Հիլտա Չոպոյեան, Հրայր Պալեան և Րաֆֆի Արտհալճեան*
Վերջին ամիսներին Հայաստանի կառավարության մի շարք քայլեր սահմանադրական լուրջ մտահոգություններ են առաջացրել։ Դրանց թվում են պետության բացահայտ միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու գործերին, իրավական գործիքների չարաշահումը քաղաքական ընդդիմախոսների ու քննադատների նկատմամբ, ինչպես նաև այն երաշխիքների թուլացումը, որոնք կոչված են պաշտպանելու արդար դատաքննությունն ու ինստիտուցիոնալ անկախությունը։ Այս քայլերն առանձին-առանձին կարող են ներկայացվել որպես մեկուսի կամ ընթացակարգային խնդիրներ, սակայն միասին վերցրած դրանք վկայում են հստակ օրինաչափության մասին, որը պահանջում է ոչ թե հերթական քաղաքական բանավեճ, այլ սահմանադրական արձագանք։
Հայաստանի ընդդիմությունը կանգնած է պարզ, բայց անհարմար ճշմարտության առաջ։ Եթե այն շարունակում է մնալ մասնատված՝ կուսակցական շահերով և առաջիկա ընտրական հաշվարկներով պայմանավորված, ապա կառավարությունը գործում է արագ ու համակարգված՝ իշխանությունը կենտրոնացնելով իր ձեռքում։ Այսպիսի պահերին ժամանակը չեզոք չէ․ ձգձգումը միայն ամրապնդում է գործադիրի ուժային ընդլայնումը և թուլացնում Հանրապետությունը։
Այնուամենայնիվ, արդեն կան գործակցության հնարավորության առաջին նշանները։ Թեև այս հոդվածում մենք Սահմանադրական դատարանն ենք դիտարկում որպես ընդդիմության գործողությունների առանցքային հարթակ, սակայն աջակցում ենք նաև քաղաքական տարբեր ուժերի նախաձեռնություններին՝ միմյանց հետ երկխոսության հարթակներ ստեղծելու ուղղությամբ։ Հայ հեղափոխական դաշնակցության և Հայ ազգային կոնգրեսի վերջին հանդիպումը, ինչպես նաև «Հայաքվե», «Նժար» և այլ քաղաքացիական նախաձեռնությունների շփումները ցույց են տալիս, որ ձևավորվում է ըմբռնում․ ժողովրդավարական կառավարմանն սպառնացող վտանգները պահանջում են համագործակցություն քաղաքական գծերից անդին, անգամ այն դերակատարների միջև, որոնց տարաձայնությունները տարիների պատմություն ունեն։ Այժմ հարցն այն է, թե արդյոք այս քայլերը կանցնեն խորհրդանշական մակարդակից և կվերածվեն երկարաժամկետ համակարգման ու միասնական սահմանադրական հակազդեցության։
Ժողովրդավարական նորմերի խախտումները, պետության միջամտությունը եկեղեցու գործերին և քաղաքացիական ու քաղաքական իրավունքների աստիճանական քայքայումը այլևս պատահական շեղումներ չեն։ Դրանք ամբողջության մեջ հստակ միտում են, որը վտանգում է Հայաստանի սահմանադրական կարգը։ Վտանգն առավել խորանում է, քանի որ քաղաքացիական հասարակության որոշ հատվածներ և միջազգային հանրության մեծ մասը լռում են՝ չնայած տարիներ շարունակ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտներին ցուցաբերած աջակցությանը։ Լռությունը չի նշանակում, որ անտեղյակ են. այն բխում է աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից։ Սահմանադրական կարգը պաշտպանելու բեռն այսօր ամբողջությամբ դրված է Հայաստանի քաղաքական ընդդիմության և մտահոգ ինստիտուտների ուսերին։
Եթե Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի մնալ «ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն» (Սահմանադրություն, հոդված 1), ապա Սահմանադրական դատարանը պետք է անհապաղ դառնա ընդդիմության գործողությունների կենտրոնը, և դատարան պետք է դիմել առանց հետաձգման։
Սահմանադրական դատարանը վճռորոշ դեր կարող է ունենալ վարչապետ Փաշինյանի վարչակազմի և Եկեղեցու միջև սրվող հակամարտության կարգավորման հարցում։ Դատարանը կարող է հանդես գալ որպես վերջնական արբիտր՝ գնահատելով, թե արդյոք պետության գործողությունները, օրինակ՝ եկեղեցու ղեկավարության փոփոխության փորձերը կամ ներքին գործերին ազդեցություն գործադրելը, հակասում են Սահմանադրությամբ ամրագրված եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքին։ Այն կարող է հստակեցնել պետության միջամտության սահմանները եկեղեցու ներքին կառավարման հարցերում, այդ թվում՝ իր ղեկավարներին ինքնուրույն ընտրելու իրավունքը։ Իրավաբանների գնահատմամբ՝ կաթողիկոսին փոխարինելու նպատակով պետության կողմից կազմակերպված որևէ հանձնաժողով հակասում է Սահմանադրության 17-րդ հոդվածին։ Թեև Սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու «բացառիկ դերը» ազգային կյանքում, դատարանը պետք է սահմանի դրա բովանդակությունը՝ հաշվի առնելով պետության աշխարհիկ բնույթը, հատկապես այն իրավիճակներում, երբ եկեղեցին ընդդիմանում է կառավարության քաղաքականությանը, օրինակ՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Բացի այդ, դատարանը կարող է երաշխավորել, որ Հայաստանը պահպանի իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը պահանջում է պետության չեզոքություն և անաչառություն կրոնական հարցերում։
Հետկոմունիստական Եվրոպայի օրինակներ
Սա աննախադեպ իրավիճակ չէ։ Հետկոմունիստական Եվրոպայի մի շարք երկրներում սահմանադրական դատարանները դարձել են գործադիր իշխանության լիազորությունների վերազանցումների և ժողովրդավարական հետընթացի դեմ վճռորոշ արգելակներ։ Բուլղարիայում սահմանադրական դատարանը չեղարկեց լայնածավալ բարեփոխումները, որոնք առաջ էին տարվում առանց պատշաճ սահմանադրական լիազորությունների։ Ռումինիայում դատարանը անվավեր ճանաչեց նախագահական ընտրությունների արդյունքները՝ արտաքին զանգվածային միջամտության և ապօրինի քարոզչական մեխանիզմների ապացույցների հիման վրա։ Կոսովոյում կասեցվեցին օրենքներ, որոնք թույլ էին տալիս գույքի բռնագրավում առանց պատշաճ դատավարության՝ կանխելով գործադիրի չարաշահումները։ Իսկ Խորվաթիայում սահմանադրական դատարանը միջամտեց՝ արգելելով գործադիրի հակասահմանադրական քայլերը, որոնք խարխլում էին իշխանությունների բաժանման սկզբունքը։
Այս դեպքերի մեծ մասում ընդդիմադիր ուժերը ստանձնել են միասնական և առանցքային դեր՝ դատարաններում ընդդիմանալով գործադիր իշխանությանը, որը հակված էր դառնալ ժողովրդավարական հետընթացի շարժիչ ուժը։
Հայաստանի խնդիրները բացառիկ չեն. երկիրը կանգնած է սահմանադրական դիմադրունակության արդեն հայտնի փորձության առջև։
Խոսքը քաղաքական դաշինքի մասին չէ
Երբ խոսում ենք սահմանադրական միասնական ճակատի մասին, նկատի չունենք խորհրդանշական քայլ կամ թուլացած քաղաքական դաշինք։ Խոսքը վերաբերում է հրատապ, համակարգված և համատեղ իրավական գործողությանը, որի շրջանակում ընդդիմադիր ուժերը Սահմանադրական դատարանում կվիճարկեն կոնկրետ պետական քայլեր՝ հստակ ձևակերպված իրավական հիմքերով։ Մասնավորապես, այդ քայլերը պետք է քննության առարկա դառնան Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածների լույսի ներքո, որոնք ամրագրում են կրոնական կազմակերպությունների և պետության տարանջատումը, ինչպես նաև 4-րդ հոդվածի շրջանակում, որը սահմանում է իշխանությունների բաժանման և հավասարակշռության սկզբունքը որպես հանրապետության ժողովրդավարության հիմնաքար։ Քննության պետք է ենթարկվեն եկեղեցու և պետության հարաբերությունների խախտումները, գործադիր լիազորությունների չարաշահումները, արդար դատաքննության իրավունքների ոտնահարումները, նախնական կալանքի չարաշահումը, ինչպես նաև Սահմանադրության 2-րդ գլխով («Մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները») պաշտպանվող ինստիտուցիոնալ անկախության թուլացումը։ Այս քայլով պայքարը քաղաքական հռետորաբանության դաշտից տեղափոխվում է սահմանադրական դատողության հարթություն, որտեղ գործադիր իշխանությունը սահմանափակվում է ոչ թե խոսքերով կամ փողոցային ճնշմամբ, այլ օրենքով, և ոչ թե մրցակցող զուգահեռ նախաձեռնություններով։ Միասնական և հրատապ սահմանադրական դիմումը թե՛ անհրաժեշտ է, թե՛ իրատեսական։
Գործադիրից կախված դատարան դիմելն անիմաստ չէ
Քննադատները կասեն, որ գործադիրից «կախված» կամ «գրավված» Սահմանադրական դատարանի պայմաններում նման քայլն անիմաստ է։ Այս թերահավատությունը հասկանալի է, բայց այն անտեսում է ռազմավարական անհրաժեշտությունը։ Դատարան դիմելը ստեղծում է անժխտելի իրավական արձանագրում և դատական համակարգին կանգնեցնում ընտրության առաջ՝ Սահմանադրությո՞ւն, թե՞ գործադիրի կամք։ Նույնիսկ եթե դատարանը չգործի, գործընթացը սպառում է ներպետական իրավական միջոցները և ստեղծում է միջազգային քննության համար անհրաժեշտ օբյեկտիվ նախադրյալներ, օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Նպատակը հայկական արդարադատության իրական վիճակը ի ցույց դնելն է․ փաստական հանգամանքներն ու իրավական նորմերը անտեսող որոշումը դառնում է համակարգային ձախողման իրավական ապացույց։
Նման միասնական սահմանադրական ճակատը չպետք է սահմանափակվի միայն քաղաքական կուսակցություններով։ Այն պետք է ներառի նախկին նախագահներին, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին, հեղինակավոր իրավաբաններին և վստահելի քաղաքացիական գործիչներին։ Թեև դատարանի գործընթացը իրավական է, լայն աջակցությունն ունի քաղաքական ծանրություն։ Հայաստանը մեկուսացված քաղաքական միավոր չէ։
Նախկին երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ընդդիմադիր կուսակցությունների ու հանրային գործիչների հետ միասին ունեն և՛ իրավասությունը, և՛ պատասխանատվությունը համատեղ գործելու։ Սա անցյալի քաղաքական վեճերը վերակենդանացնելու կամ հին համակարգերը վերականգնելու մասին չէ։ Խոսքը վերաբերում է սահմանադրական այն մեխանիզմների կիրառմանը, որոնք դեռ գոյություն ունեն՝ քանի դեռ դրանց կիրառումը իմաստ ունի։ Այս համագործակցությունը չի պահանջում ընդդիմադիր տարբեր կազմակերպությունների մշտական միավորում կամ գաղափարական տարբերությունների ջնջում։ Մենք կոչ ենք անում գործնական «նպատակի միասնականության»՝ խաղի կանոնները պաշտպանելու համար։ Մրցակից խմբերը պարտավոր չեն համաձայնել անցյալի շուրջ, որպեսզի համաձայնեն մեկ բանում՝ Սահմանադրությունը պետք է մնա բարձրագույն իշխանությունը։ Կոնկրետ այս իրավական մարտահրավերի համար հակասությունները մի կողմ դնելով՝ ընդդիմությունը կարող է ցույց տալ, որ Հանրապետության պահպանումը վեր է անձնական հավակնություններից։
Խնդիրը որևէ մեկ առաջնորդի ճակատագրի մասին չէ։ Իրական հարցն այն է՝ կմնա՞ Հայաստանը սահմանադրական հանրապետություն՝ գործադիր իշխանության սահմանափակումներով, թե՞ կշարունակի սահել դեպի գործադիրի գերիշխանություն և օրենքի խտրական կիրառում։ Պետության միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու գործերին երկրորդական թեմա չէ։ Դա Սահմանադրության խախտում է՝ իրավական և քաղաքակրթական լուրջ հետևանքներով։ Նույնը վերաբերում է քաղաքական ճնշումներին, արդար դատաքննության խախտումներին և իրավունքների ոտնահարումների աստիճանական նորմալացմանը։
Մինչ օրս ընդդիմությունը չի կարողացել ձևավորել միասնական ճակատ անգամ գոյաբանական նշանակություն ունեցող ընտրություններից առաջ։ Սակայն այսօր համատեղ սահմանադրական գործողությունը կարող է ստեղծել այն քաղաքական թափը, որը մինչ այժմ չի ապահովվել ընտրական ճանապարհով։ Դա կհաղորդի կարգապահության, լրջության և անձնական հավակնություններից վեր կանգնելու ազդակ։
Պատմությունը ընդդիմությանը չի դատի այն բանի համար, թե որքան հաճախ է նա վտանգների մասին զգուշացրել կամ դժգոհել։ Կդատի, թե արդյոք գործել է այն պահին, երբ սահմանադրական ահազանգը հնչում էր հստակ ու բարձր։ Գործիքակազմը կա։ Ժամանակը սուղ է։ Պատասխանատվությունը՝ հավաքական։ Եթե Հանրապետությունը պետք է փրկվի, այն պետք է պաշտպանվի հենց հիմա։
…
Հիլտա Չոպոյեանը Կովկասի իրավունքի և հակամարտությունների կարգավորման կենտրոնի նախագահն է։ Նա Եվրո-հայկական արդարության և ժողովրդավարության ֆեդերացիայի հիմնադիր նախագահն է, ինչպես նաև եղել է Ֆրանսիայի Ռոն-Ալպերի տարածաշրջանային խորհրդի անդամ։ Չոբոյանը նաև հայ գերիների ազատման նպատակով ստեղծված LIBERTAS նախաձեռնության համակարգողն է։
Հրայր Պալեանը շուրջ 35 տարի զբաղվել է հակամարտությունների կարգավորմամբ և մարդու իրավունքներով՝ աշխատելով Բալկաններում, Արևելյան Եվրոպայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։ Նրա «Խաղաղաշինություն. Ղարաբաղյան հակամարտությունն ու բաց թողնված հնարավորությունները» գիրքը լույս կտեսնի անգլերեն՝ 2026-ի փետրվարին (Palgrave Macmillan), և հայերեն՝ 2026-ի մարտին (Newmag)։
Րաֆֆի Արտհալճեանը Ֆլետչերի դպրոցի շրջանավարտ է և տնօրենների խորհուրդների, հանրային ինստիտուտների ու տեխնոլոգիական ընկերությունների խորհրդատու է։ Նա գրում է համահայկական թեմաներով՝ անդրադառնալով ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի խնդիրներին։
Հոդվածի անգլերեն բնօրինակը՝ The opposition and the need for a constitutional front
Civilnet











