Երևանի ավագանու ընտրություններ․ ինչ պետք է իմանալ ընտրակարգի մասին

Գևորգ Թոսունյան
Սեպտեմբերի 17-ին Երևանում անցկացվելու են ավագանու ընտրություններ։ Դրանք տեղի են ունենում համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։ Ինչպե՞ս է տեղի ունենում ընտրությունը, ինչպե՞ս է ձևավորվում քաղաքային իշխանությունը։
Ընտրական օրենսգրքի 2021-ի փոփոխություններով՝ տարածքային ցուցակները կամ առավել հայտնի՝ «ռեյտինգային» համակարգը փոխարինվեց համամասնական ընտրակարգով։ Նախկինում կուսակցություններ ընտրելուց բացի՝ քաղաքացիները կարող էին քվեարկել նաև իրենց ընտրական տարածքում առաջադրված կոնկրետ թեկնածուի օգտին։ Այսկերպ՝ «ռեյտինգային» կոչվող ցուցակը հնարավորություն էր տալիս կոնկրետ տարածքներում ազդեցիկ խմբերին ու ուժերին ձայներ հավաքել կուսակցությունների համար։ 2021-ից հետո դա հանվեց, այսինքն՝ քաղաքացիներն ընտրելու են միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքի։
Փոփոխությունների արդյունքում ամրագրվեց, որ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:
Քաղաքացիները ընտրում են ոչ թե քաղաքապետ, այլ ավագանի։ Երևանի ավագանիում ձայների մեծամասնությունը ստացած ավագանու առաջին համարն էլ դառնում է քաղաքապետ կամ էլ քաղաքապետ է ընտրում հենց ավագանին՝ կախված ձայների հարաբերակցությունից։
«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները։ Թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ կուսակցության ընտրական ցուցակով:
Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը։ Բացի այդ, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել այդ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:
Ինչպես է ընտրվում կամ նշանակվում քաղաքապետը
Քաղաքապետն ընտրվում կամ նշանակվում է ընտրությունների արդյունքների ամփոփումից ու ավագանու ձևավորումից հետո՝ ավագանու կազմից։
Եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:
Այն դեպքում, երբ ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը հրաժարվում է կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:
Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Հակառակ դեպքում՝ առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները: Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:
Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:
Civilnet










