Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյն արձագանքել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակին, որով վերջինս խնդրել էր փորձագիտական կարծիք հայտնել, թե արդյոք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ նշելով որ Օքամփոյը պատասխան նամակ է հղել նախագահին, որտեղ մասնավորապես գրել է.
«Ինձ համար պատիվ կլինի վերլուծել խնդիրը և ձեզ ներկայացնել իմ եզրակացությունը։ Կպատրաստեմ համապարփակ զեկույց՝ վերլուծելով փաստերն ու օրենքը։ Իմ գնահատականը կլինի անկողմնակալ և պրո-բոնո հիմունքներով:
Ցեղասպանության իրականացման վերաբերյալ եզրակացություն անելու համար ես պետք է վերլուծեմ Ադրբեջանի ղեկավարների մտադրությունները, որը կարելի է եզրակացնել հիմնվելով փաստերից: Իմ ճշգրտությունն ու անաչառությունը պաշտպանելու համար ես կգրեմ Ադրբեջանի նախագահին՝ հնարավորություն տալով ուղղակիորեն ճշտել իր դիրքորոշումը։
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ներառյալ 120 000 հայերի սովի վտանգը, ես նախատեսում եմ իմ զեկույցը հրապարակել 7 օրից: Խնդրում ենք վերլուծություն անելու համար հաղորդել ցանկացած նոր հանգամանք, որը կարող է ազդել իրավիճակի վրա:
Հարգանքներով՝ Լուիս Մորենո Օկամպո»:
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը թեմայի կապակցությամբ գրառումներ է կատարել նաև Թվիթերի իր էջում։
«Արցախի նախագահը հարցրել է՝ ադրբեջանական շրջափակումը նոր ցեղասպանությո՞ւն է հայերի դեմ։ Ինձ համար պատիվ է օգնել: Ադրբեջանի նախագահն այսօր ցեղասպանություն իրականացնո՞ւմ է։ Նա կարող է կանխել ցեղասպանությունն Արցախում»,- ասված է Լուիս Մորենո Օքամփոյի գրառումներում։
The President of Artsakh asked: is the Azerbaijan blockade a new genocide against Armenians? I'm honored to help #StopArmenianGenocide2023
— Luis Moreno Ocampo (@MorenoOcampo1) July 30, 2023
Is the President of Azerbaijan committing genocide today? He can #StopArmenianGenocideInArtsakh #StopArmenianGenocide2023
— Luis Moreno Ocampo (@MorenoOcampo1) July 30, 2023
Civilnet











