Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել Արցախի օրհասական վիճակի մասին՝ հայտարարելով, որ հուլիսի 14-ի առավոտյան Ստեփանակերտի կենտրոնական Վերածննդի հրապարակում հավաքվում են և սկսում համաժողովրդական շարժում։
Դիմելով Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ Ներսիսյանն ասել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության ժողովրդի կյանքն ու անվտանգությունը լրջորեն վտանգված են: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր Արցախցին ապրում է Մայր Հայաստանը սրտում՝ գիտակցումով, որ Հայաստանի Հանրապետությունում ունի երեք միլիոն քույր և եղբայր: Բայց, դժբախտաբար, 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախցին զգաց մենակության դառնությունը: Պատերազմից հետո արցախցիները լավ էին պատկերացնում Մայր Հայաստանի խոցելի վիճակը և բազմաթիվ հարցերում մշտապես մնացել են զուսպ, սեփական զրկանքների գնով փորձել են զերծ պահել Հայաստանի Հանրապետությունը ճնշումներից, անել այնպես, որ մենք որևէ կերպ չդառնանք Հայաստանի համար խնդիր կամ նրա վրա ճնշման գործիք, բայց արդյունքում ստացել ենք նշաձողի իջեցում, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարություն, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսում կամ անորոշություն, չերաշխավորված անվտանգություն, ֆիզիկական գոյության սպառնալիքներ, քաղաքացիական անձանց սպանություններ, թիրախավորման դեպքեր: Այսինքն, այդ ամենից հետո հայ ժողովուրդը խաղաղության նշույլներ անգամ չտեսավ և հիմա, երբ վտանգված է Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը, պետք է վերագնահատման ենթարկենք մեր քայլերն ու հետագա անելիքները և զերծ մնանք հայկական Արցախն ու արցախահայությունը կործանման տանող քայլերից: Հիմա իրավիճակն օրհասական է առավել քան երբևէ, արցախցիները կանգնած են լրջագույն խնդիրների առաջ և պետք է օր առաջ կանգնեցնել այս աղետի ընթացքը: Արցախը բացառիկ նշանակություն ունի հայ ժողովրդի ու հայոց պետականության համար, Արցախը միայն արցախցիներինը չէ: Ուստի, բոլորս միասին պետք է լծվենք արցախապահպան այս սուրբ առաքելությանը:
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ հայրենակիցներ, լուռ մի՛ գտնվեք, մաս դարձե՛ք Արցախում սկսվող համաժողովրդական շարժմանը, գործողություններ ձեռնարկեք Հայաստանի ժողովրդի ու իշխանությունների, Հայաստանում ներկայացված միջազգային դերակատարների առջև Արցախի ժողովրդին պատուհասած աղետի մասին բարձրաձայնելու և գործնական քայլերի մղելու ուղղությամբ»:
Պետնախարարը դիմել է նաև Սփյուռքի հայությանը՝ ասելով, որ «ընդամենը օրեր հետո մեր ժողովուրդը կանգնելու է լրջագույն գոյաբանական խնդիրների առջև: Այս ամենը նաև ձեր լռության ու անտարբերության հետևանքն է, արթնացե՛ք ու աղաղակե՛ք, բացե՛ք բոլոր դռները և հայտարարե՛ք 21-րդ դարի ցեղասպանության մասին: Այսօր աշխարհի շատ երկրներ իրենց պասիվությունն արդարացնում են հենց ձեր վարքագծով. Ապացուցե՛ք, որ արցախցի ձեր եղբայրներն ու քույրերը մենակ չեն, նրանք անպաշտպան չեն»։
Ներսիսյանը դիմել է նաև Ռուսաստանի Դաշնությանը․
«Արցախի ժողովուրդը վստահությամբ ու հավատարմությամբ է վերաբերվել ու վերաբերվում ռուս ժողովրդին, ըմբռնումով է մոտեցել այսօր Ռուսաստանի համար ստեղծված իրավիճակին, բայց մերօրյա Արցախն ու մեր շուրջ տեղի ունեցող իրադարձությունները որոշակի մտահոգություններ են առաջացրել արցախցիների շրջանում, մեր ժողովուրդը տարակուսանքով է հետևում լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախում ուղղաթիռներով խաղաղապահների կարիքները հոգալուն, կան մի շարք երևույթներ, որոնք ծնում են բազմաթիվ անպատասխան ու մտահոգիչ հարցեր: Բայց արդյունքում մեր խնդրանքը մեկն է՝ խնդրում ենք ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը, մարդկանց ու բեռների տեղափոխությունը: Եթե եռակողմ հայտարարության կողմերից որևէ մեկը չի կատարում կամ անպատշաճ է կատարում իր պարտականությունները, ապա այդ ամենի հետևանքների կրողը չի կարող լինել Արցախի ժողովուրդը, և եթե պետք են դիվանագիտա-քաղաքական ջանքեր ու քայլեր, ապա դրանք պետք է գործադրել հենց այդ կողմերի պարտականությունների կատարումն ապահովելու համար»:
Պետնախարարը դիմել է նաև միջազգային հանրությանը՝ ասելով, որ «Արցախի ժողովուրդը, 30 000 երեխաները չեն կարող լինել Արևմուտք-Ռուսաստան հակադրության զոհը կամ սակարկությունների առարկա-հարթակը», «սթափվե՛ք և միջամտության հիմքեր ունենալու համար մի՛ սպասեք մարդկային կյանքերի կործանման նոր դեպքերի, կանգնեցրե՛ք գահավիժող այս արհավիրքը քանի ուշ չէ, ստանձնե՛ք մարդկության անբաժանելի մասը հանդիսացող մեր ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպանության հանդեպ ձեր բաժին պատասխանատվությունը»:
Ելույթի վերջում պետնախարարը արցախցիներին կոչ է արել հուլիսի 14-ի առավոտյան հավաքվել Վերածննդի հրապարակում։
«Հարգելի՛ արցախցիներ, մենք զիջելու, լքելու Արցախ չունենք,Արցախում ապրելը ոչ թե իրավունք, այլ պարտականություն է: Սա գրված ու չգրված օրենք է, սա երդում ու պատասխանատվություն է: Եվ ուրեմն՝ բոլորս մեկ մարդու պես այլևս սկսում ենք մեր գոյության պահպանման, մեր համազգային իրավունքների պաշտպանության համաժողովրդական խաղաղ պայքարը: Վաղը, առավոտյան ժամը իննին բոլորս հավաքվում ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միասին կորոշենք մեր հետագա անելիքները: Պետք է սթափեցնենք բոլորին, հերթական անգամ հնչեցնենք աղետի կոչնակը և մեր անժամկետ քայլերով ու գործողություններով ուշքի բերենք բոլոր դերակատարներին: Հուսով ենք, որ գոնե այս անգամ և այս իրավիճակում Արցախում մեկնարկող համաժողովրդական շարժումը իր անհրաժեշտ արձագանքը կստանա Մայր Հայաստանում և Սփյուռքում: Աստված պահապան լինի Արցախ աշխարհին և Արցախի ժողովրդին»:
Civilnet











