Գլխավոր Լրահոս

Տեր-Պետրոսյանն արձագանքել է «Հայկական ժամանակի» հրապարակմանը

Տեր-Պետրոսյանն արձագանքել է «Հայկական ժամանակի» հրապարակմանը

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքի հրապարակմանը, որը վերաբերում է Հայաստանից Ադրբեջանի պահանջներին։ Արձագանքն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Արձագանքը վերաբերում է ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցի այսօրվա հրապարակմանը, որն, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին:

Նախագահը գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը, որի մանրամասներին, ինչպես նշվել էր ՀՀ առաջին նախագահի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում, մինչ այժմ տիրապետում էին միայն վարչապետը և իշխանության վերին էշելոնի մի նեղ շրջանակ: Նույնպիսի նախագիծ, բնականաբար, պատրաստել է նաև Հայաստանը, որի մանրամասները չեն բացահայտվում, և ճիշտ է, որ չեն բացահայտվում՝ ելնելով քաղաքական խորհրդապահության նկատառումներից:

Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից:

Այսպիսով, պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը: Ի դեպ, ՀՀ Առաջին նախագահը հարկ է համարում նաև ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքում («Հայկական ժամանակ» օրաթերթի կայքում) այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հրապարակվել էր «Ի գիտություն Վեհափառ հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը» վերտառությամբ հոդված։ Հղում ունելով «Հավաստի Աղբյուր»-ին՝ կայքը գրել էր, որ «Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ»։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 26-ին, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարել էր․ «Մենք ինֆորմացիա չունենք, թե իրականում ինչ պրոցես է գնում։ Այդ ինֆորմացիային տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանը, որը գիտի, թե Ռուսաստանն ինչ է առաջարկում, Թուրքիան ինչ է առաջարկում, ԱՄՆ ինչ խորհուրդ է տալիս իրենց։ Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին։ Իսկ դա հասկանալու համար մենք պետք է տիրապետենք այդ ինֆորմացիային, որի միակ տերը Փաշինյանն է»,- ասել էր Տեր-Պետրոսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում