Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը կրկին տեղի է ունենալու Վիեննայում, այդ մասին ապրիլի 14-ին թուրքական NTV-ի տաղավարում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն:
Չավուշօղլուն Հայաստանից համարձակ քայլեր է ակնկալել՝ ակնարկելով, որ դժգոհ է երրորդ երկրում հանդիպելու հեռանկարից.
«Երրորդ երկրում հանդիպելու ի՞նչ կարիք կա: Մի կողմից Հայաստանը ցանկանում է հարաբերությունների կարգավորում, սահմանների բացում, սակայն մյուս կողմից համարձակություն չի ցուցաբերում հանդիպելու Թուրքիայում կամ Հայաստանում: Եթե չենք կարողանում մեր երկրներում հանդիպում կազմակերպել, ապա ինչպե՞ս ենք այլ հարցերում քայլեր անելու»,- հարցադրում է արել Չավուշօղլուն՝ ավելացնելով, որ «առաջինը թուրքական կողմն է առաջարկել հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Երևանում կազմակերպել»:
Չավուշօղլուն կարծում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում գործում է ճնշման տակ։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայկական սփյուռքը դեմ է կարգավորման գործընթացին:
Այնուամենայնիվ, Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հստակ քայլեր են արվելու, իսկ ներկայում իրականացվում են վստահության բարձրացմանը միտված գործողություններ:
Նա աջակցել է Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանն ու կարևորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ պայմանավորվածությունները։ Ըստ Չավուշօղլուի՝ Հարավային Կովկասում կայունության համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր պետություն կարգավորի իր հարաբերությունները մյուսի հետ:
***
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր կողմերի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը երկու հանդիպում են անցկացրել՝ հունվարի 14-ին Մոսկվայում և փետրվարի 24-ին Վիեննայում։
Բացի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից, մարտի 12-ին Անթալիայում կայացել էր Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։
Civilnet











