Գլխավոր Լրահոս

Իսլամական ՆԱՏՕ՞․ Թուրքիան շարժվում է դեպի սաուդա–պակիստանյան պաշտպանական դաշինք

Իսլամական ՆԱՏՕ՞․ Թուրքիան շարժվում է դեպի սաուդա–պակիստանյան պաշտպանական դաշինք

Թուրքիան բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված ռազմավարական փոխադարձ պաշտպանության համաձայնագրին միանալու շուրջ, մի քայլ, որը կարող է էապես փոխել տարածաշրջանային անվտանգության դասավորությունը և վերակենդանացնել «իսլամական ՆԱՏՕ» ստեղծելու վաղեմի գաղափարը։ Այս խնդրի վերաբերյալ վերլուծություն է հրապարակել Վաշինգտոնում տեղակայված Միջին Արևելքի մեդիա հետազոությունների ինստիտուտը (Middle East Media Research Institute, MEMRI): Հոդվածը կրճատումներով և թարգմանաբար ներկայացված է ստորև։

2026-ի հունվարին միջազգային լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Անկարան բանակցում է 2025-ի սեպտեմբերի 17-ին Ռիադի և Իսլամաբադի միջև ստորագրված Ռազմավարական փոխադարձ պաշտպանության համաձայնագրին (SMDA) միանալու շուրջ։ Մասամբ հիմնված ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության սկզբունքի վրա՝ համաձայնագիրը ենթադրում է դրույթ, ըստ որի՝ կողմերից մեկի նկատմամբ հարձակումն ընկալվում է որպես հարձակում մյուսի նկատմամբ։ Առավել կարևոր է, որ այն փաստացի ներառում է Պակիստանի միջուկային զսպման «հովանոցը» Սաուդյան Արաբիայի համար։

Երեք երկրների անվտանգության համագործակցությունը նոր երևույթ չէ։ Սաուդյան Արաբիան և Պակիստանը երկար տարիներ պահպանում են ռազմական և տնտեսական սերտ կապեր, ներառյալ պակիստանյան զորքերի տեղակայումը Սաուդյան Արաբիայի տարածքում, համատեղ զորավարժությունները և միջուկային թեմաներով խորհրդակցությունների մասին պարբերաբար շրջանառվող տեղեկությունները։ Թուրքիան և Պակիստանը նույնպես սերտ համագործակցում են պաշտպանության ոլորտում․ Անկարան Իսլամաբադին մատակարարում է ժամանակակից ռազմական տեխնիկա և տեխնոլոգիաներ։ Թեև վերջին տարիներին սաուդա-թուրքական հարաբերությունները տատանվել են, տարածաշրջանային փոփոխվող իրողությունների ֆոնին դրանք կրկին ջերմացել են։

Եթե գործընթացը վերջնական տեսքի բերվի, ապա Թուրքիան մաս կկազմի մուսուլմանական այս պետությունների դաշինքին, որոնք միասին ունեն զգալի ֆինանսական ռեսուրսներ, զարգացած ավանդական ռազմական արդյունաբերություն, իսկ Պակիստանի դեպքում՝ նաև միջուկային զենք։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ նման համախմբումը կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը Միջին Արևելքում և դրա սահմաններից դուրս։

Այս հեռանկարը նորից ակտիվացրել է նաև ավելի լայն՝ իսլամական ռազմական դաշինքի շուրջ քննարկումները՝ գաղափար, որը բազմիցս հայտնվել է օրակարգում տարածաշրջանային ճգնաժամերի ժամանակ։ SMDA-ի ստորագրումից հետո Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ապագայում հնարավոր է նաև իսլամական այլ երկրների միացումը՝ բացահայտ խոսելով ՆԱՏՕ-ի նմանվող իսլամական դաշինքի անհրաժեշտության մասին։

Չնայած զարգացումների հնարավոր նշանակությանը՝ արաբական լրատվամիջոցների զգալի մասում թեմայի լուսաբանումը սահմանափակ է եղել։ Սաուդյան լրատվամիջոցները հիմնականում բավարարվել են արտասահմանյան աղբյուրներին հղումներով, մինչդեռ Կատարի մեդիան ավելի ակտիվ է անդրադարձել հեռանկարին՝ արտացոլելով Դոհայի և Անկարայի միջև գոյություն ունեցող սերտ ռազմավարական գործընկերությունը։

Պակիստանցի և թուրք պաշտոնյաների շփումները շարունակվում են

Թուրքիայի հնարավոր միացման մասին առաջին հրապարակումները արել էր Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրների, որոնք նշել էին, որ բանակցությունները առաջադեմ փուլում են, համաձայնագրի կնքումը հավանական է։ Այդ փուլում գործընթացում ներգրավված կառավարություններից որևէ մեկը պաշտոնական մեկնաբանություն չէր տվել։

Սակայն մի քանի օր անց Պակիստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակայնորեն հաստատեցին, որ քննարկումներ ընթանում են։ Պակիստանի պաշտպանական արտադրության հարցերով նախարարը Reuters-ին ասել է, որ Սաուդյան Արաբիայի, Պակիստանի և Թուրքիայի մասնակցությամբ եռակողմ ձևաչափը քննարկվում է արդեն մի քանի ամիս, և որ գոյություն ունի նաև համաձայնագրի նախագիծ։ Նրա խոսքով՝ այդ նախաձեռնությունը առանձին է սաուդա–պակիստանյան գործող համաձայնագրից, սակայն մանրամասներ չի ներկայացրել դրա ծավալի և բովանդակության վերաբերյալ։

Թուրքիայի արտգործնախարարը նույնպես հաստատել է, որ բանակցություններ եղել են, սակայն շեշտել է, որ որևէ համաձայնագիր դեռ չի ստորագրվել։ Նա այդ քննարկումները ներկայացրել է որպես Անկարայի տարածաշրջանային ավելի լայն համագործակցության տեսլականի մաս՝ նշելով, որ տարածաշրջանային խորքային խնդիրները կարող են լուծվել, եթե առանցքային երկրները ձևավորեն վստահություն և ինստիտուցիոնալացնեն համագործակցությունը։ Նրա խոսքով՝ Թուրքիայի ղեկավարությունը մտածում է ավելի լայն և համապարփակ հարթակի մասին։

Կատարական լրատվամիջոցներին տված մեկնաբանություններում Թուրքիայի անվտանգության ոլորտի պաշտոնյաները ավելի բացահայտ էին։ Նրանք նշել են, որ եռակողմ համաձայնագիրը կարող է երեք պետություններին ապահովել անվտանգության ամուր շրջանակ արագ փոփոխվող տարածաշրջանային և գլոբալ պայմաններում։ Որպես Թուրքիայի համար կարևոր խթաններ՝ նրանք նշել են Պակիստանի միջուկային կարողությունները և Սաուդյան Արաբիայի տնտեսական ու քաղաքական ազդեցությունը, իսկ Թուրքիայի ներդրումը տեսնում են նրա զարգացած պաշտպանական արդյունաբերության և մեծաթիվ զինված ուժերի մեջ։

Նույն պաշտոնյաները միաժամանակ փորձել են մեղմել երեք երկրներից դուրս արագ ընդլայնման վերաբերյալ շահարկումները՝ ընդգծելով, որ քննարկումները կենտրոնացած են սահմանափակ ռազմական դաշինքի վրա, և որ նման ձևաչափը չի փոխարինելու Թուրքիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Ըստ սաուդյան օրաթերթի՝ Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները «առաջադեմ փուլում» են

Սաուդյան Արաբիան հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել, սակայն ի հայտ են եկել կիսապաշտոնական ազդակներ։ Սաուդյան պետական օրաթերթերից մեկը հայտնել է, որ Թուրքիայի ներառման շուրջ բանակցությունները «առաջադեմ փուլում» են՝ հղում անելով Պակիստանի արտգործնախարարի ավելի վաղ հայտարարություններին, ըստ որոնց՝ որոշ երկրներ, որոնց անունները չեն նշվել, հետաքրքրված են SMDA-ին միանալու հարցով։

Սաուդյան մեկնաբանություններում թեման օգտագործվում է նաև ավելի լայն՝ արաբա-իսլամական անվտանգության կոալիցիայի գաղափարը առաջ մղելու համար։ Կառավարությանը մոտ կանգնած լրատվամիջոցներում հրապարակված կարծիքներում նման դաշինքը ներկայացվում է որպես արձագանք արտաքին ընկալվող սպառնալիքներին և տարածաշրջանային մասնատվածությանը, շեշտվում է իսլամական մեծամասնություն ունեցող պետությունների միջև ավելի խոր համակարգման անհրաժեշտությունը։

Որոշ մեկնաբանների մոտ հռետորաբանությունը դուրս է գալիս զուտ պաշտպանական համագործակցության շրջանակներից։ Նրանք կոչ են անում տարածաշրջանային կազմակերպություններին, այդ թվում՝ Ծոցի համագործակցության խորհրդին, Արաբական պետությունների լիգային և Իսլամական համագործակցության կազմակերպությանը, ձևավորել ավելի վճռական և համախմբված բլոկ։

Կոչեր՝ «իսլամական ՆԱՏՕ»-ում ընդգրկելու նաև Եգիպտոսը

Դաշինքի ընդլայնման կոչերն ամենից բարձր են հնչել Կատարում, որը Թուրքիայի հետ ունի պաշտպանական սերտ գործընկերություն, այդ թվում՝ կատարական տարածքում թուրքական զորքերի ներկայություն։ Դոհան ակտիվորեն խթանել է Թուրքիայի ավելի խորը ներգրավվածությունը տարածաշրջանային անվտանգության կառուցվածքներում և միջնորդական դեր է խաղացել Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունների վերջին կարգավորման գործընթացում։

Կատարի նախկին վարչապետը ողջունել է Թուրքիայի հնարավոր միացման մասին տեղեկությունները և կոչ արել ընդգրկել նաև Եգիպտոսը և Ծոցի երկրները։ Նա Սաուդյան Արաբիա–Պակիստան–Թուրքիա–Եգիպտոս հնարավոր համախմբումը նա բնութագրել է որպես վաղուց հասունացած անհրաժեշտություն՝ ընդհանուր շահերը պաշտպանելու, երբ ՆԱՏՕ-ի երկրների, հատկապես Միացյալ Նահանգների ներսում արագ փոփոխություններ են։ Նա ընդգծել է, որ նման դաշինքը չպետք է ուղղված լինի Իրանի դեմ, և կոչ է արել համագործակցությունը տարածել նաև պաշտպանությունից դուրս՝ ներառելով տնտեսական և քաղաքական ոլորտները։

Նման տեսակետներ են հնչել նաև Կատարի պետականամետ մամուլում և իսլամական ազդեցիկ տեսաբանների շրջանում։ Մեկնաբանները սաուդա–պակիստանյան համաձայնագիրը ներկայացրել են որպես արաբա-իսլամական զսպման դաշինքի հիմք՝ հատկապես հաշվի առնելով, որ Պակիստանը միջուկային զենք ունեցող միակ իսլամական երկիրն է, իսկ Թուրքիան ունի զարգացած ռազմական կարողություններ։ Ոմանք այս պատկերացվող ձևաչափը բացահայտ կոչել են որպես փաստացի «իսլամական ՆԱՏՕ»։

Հռետորաբանությունը սրվեց 2025-ի վերջին Դոհայում Իսրայելի ռազմական գործողություններից հետո, որոնք կատարական մեկնաբանները ներկայացրին որպես ապացույց, որ անվտանգության գործող մեխանիզմներն ու արևմտյան երաշխիքները բավարար չեն։ Այս համատեքստում նոր թափ են ստացել սեփական՝ իսլամական անվտանգության ճարտարապետություն ստեղծելու առաջարկները, որոնք կարող են տարածվել Հյուսիսային Աֆրիկայից մինչև Կենտրոնական Ասիա։

Նախաձեռնության կողմնակիցները պնդում են, որ նման շրջանակը կարող է և՛ զսպել արտաքին սպառնալիքները, և՛ նվազեցնել անդամ պետությունների միջև ներքին հակամարտությունները՝ ինստիտուցիոնալացնելով համագործակցությունն ու վստահության ամրապնդման մեխանիզմները։ Մինչդեռ քննադատները զգուշացնում են, որ փոխկրկնվող դաշինքները կարող են խորացնել տարածաշրջանային բևեռացումը և բարդացնել անվտանգության գործող պարտավորությունները, հատկապես Թուրքիայի համար՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի։

Այս փուլում Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ Թուրքիայի բանակցությունների արդյունքը մնում է անորոշ։ Սակայն նույնիսկ Անկարայի հնարավոր միացման հեռանկարը վերակենդանացրել է մի հին գաղափար՝ նոր հրատապությամբ․ համակարգված իսլամական ռազմական բլոկի ստեղծումը, որը կարող է վերաձևել տարածաշրջանի անվտանգային միջավայրը։

On The Way To An 'Islamic NATO'? Turkey Advances Towards Membership In Saudi-Pakistan Defense Pact

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում