Հայաստանը միացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նորաստեղծ «Խաղաղության խորհրդին» առանց 1 մլրդ դոլար վճարի, որը նախատեսված է մշտական անդամության համար: ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան այս մասին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Ձեր կողմից վկայակոչվող անդամավճարը կամավոր է և վերաբերելի է կազմակերպությանը՝ դրա կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում որևէ երկրի կողմից մշտական անդամակցության ցանկություն հայտնելու պարագայում»,- հայտնեց Բադալյանը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ երկրները կարող են 1 մլրդ դոլար նվիրաբերել մշտական անդամ դառնալու համար, այլ ոչ թե ունենալ սովորական երեք տարվա անդամակցություն։
ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը նախատեսում է Խորհրդին անդամակցություն՝ ֆինանսական հատկացումների կամավոր սկզբունքով։ ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավեր ստացած երկիրը կարող է անդամակցել խորհրդին՝ առանց հստակ սահմանված անդամավճարի՝ մինչև երեք տարի ժամկետով, ինչը սահմանված կարգով ենթակա է վերանայման այդ ժամկետը լրանալուց հետո։
«Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդին անդամակցությանն այս հիմունքներով»,- ասաց Անի Բադալյանը։
Դավոսում հունվարի 22-ին ստորագրվեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ երկրների առաջորդների, փաստաթուղթ ստորագրեց, որով Հայաստանը, որպես հիմնադիր անդամ, միացավ «Խաղաղության խորհրդին»։
Խաղաղության խորհուրդը միջազգային նոր հարթակ է: Կառույցի հիմնական առաքելությունը Գազայի հատվածի հետպատերազմյան վերակառուցման, ապառազմականացման և տարածաշրջանային կայունության ապահովման կառավարումն է:
Թրամփն այս նախաձեռնությունը ներկայացրել է որպես Միավորված ազգերի կազմակերպությանն այլընտրանքային, առավել գործնական և արդյունավետ ձևաչափ, որը պետք է գործի անմիջականորեն իր վարչակազմի հովանու ներքո:
Խորհրդի նախագահը՝ ԱՄՆ նախագահը, կունենա բացառիկ լիազորություններ կառավարման նկատմամբ, կկարողանա վետո դնել ցանկացած որոշման վրա և որոշել, թե ով կդառնա անդամ, և ով՝ կհեռացվի:
Civilnet











