Ուկրաինան Եվրոպայից Հունգարիայի տարածքով գազի մատակարարումների մասին պայմանավորվածություն է ձեռք բերել Բուդապեշտի հետ: Համաձայնագիրը ստորագրել են երկու երկրների գազատրանսպորտային համակարգերի օպերատորները՝ հունգարական FGSZ-ը և ուկրաինական «Ուկրտրանսգազը»: Վերջինիս մամլո հաղորդագրության համաձայն՝ Կիևը բանակցոություններ է վարում նաև Սլովակիայի և Ռումինիայի տարածքով գազի մատակարարումների շուրջ:
Մատակարարումների ծավալները, որոնք տեխնիկապես հնարավոր կլինի ապահովել, չեն հրապարակվում:
Փետրվարի 26-ին «Նեվթոգազ Ուկրաինա»-ից տեղեկացրել են, որ ընթացիկ տարում Կիևը մտադիր է Հունգարիայի և Սլովակիայի տարածքով Եվրոպայից 7 մլրդ խմ գազի մատակարարումների մասին համաձայնագիր ստորագրել: Ըստ «Նեվթոգազ Ուկրաինա»-ի՝ «Ուկրտրանսգազը» ձմռան ամիսներին կարող է ընդունել 3 մլն խմ գազ/օր և 1 մլն խմ/օր՝ ամռանը:
Ուկրաինայի ածխային արդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին իր հերթին հայտարարել է, որ երկիրը արդեն տիրապետում է Եվրոպայից գազի 30 մլրդ խմ/տարի գնման տեխնիկական հնարավորություններին:
Ըստ նրա՝ խոսքը Ուկրաինային սահմանակից երկրներից ռեվերսային մատակարարումնեի մասին է: Այս երկրների շարքում են Սլովակիան, Հունգարիան և Լեհաստանը: Ստավիցկին նշել է, որ Կիևը ռեվերսային մատակարարումների մասին պայմանավորվածություն և հստակ ծրագիր ունի:
Ուկրաինան փորձում է գազի մատակարարումների այլընտրանքային տարբերակներ գտնել, քանի որ դժգոհ է հիմնական մատակարար ռուսաական «Գազպրոմի» սահմանած գնից: 2012թ. վերջին Կիևը գազի գնումներ է սկսել գերմանական RWE-ից:
«Ուկրտրանսգազի» տվյալների համաձայն՝ 2013թ. հունվարին գերմանական ընկերությունը Լեհաստանի տարածքով Ուկրաինա է մատակարարել 43,5 մլն խմ գազ:
Civilnet











