Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես ցավում է հակաեկեղեցական արշավին ու դրանում ներգրավված կարգալույծներին համախորհուրդ տաս եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ ընթացքի համար։ Այս մասին ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ։
Մայր Աթոռն անդրադարձել է հունվարի 21-ին Հայ Եկեղեցու բարենորոգման շարժման համակարգող խորհրդի անունից տարածված հայտարարությանը։ Մայր Աթոռի հաղորդագրության մեջ նշվում է, որ հերթական անգամ խեղաթյուրվում են իրողությունները և փորձ արվում մոլորեցնել հավատավոր մեր ժողովրդին։
«Իրականությունն այն է, որ Հայաստանի վարչապետի նախաձեռնած շարժմանը հարող եպիսկոպոսներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ուղղված հորդորներն ու հրավերները ցայսօր մնացել են անպատասխան և անտեսվել են կանոնական դաշտ վերադառնալու, խնդիրները եկեղեցական ատյաններում քննելու առաջարկները։ Միևնույն ժամանակ թե՛ անցյալում, թե՛ առավել ևս այսօր հիշյալ եպիսկոպոսների կողմից որևէ կերպ չեն մատնանշվել իրատեսական ճանապարհները Եկեղեցու և իշխանությունների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ընդհակառակը՝ ակնհայտ ազդեցության ներքո շարունակ փորձեր են կատարում խնդիրները հանգուցալուծելու ոչ կանոնական դատապարտելի ուղիներով։
Անընդունելի է կասկածի տակ դնել եկեղեցական մարմինների իրավազորությունը, որոնց աշխատանքներին տասնամյակներ շարունակ հիշյալ եպիսկոպոսներից շատերը իրենց մասնակցությունն են բերել, որոշումներ ընդունել և պատասխանատվություն ստանձնել Եկեղեցու գործունեության հետ առնչված։ Այս կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ արդեն իսկ պաշտոնապես տրվել են։
Իշխանությունների հակասահմանադրական քայլերի հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակի հաղթահարման ճանապարհներից է նաև հրավիրյալ Եպիսկոպոսաց ժողովը, որի կանոնականությունը որևէ կերպ չի պայմանավորվում գումարման վայրով։ Եկեղեցական կյանքը հուզող կարևորագույն հարցերը, այդ թվում՝ բարձրաձայնվող խնդիրները, պետք է քննության առնվեն և պատշաճ լուծումներ գտնեն Եկեղեցու ընկալյալ կարգի համաձայն, բացառապես եկեղեցական ժողովական մարմիններում։ Հարկ չկա կանխակալ տրամադրություններ ձևավորել և հիմնազուրկ պատճառաբանություններով ու կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ Հայաստանում տարատեսակ բռնաճնշումները։
Եկեղեցական կյանքի վերանորոգումը և զորացումը շարունակական գործընթաց է, որը պահանջում է աղոթական միություն, տևական ու միասնական աշխատանք և ուխտապահություն։
Հավատարիմ իր Տերունաշնորհ առաքելությանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ինչպես անցյալում, այնպես էլ այսօր եկեղեցական աշխարհասփյուռ կառույցներով իր ջանքերն է բերելու ի նպաստ հայոց անկախ պետականության զորացման, մեր ժողովրդի խաղաղ, բարօր ու առաջընթաց կյանքի։»,- ասված է հաղորդագրության մեջ։
***
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով։ Ժողովն ի սկզբանե նախատեսված էր 2025 թվականի դեկտեմբերի 10-12-ը, սակայն Մայր Աթոռը հայտարարել էր դրա հետաձգման մասին։ Որոշման հիմքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Հայաստանում տիրող իրավիճակն էր, մասնավորապես՝ եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներն ու կալանավորումները»։
Հայաստանի իշխանությունների և եկեղեցականների միջև հարաբերությունները սրվել են 2025 թվականի կեսերից։ Իշխանությունների վարած քաղաքականությանը դեմ արտահայտվող մի քանի եկեղեցականներ տարբեր մեղադրանքներով կալանավորվել են, իսկ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է ազատազրկման։ Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տասը եպիսկոպոսներ «Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ» հայտարարություն ստորագրեցին՝ նշելով, թե հոգևորականների հետ ձևավորում են համակարգող խորհուրդ, որին վերապահում են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։
Civilnet











