառով։ Որոշ ցուցարարներ ավելի հեռուն էին գնացել՝ կոչ անելով տապալել Իրանի կառավարությունը և վերականգնել միապետությունը։
Իրանի դեսպանատան առջև մի քանի օր տևած բողոքի ցույցերից հետո Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին Հայաստանի կառավարությանը մեղադրեց հանրահավաքները չկանխելու մեջ։ «Թեհրանում կարծիք է ձևավորվում, որ Հայաստանը վերածվում է Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների լուրջ կենտրոնի»,- հայտարարեց նա։
Հայաստանի ներքին գործերի նախարարությունն արձագանքեց մեղադրանքներին՝ նշելով. «Որպես ժողովրդավարական պետություն՝ Հայաստանը պարտավորություն ունի չխոչընդոտել քաղաքացիների տեղաշարժի և խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը՝ ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակներում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես արձագանքեց Իրանի դեսպանին՝ հայտարարելով, որ 2018-ից ի վեր Հայաստանում որևէ տեղ որևէ հանրահավաք երբեք չի արգելվել, և հնարավոր չէ այլ կերպ վարվել որևէ առանձին դեպքում։
Այնուամենայնիվ, հունվարի 17-ին իրանցի ցուցարարների երթը դեսպանատնից դեպի Կապույտ մզկիթ արգելվեց։ Յոթ իրանցի բերման ենթարկվեց դեսպանատան մոտից և ավելի ուշ ազատ արձակվեց։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ բողոքի ցույցի մի քանի մասնակից ասել է, որ դեսպանի հայտարարությունից օրեր անց իրենց կանչել են ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն։
Խնդրահարույց իրավիճակ
Այս իրավիճակը խնդրահարույց է բազմաթիվ մակարդակներում, այդ թվում՝ իրավական։ Սակայն ամենալուրջ խնդիրն այն է, որ օտարերկրյա դիվանագետը, կարծես թե, ազդել է Հայաստանի ներքին ընթացակարգերի և ժողովրդավարական գործելակերպի վրա՝ սպառնալից լեզվի կիրառմամբ։ Հաշվի առնելով, որ Հայաստանը փոխառնչություններ ունի նվազ բաց և առավել կենտրոնացված քաղաքական համակարգեր ունեցող հարևանների ու տարածաշրջանային դերակատարների հետ՝ այս միջադեպը վտանգավոր նախադեպ է, որը կարող է օգտագործվել նաև այլ արտաքին դերակատարների կողմից։
Քաղաքական համակարգերի տարբերությունները Հայաստանի առավել ավտորիտար զրուցակիցների մոտ, ինչպիսիք են Ադրբեջանն ու Ռուսաստանը, իսկ վերջին շրջանում՝ նաև Վրաստանը, հաճախ ակնկալիքներ են առաջացնում, որ Հայաստանի կառավարությունը պետք է վերահսկի կամ կանխի որոշակի գործընթացներ, որոնք այդ դերակատարների կողմից դիտարկվում են որպես իրենց կամ իրենց շահերի դեմ ուղղված։
Ավտորիտար այս տրամաբանությամբ հաճախ Հայաստանի ներսում անկախ դերակատարների գործողություններն ու հայտարարությունները մեկնաբանվում են որպես ՀՀ կառավարության կողմից ուղղորդված կամ կազմակերպված՝ սեփական քաղաքական իրականությունը արտածելով ուրիշների վրա։ Այսպիսով, Ռուսաստանի կառավարությունը հաճախ հակակրեմլյան հանրահավաքներն ու այլ քաղաքական նախաձեռնություններ դիտարկում է որպես Երևանի թշնամական գործողություններ Մոսկվայի դեմ, եթե անգամ դրանք կազմակերպվում են ընդդիմադիր դերակատարների կողմից։
Ադրբեջանն իր հերթին փորձում է ազդել Հայաստանի ներքին դիսկուրսի վրա՝ ոչ կառավարական դերակատարների հայտարարություններն ու գործողությունները հավասարեցնելով պաշտոնական պետական քաղաքականությանը։ Նույնիսկ Վրաստանի կառավարությունը, ըստ տեղեկությունների, փորձել է ճնշում գործադրել իր հայ գործընկերների վրա՝ կանխելու իր «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքից տուժած վրացական ՀԿ-ների գրանցումը Հայաստանում, ինչը կլիներ Հայաստանի օրենսդրության խախտում։
Նման ակնկալիքների դեմ Երևանի պաշտպանության հիմնական գիծը հետևողականորեն եղել է այն փաստարկը, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որն առաջնորդվում է իրավունքի գերակայությամբ և իշխանությունների տարանջատմամբ, որտեղ գործադիրը չի կարող կամայականորեն որոշումներ պարտադրել կամ սահմանափակել խոսքի և հավաքների ազատությունը։
Այս համատեքստում, Իրանի դեսպանի ճնշումներից հետո այդ սկզբունքները խախտելու որոշումը կարող է խաթարել այդ պաշտպանությունը և քաջալերել արտաքին այլ դերակատարների, որոնք ձգտում են ազդել Հայաստանի ներքին գործընթացների վրա։
Այս դիրքորոշումը թուլացնող մեկ այլ գործոն է հենց Հայաստանի իշխող կուսակցության կողմից ժողովրդավարական սկզբունքների խախտումները, որոնք ցույց են տալիս, որ հավատարմությունը ժողովրդավարական նորմերին և իրավունքի գերակայությանը կարող է մի կողմ դրվել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Այս առումով ժողովրդավարական նորմերի քայքայումն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի դիմակայունությանը և սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու կարողությանը։
Հասկանալի է, որ Իրանը ռազմավարական գործընկեր է Հայաստանի համար՝ բաց սահման ունեցող երկու հարևաններից մեկը։ Սակայն պետք է պահպանվի հստակ սահմանազատում ռացիոնալ աշխարհաքաղաքական նկատառումների և երկրի ներսում ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանության միջև։ Մեկը չի կարող լինել մյուսի հաշվին։
Անընդունելի պահանջներին ենթարկվելու փոխարեն՝ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ բացատրեին իրանցի գործընկերներին, որ կան կարմիր գծեր, որոնք չեն կարող հատվել նույնիսկ աշխարհաքաղաքական շահերի հետապնդման դեպքում։
Democracy Watch-ը ՍիվիլՆեթի և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի համատեղ նախաձեռնությունն է։
Read the article in English: Freedom of Assembly and Foreign Pressure: A Dangerous Precedent for Armenia
Տիգրան Գրիգորյան











