Գլխավոր Լրահոս

ՊՆ-ն տեղեկություն չի տրամադրում հայկական ԱԹՍ-ների արտադրության և պատերազմում կիրառման մասին

ՊՆ-ն տեղեկություն չի տրամադրում հայկական ԱԹՍ-ների արտադրության և պատերազմում կիրառման մասին

Պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկություն չի տրամադրում հայկական ԱԹՍ-ների արտադրության և պատերազմի ընթացքում դրանց կիրառման վերաբերյալ։

Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է որևէ տեղեկություն փոխանցել հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերի արտադրության և արցախյան վերջին պատերազմի ընթացքում դրանց կիրառման վերաբերյալ։

2011-ին ստեղծվեց և սպառազինման մեջ ընդգրկվեց «Կռունկ-25» ԱԹՍ-ն․ այն առաջին անգամ ցուցադրվեց 2011-ին կայացած ռազմական շքերթի ժամանակ: Բացի այդ, արցախյան պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 25-ին, ՊՆ նախկին մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հրապարակեց տեսանյութ՝ հայտնելով, որ հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ն «խորքային հարված է հասցնում հակառակորդի ռազմական օբյեկտին»։ 

ՍիվիլՆեթը հարցում էր ուղարկել ՊՆ՝ խնդրելով հայտնել, թե որքան գումար է ծախսվել այդ ԱԹՍ-ների արտադրության համար, ինչպես նաև հայտնել, թե ինչպես են դրանք կիրառվել պատերազմի ընթացքում, որքան տեխնիկա և մարդուժ են խոցել։ ՍիվիլՆեթը նաև հետաքրքրվել է, թե ինչու գերատեսչությունը նպատակահարմար չի համարել գնել արտասահմանյան արտադրության ԱԹՍ-ներ։

Պաշտպանական գերատեսչությունը հարցվող տեղեկությունների տրամադրումը մերժել է՝ պնդելով, որ դրանք պարունակում են պետական և ծառայողական գաղտնիք։

Նկատենք, որ արցախյան վերջին պատերազմի ընթացքում մարտական գործողությունների վերաբերյալ ՊՆ-ի տարածած տեսանյութերն արվել են ցամաքից, և միայն նոյեմբերի 4-ին, 6-ին և 9-ին հրապարակվեցին Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման, «Դժոխքի ձորում» ադրբեջանական ստորաբաժանման, ինչպես նաև Քարինտակի մատույցներում հակառակորդի ստորաբաժանման ոչնչացման վերաբերյալ տեսանյութեր, որոնք նկարահանվել էր օդից, ըստ ամենայնի, «Կռունկ-25» ԱԹՍ-ի միջոցով։ Մինչդեռ ադրբեջանական զինուժի տեսանյութերի գերակշիռ հատվածը ԱԹՍ-ներից է իրականացվել, ընդ որում՝ հարվածային ԱԹՍ-ներից։

«Կռունկ» անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ կիրառվել են 2012-ին՝ Հայաստանում ՀԱՊԿ-ի զորավարժություններից մեկի ընթացքում։ «Կռունկը» թեթև անօդաչու թռչող սարք է` նախատեսված օդային դիտարկման, օբյեկտների մասին տեղեկատվության հավաքման և փոխանցման համար: ԱԹՍ-ի արտադրության մասին 2016-ին որոշ տեղեկություն էր տրամադրել ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը։ Նա մասնավորապես ասել էր. «Նման անօդաչուների մեկ համալիրի գինը (2 ինքնաթիռ, մեկ ղեկավարման կայան) միջազգային շուկայում տատանվում է 2-2,5 մլն դոլարի սահմաններում: Հայաստանը սեփական ուժերով ու տասնյակ անգամներ ավելի քիչ միջոցներ ծախսելով կարողացավ ստեղծել «Կռունկը», որը լայն կիրառություն գտավ հայկական բանակում: Մեր սարքի տակտիկա-տեխնիկական բնութագիրը չի զիջում նույն դասում առկա իր անալոգներին»։

Լուսանկարում՝ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ընթացքում առաջին անգամ ցուցադրված «Կռունկ» ԱԹՍ-ն

Գևորգ Թոսունյան

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում