Գլխավոր Լրահոս

Մոլորեցնող խոսույթներ TRIPP-ի մասին

Մոլորեցնող խոսույթներ TRIPP-ի մասին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի` 2026-ի հունվարի 13-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից հետո TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տարածաշրջանային նախագիծը հայտնվեց ապատեղեկատվության և մանիպուլյացիաների թիրախում:

Ռուսական և ռուսալեզու մեդիադաշտում տարածվող թեզերը նախագիծը ներկայացնում են որպես «ինքնիշխանության կորուստ», «ԱՄՆ-ի զինվորական ներկայություն» և Հայաստանը «երկրորդ Ուկրաինա» դարձնելու փորձ։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է TRIPP նախագծի շուրջ տարածվող հիմնական թեզերն ու քարոզչական մանիպուլյացիաները:

ԱՄՆ-ի ռազմական ներկայության և մասնավոր ռազմական ընկերությունների թեզը

Ամենաակտիվ շրջանառվող թեզերից մեկը վերաբերում է Հայաստանում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների (ЧВК) հնարավոր ներկայությանը։ 2026-ի հունվարի 15-ին Alpha News-ը հրապարակել է հարցազրույց ռուսաստանցի ռազմական փորձագետ, ANNA News կայքի գլխավոր խմբագիր Անատոլի Մատվիյչուկի հետ, որտեղ նա պնդում է, թե Ռուբիոն Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է «Թրամփի կամրջի» պահպանության համար ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների ներգրավման անհրաժեշտության մասին։

«Ռուբիոն և Միրզոյանը հանդիպել են, և Ռուբիոն խոսել է այն մասին, որ այնտեղ պետք է լինի մասնավոր ռազմական ընկերություն, որը կապահովի «Թրամփի կամրջի» [խմբ՝ «Թրամփի ուղու»] պահպանությունը։ Ինչ է մասնավոր ռազմական ընկերությունը։ Դա ԱՄՆ-ի զինվորական ներկայություն է տարածաշրջանում»,- ասել է Մատվիյչուկը։ Այս հարցազրույցը հետագայում արտատպել է նաև ռուսալեզու «Գոլոս Արմենիի» (Голос Армении) կայքը։

Էկրանապատկերում՝ Alpha News կայքի հրապարակումը

Սակայն 2026-ի հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը Ռուբիոն նման հայտարարություն չի արել։ Ավելին, ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ TRIPP նախագիծը չի խաթարում Հայաստանի ինքնիշխանությունը՝ այն անվանելով տնտեսական համագործակցության «օրինակելի մոդել»:

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված TRIPP-ի շրջանակային համաձայնագրում (TIF) ևս չկա հիշատակում ռազմական ներկայության մասին: Փաստաթուղթը հստակեցնում է, որ Հայաստանը լիովին պահպանում է ինքնիշխան անվտանգության գործառույթները: 

Փաստաթղթի համաձայն՝ թեև թույլատրվում է մասնավոր օպերատորների ներգրավումը տրանսպորտային ենթակառուցվածքների և հաճախորդների սպասարկման համար («front office»), վերջնական բոլոր որոշումները, ստուգումները և ուժային գործառույթները մնում են Հայաստանի պետական մարմինների բացառիկ լիազորությունը («back office»): Նույն տեքստում հիշատակվում է նաև, որ օպերացիոն անվտանգության մասնավոր անձնակազմ կարող է կիրառվել միայն հայկական լիցենզավորման ներքո։

Էկրանապատկերում՝ հատված շրջանակային համաձայնագրից (TIF)

Նույն հարցազրույցում Մատվիյչուկը նաև պնդել է, թե TRIPP նախագիծը «լիովին կտրում է Հայաստանի մի հատվածը երկրի մարմնից և միացնում այն Ադրբեջանին», ինչը հերքվում է ԱԳՆ-ի հրապարակած ծրագրով, որտեղ շեշտվում է հարգանքը պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ։

Ուշագրավ է, որ թեզի հիմքում ընկած է դեռ 2025-ի հուլիսին Periodista Digital կայքի տարածած կեղծ տեղեկությունը, թե «Թրամփի ուղին» 99 տարով հանձնվելու է ԱՄՆ-ին և հսկվելու է ամերիկյան ռազմական ընկերության հազարավոր զինված մարտիկների կողմից: Այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հերքել էր այս լուրերը՝ դրանք որակելով հիբրիդային պատերազմի դրսևորում:

ԱՄՆ-ի ռազմական տրանզիտի թեզը

Քարոզչական մյուս ուղղությունը փորձում է TRIPP-ը ներկայացնել որպես ԱՄՆ-ի լոգիստիկ բազա՝ Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ 2025-ի նոյեմբերի 17-ին Sputnik Արմենիա-ն հրապարակել է նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանի մեկնաբանությունը, որտեղ նա պնդում է, թե TRIPP-ը անհրաժեշտ է Արևմուտքին ռազմական տեխնիկայի, զինամթերքի և անձնակազմի տեղափոխման համար:

TRIPP-ի շրջանակային համաձայնագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միջանցքի օգտագործումը սահմանափակված է բացառապես քաղաքացիական և առևտրային նպատակներով։ Փաստաթղթում բացակայում են դրույթներ «ռազմական տարանցման» կամ օտարերկրյա զորքերի տեղակայման վերաբերյալ։

Էկրանապատկերում՝ Sputnik Արմենիա-ի նոյեմբերի 17-ի հրապարակումը

Մյուս օրինակներում TRIPP-ը ձևակերպվում է առավել լայն՝ «թշնամական ուժերի ակտիվության կենտրոն» ձևակերպմամբ՝ իբր ուղղված Իրանի դեմ։ 2026-ի հունվարի 15-ին ռուսական EADaily կայքը հրապարակել է նյութ, որտեղ TRIPP-ը որակել է որպես «թշնամական ուժերի ակտիվության կենտրոն»՝ հղում անելով Հայաստանում Իրանի դեսպանի վերջերս արված հայտարարություններին։

Իրականում Իրանի դեսպանը հունվարի 14-ի Երևանում ասուլիսի ժամանակ խոսել է TRIPP-ի մասին՝ նշելով Թեհրանի մտահոգությունների մասին, սակայն նրա «թշնամական ուժերի ակտիվության կենտրոն» ձևակերպումը վերաբերում էր Երևանում այդ օրերին Իրանի դեսպանատան մոտ ընթացող ցույցերին, ոչ թե TRIPP նախագծին։

Նմանապես, 2026-ի հունվարի 15-ին Sputnik Արմենիա-ն հրապարակել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի մեկնաբանությունը։ Նա պնդում է, թե Վաշինգտոնն իբր ազդանշան է ուղարկում Թեհրանին, որ «հայ-իրանական սահմանը նույնպես կլինի ամերիկյան վերահսկողության ներքո»։

Համաձայնագրում, սակայն, հստակ նշված է, որ Հայաստանը պահպանում է բացառիկ վերահսկողությունը ազգային անվտանգության, իրավապահ գործունեության, սահմանների և մաքսատների նկատմամբ։ Ներկայում Հայաստանի հարավում՝ Իրանի հետ սահմանին, տեղակայված են ռուսական սահմանապահ ուժեր։

Հայաստանի «ուկրաինացման» թեզը և ռազմական սպառնալիքները

Ռուսական քարոզչության առանցքային պատմույթներից է TRIPP-ի համեմատությունը Ուկրաինայի հետ: 2025-ի դեկտեմբերի 22-ին Sputnik Արմենիա-ի մեկնաբան Արման Աբովյանը հրապարակել է հոդված «Արևմուտքի դավաճանության անատոմիան. հաշվի կա՞ռնի արդյոք Հայաստանը «ուկրաինական դասերը»» վերնագրով։ Հոդվածում նշվում է, որ Հայաստանը վերածվում է «հակա-Ռուսաստան» նախագծի և պետք է դասեր քաղի ուկրաինական փորձից։

Էկրանապատկերում՝ Sputnik Արմենիա-ի դեկտեմբերի 22-ի հրապարակումը

Այս հռետորաբանությունը վերաճեց բացահայտ սպառնալիքների ռուս քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի կողմից: 2026-ի հունվարի 10-ին իր «Соловьёв LIVE» հաղորդման ժամանակ նա Հայաստանի «կորուստը» անվանել է «հսկայական խնդիր» և հարց բարձրացրել, թե ինչու Ռուսաստանը չի կարող «հատուկ ռազմական գործողություն» (СВО) սկսել իր ազդեցության գոտում գտնվող այլ կետերում՝ նկատի ունենալով Հայաստանը: 

Սոլովյովի այս հայտարարությունը բուռն արձագանք առաջացրեց Երևանում, որից հետո հունվարի 12-ին, Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվեց ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա հղվեց։ Արդյունքում Սոլովյովի այդ հաղորդումը որոշ ժամանակով հեռացվեց եթերից:

Այսպիսով, մի շարք մեդիաներ աղավաղում են TRIPP նախագծի բնույթը՝ տնտեսական երթուղին ներկայացնելով որպես ռազմական սպառնալիք։

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում