Մենք մեծաթիվ ուժեր ենք ուղարկում Իրանի ուղղությամբ․ Թրամփ

«Մենք մեծաթիվ ուժեր ենք ուղարկում Իրանի ուղղությամբ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսից վերադառնալից օդանավում լրագրողների հետ զրույցում։
Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը խիստ վերահսկողության տակ է պահում Թեհրանի գործողությունները։
«Ես կնախընտրեի, որ որևէ միջադեպ տեղի չունենար, բայց մենք նրանց շատ ուշադիր հետևում ենք։ Հնարավոր է՝ մենք ստիպված չլինենք օգտագործել այդ ուժը, սակայն մեծաթիվ նավեր են շարժվում այդ ուղղությամբ»,- ասել է նա։
Ռազմական ներկայության ընդլայնման մասին հայտարարությունը հաջորդում է անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահի մեղմ դիրքորոշմանը, երբ նա հետ էր կանգնել ուժի կիրառման սպառնալիքներից՝ Թեհրանից ցուցարարների մահապատիժները չիրականացնելու երաշխիքներ ստանալուց հետո։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ USS Abraham Lincoln ավիակիրն ու դրա հարվածային խմբի նավերն արդեն հրաման են ստացել Հարավչինական ծովից տեղափոխվել Մերձավոր Արևելք։
ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ իր նախկին կոշտ հռետորաբանությունն արդեն իսկ կանխել է Իրանում ավելի քան 800 ցուցարարների մահապատիժը։ Նա նաև վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ։
Տեղադրություն
Civilnet










