ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր վերջնագիր է ներկայացրել Իրանին՝ կոչ անելով նրան գնալ գործարքի։ Truth Social իր ցանցում Թրամփը գրել է, որ հաջորդ հարձակումը կլինի ավելի ծանր։
«Հսկայական ռազմածովային նավատորմը շարժվում է դեպի Իրան։ Այն առաջ է շարժվում արագ՝ մեծ ուժով, վճռականությամբ և հստակ նպատակով։ Սա ավելի մեծ նավատորմ է, որի առաջատարն է «Աբրահամ Լինքոլն» ավիակիր նավը, քան այն ուժերը, որոնք ժամանակին ուղարկվել էին Վենեսուելա։ Ինչպես Վենեսուելայի դեպքում, այս նավատորմը պատրաստ է, ունակ է և վճռական՝ անհրաժեշտության դեպքում շատ արագ իրականացնելու իր առաքելությունը՝ նույնիսկ ուժի և բռնության կիրառմամբ։
Հուսով եմ, որ Իրանն արագ «կնստի բանակցությունների սեղանի շուրջ» և կհամաձայնի արդար ու հավասարակշռված համաձայնագրի՝ առանց միջուկային զենքի, որը շահավետ կլինի բոլոր կողմերի համար։ Ժամանակը սպառվում է, հարցը իսկապես հրատապ է։
Ինչպես արդեն մեկ անգամ ասել եմ Իրանին՝ համաձայնության գնացեք։ Նրանք դա չարեցին, և տեղի ունեցավ «Կեսգիշերային մուրճ» գործողությունը՝ Իրանի լայնածավալ ավերածություններով։ Հաջորդ հարձակումը շատ ավելի ծանր կլինի։ Թույլ մի տվեք, որ դա կրկնվի։
Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար», - գրել է Թրամփը։