Ռազմագերիների խնդիր իսկապես քննարկվում է, այն Ղարաբաղյան պատերազմի դադարեցման մասին նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մաս է կազմում․ հունվարի 18-ին 2020 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա հայտնեց, որ այդ խնդիրը քննարկվել է այդ հայտարարության ստորագրումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներում։
Նա հիշեցրեց, որ ռազմագերիների փոխանակման խնդիրը քննարկվել է նաև Մոսկվայում վերջերս Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ:
«Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ այդ խնդիրը բավական երկար քննարկվել է: Ի սկզբանե այս հարցում հեևյալ խնդիրն էր դրված, որ հայկական և ադրբեջանական կողմերը կազմեն այն անհայտ կորած անձանց ցուցակները, որոնց նրանք ցանկանում են դուրս բերել գերությունից: Ադրբեջանը ներկայացրել է նման ցուցակ, քանակն աննշան էր: Նրանք բոլորը ոչ միանգամից, բայց վերադարձվել են: Դրանից հետո ադրբեջանական կողմից անհայտ կորածների, գերիների կամ այլ պահվող անձանց ցուցակներ չեն ներկայացվել», - ասաց Լավրովն ու հավելեց, որ հայկական կողմն այդ ցուցակները ներկայացրել է «ոչ միանգամից և ոչ ամբողջական»:
Լավրովի խոսքով՝ արդեն իսկ տեղի է ունեցել պատերազմի ժամանակ գերեվարված անձանց փոխանակումը, որը նախատեսված էր նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ:
«Այժմ արդեն քննարկվում է այն խնդիրը, որն առաջացել է դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում, երբ հայկական զինվորականների մեծ խումբ էր ուղարկվել այնտեղ, և նրանք գերեվարվել են: Խոսքը 62 մարդու մասին է: Ադրբեջանական կողմը հայտարարում է՝ քանի որ այդ մարդիկ ուղարկվել են այնտեղ զինադադարի հայտարարումից հետո, նրանց խնդիրը պետք է դիտարկել առանձին, այլ ոչ թե որպես նոյմեբերի 9-ի հայտարարությամբ կարգավորվող խնդիր»,- ասաց նա։
ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ այդ խնդիրն այժմ էլ արծարծվում է և այն պետք է լուծել՝ առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: «Ես խոսել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ, որպեսզի տեղեկանամ այդ մարդկանց քանակի մասին: Պարզվեց՝ նրանց թիվը 62-ից ավել է: Այժմ այդ խնդրով զբաղվում են մեր զինվորականները՝ համագործակցելով Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների հետ, որպեսզի անուն առ անուն ճշտեն կորածներին», - ընդգծեց Լավրովը, որի խոսքով՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման «նոյմեբերի 9-ի հայտարարության կետերը բավականին արդյունավետ են կատարվում»:
Նա հատուկ ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությանը կից գաղտնի հավելվածներ գոյություն չունեն: «Ես չեմ տեսնում, թե որ թեմաները կարող են լինել գաղտնի կամ պահվել գաղտնի»:
Լավրովը խոսեց նաև Ղարաբաղի կարգավիճակի մասին՝ նշելով, որ այն չի հիշատակվում նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում, և դա արվել է գիտակցաբար․ «Այդ խնդիրը թողնված է ապագային: Դրանով պետք է զբաղվեն մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք այժմ վերսկսել են իրենց շփումները կողմերի հետ: Պատրաստվում են մեկնել տարածաշրջան: Ղարաբաղի կարգավիճակի հարցն առավել հեշտ կլինի լուծել, եթե այժմ գետնի վրա կատարվեն Երևանից և Բաքվից հնչած այն բոլոր հավաստիացումները, որ գլխավոր խնդիրն է կարգավորել բոլոր էթնիկ և կրոնական համայնքների առօրյա կյանքը Ղարաբաղում, պետք է վերականգնել նրանց խաղաղ և բարիդրացիական համակեցությունը», - նկատեց նա:
Լավրովի խոսքով՝ տարածքը, որի վրա ռուս խաղաղապահներն են տեղեկայված, գտնվում է նրանց պատասխանատվության տակ: «Մենք հենց այս հանգամանքն ենք հաշվի առնում Երևանի և Բաքվի հետ հարաբերություններում: Այժմ մշակվում են տրանսպորտային հաղորդակցության, այնտեղ ապրող մարդկանց հումանիտար աջակցության հետ կապված մանրամասները: Մենք նաև ցանկանում ենք, որ այնտեղ բացի Կարմիր խաչից՝ աշխատեն նաև այլ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի փախստականների հարցերով կոմիտեն: Նրանք այժմ համաձայնեցնում են Երևանի և Բաքվի հետ իրենց գնահատող առաքելությունների հարցը՝ կապված հենց Ղարաբաղի կարգավիճակի հետ»:
Լավրովն «էկզոտիկ» է որակել Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելու մասին հայտարարությունները: «Ղարաբաղի անկախությունը որևէ մեկը, այդ թվում՝ Հայաստանը, չեն ճանաչել: Մենք նման միտք անգամ չունենք: Մենք ելնում ենք այն կետից, որ բոլոր հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, այս պարագայում՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Մենք կաջակցենք այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ամրապնդմանը»,- եզրափակեց նա:
Civilnet











