Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 22-ին Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» և ամերիկյան TRIPP նախագիծը վճռորոշ դեր ունեն տարածաշրջանային հաղորդակցության հարցում։
Հանդիպման ընթացքում Ալիևն ընդգծել է, որ տարածաշրջանում արդեն իսկ հաստատված խաղաղությունն իր արտացոլումն է գտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական գործնական քայլերում։ Մասնավորապես, նա մատնանշել է ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան և հայկական կողմի համար ներկրվող հացահատիկի տեղափոխումը Ադրբեջանի տարածքով։
Հանդիպմանը բարձր է գնահատվել Դոնալդ Թրամփի դերը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների մեջ։
Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ նախագահի նախագահությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդին» (Board of Peace)։ Ադրբեջանի հրավերը՝ որպես հիմնադիր անդամ միանալու այս կառույցին, կողմերը որակել են որպես Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության դրսևորում։
Civilnet











