Բաքվի ռազմական դատարանը Ռուբեն Վարդանյանիn դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։
Ադրբեջանի պետական մեղադրողը Բաքվի ռազմական դատարանում պահանջել էր ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին։
Ադրբեջանը, ըստ երկրի քրեական օրենսգրքի, ցմահ չի դատապարտում միայն 65 տարին լրացած անձանց։ Ռուբեն Վարդանյանը 57 տարեկան է։ Ադրբեջանական մամուլը դեռ չի հայտնում, թե ինչու դատարանը չի բավարարել պետական մեղադրողի պահանջը՝ ցմահ դատապարտել Վարդանյանին։
Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին ապօրինաբար գերեվարել էր 2023-ի սեպտեմբերին Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի իշխանությունները Վարդանյանի նկատմամբ ներկայացրել են ավելի քան 40 շինծու մեղադրանք, այդ թվում՝ ահաբեկչության ֆինանսավորման, անօրինական զինված կազմավորումների ստեղծման և պետական սահմանի ապօրինի հատման հոդվածներով։
Դատական վերջին նիստի ընթացքում Վարդանյանը հանդես է եկել եզրափակիչ ելույթով՝ հերքելով առաջադրված մեղադրանքները և տեղի ունեցող գործընթացը որակելով որպես քաղաքականապես մոտիվացված դատական ներկայացում։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները և հայկական կողմը բազմիցս դատապարտել են այս գործընթացը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմաքաղաքական ղեկավարությանը։
***
Փետրվարի 5-ին Բաքվի դատարանն Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց։ Իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին դատապարտեց ցմահ ազատազրկման։
Civilnet











