Գլխավոր Լրահոս

Խոստում-իրականություն. «Իմ քայլի» չկատարված խոստումները

Խոստում-իրականություն. «Իմ քայլի» չկատարված խոստումները

Անի Ղումաշյան, #CivilNetCheck

«Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը օգոստոսի 24-ին «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել էր, թե իրենք կատարել են քաղաքացիներին տված բոլոր խոստումները և ներկայում հանդես են գալիս ավելի հավակնոտ հնգամյա նոր ծրագրով։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմն ուսումնասիրել է «Իմ քայլը» դաշինքի 2018-ի նախընտրական ծրագիրը և պարզել, որ խոստումների մի մասը հինգ տարի անց ընթացքի մեջ է, որոշները չեն կատարվել կամ կրկին հայտնվել են արդեն նոր ծրագրում։ 

2018-ի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ «Իմ քայլը» դաշինքը, որի մեջ մտնում էին «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունները, ներկայացրեց 50 կետից բաղկացած նախընտրական ծրագիր։ Դրանում խոստանում էին համակարգային փոփոխություններ իրականացնել և հիմնովին լուծել քաղաքի ամենատարբեր խնդիրները։ 

Մետրոյի նոր կայարաններ կառուցելու խոստումներն ավելանում են, մինչդեռ 2018-ից խոստացված Աջափնյակի կայարանի նախագիծը դեռ պատրաստ չէ

Երևանի ներկայիս քաղաքային իշխանությունները 2018-ի նախընտրական ծրագրի՝ տրանսպորտի վերաբերյալ բաժնում նշել էին, որ առաջիկա հինգ տարում պետք է կառուցվի «մետրոյի առնվազն մեկ կայարան»։ 

Արդեն 2019-ին քաղաքային իշխանությունները խոստանում էին 2020-ի սկզբին մեկնարկել «Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը»։ Մինչ օրս, սակայն, 2018-ին տրված և հետագա տարիներին բազմիցս կրկնված այս խոստումը այդպես էլ չի իրականացել, բայց կրկին հայտնվել է «Քաղաքացիական պայմանագրի» 2023-ի նախընտրական ծրագրում։

Աջափնյակի նոր կայարանը նախագծող ընկերությունը մրցույթով ընտրվել էր դեռ 2021-ի հոկտեմբերին։ Իշխանությունները խոստանում են մինչև 2023-ի տարեվերջ ունենալ ամբողջական նախագիծը և շինաշխատանքները մեկնարկել 2024-ի սկզբին։ 

Այժմ, սակայն, քաղաքային իշխանությունները վերընտրվելու դեպքում խոստանում են Աջափնյակի կայարանից բացի՝ մինչը 2028-ը կառուցել «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների հատվածում մետրոյի նոր կայարան, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ունենալ մետրոյի նոր կայարանի պատրաստի նախագիծ։ 

Երևանի մետրոյի զարգացման սխեման՝ Աջափնյակ, Սուրմալու և Նազարբեկյան կայարաններով.

Քաղաքապետի թեկնածու Տիգրանի Ավինյանը խոստանում է՝ նաև քարոզարշավի ժամանակ, կառուցել նաև մետրոյի «Նազարբեկյան» կայարանը։ Այս խոստումը, սակայն, նախընտրական ծրագրում չի ընդգրկվել։

Հասարակական տրանսպորտի ձգձգվող բարեփոխումները

«Ամբողջությամբ փոխել շարժակազմը, ներդնել միասնական տոմսային

համակարգ, վերանայել երթուղիներն ու կանգառները, ուղևորների հատուկ

խմբերի համար ներդնել զեղչային համակարգ». այս կետերը «Իմ քայլի» ծրագրի՝ հանրային տրանսպորտի բարեփոխումներին վերաբերող խոստումներից են, որոնց ներդրումը մինչ օրս ձգձգվում է: 

Պաշտոնական տվյալներով՝ ներկայում Երևանի երթուղիներում կա համայնքային շուրջ 800 ավտոբուս, որից 120-ը՝ «Հիգեր» ավտոբուսներն են, 110-ը՝ «Հյունդայի», 7-ը՝ «Պազ», 361-ը՝ «Ժոնգ Թոնգ» (ևս 30–ը կլինեն մինչև տարեվերջ) և 87-ը՝ «ՄԱՆ» ավտոբուսները, իսկ 100-ը՝ «Գազել Սիթի» միկրոավտոբուսները։ Հաշվեկշռում առկա է 41 տրոլեյբուս։ Բացի այդ, քաղաքապետարանը ձեռք է բերել 30 տրոլեյբուս, որից 15-ն արդեն շահագործվում է։

Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերջին նախագծով 663 տրանսպորտային միջոց պետք է փոխարինված լիներ, նախատեսվում էր, որ կգործի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Անհրաժեշտ փոխադրամիջոցների ընդհանուր թիվը 946-ի պիտի հասցնեին: 

Մինչդեռ, թեև 2023-ի օգոստոսի 15-ից երթուղիններից հանվել են «մահվան» «Գազելները», սակայն երթուղիներում շարունակում են մնալ հնամաշ «Հիգեր» և «Հյունդայի» ավտոբուսները, որոնց մեծ մասը նույնիսկ երթուղի դուրս չի գալիս, ինչպես նաև ամբողջությամբ չեն ապահովվել նոր երթուղային ցանցով նախատեսված տրանսպորտային միջոցները: Մինչդեռ, ներկայում երթուղում փաստացի մոտ 600 ավտոբուս և միկրոավտոբուս կա։ 

Այսինքն խոստումը, որ շարժակազմն ամբողջությամբ պիտի փոխվեր հինգ տարիների ընթացքում, ամբողջովին չի արվել:

Տրանսպորտային համակարգի մյուս բարեփոխումը վերաբերում է տոմսային համակարգի ներդրմանը: 2022-ի նոյեմբերին նոր մրցույթ էր հայտարարվել, որի հաղթող ճանաչվել է «Թելսել»-ը, սակայն համակարգը մինչև օրս չի ներդրվել: Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը սեպտեմբերի 7-ին խոստացել է մինչև տարեվերջ Երևանի հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգ ներդնել: Միասնական տոմսային համակարգի պիլոտային տարբերակն այս պահին գործում է միայն մեկ երթուղում:

Միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ, «Իմ քայլը» 2018-ին խոստացել էր նաև ուղևորների հատուկ խմբերի համար ներդնել հասարակական տրանսպորտի զեղչային համակարգ։ Այս խոստումը ևս չի կատարվել, քանի որ նախևառաջ չի ներդրվել տոմսային համակարգը։

Հանրային տրանսպորտին վերաբերող խոստումներից մեկը բավականին ուշագրավ է, ըստ դրա՝ պիտի ապահովվեր քաղաքային տրանսպորտի հասանելիություն՝ առնվազն մինչև 24:00-ն: Մինչդեռ այս մասով էլ երևանցիները մշտապես բողոքում են՝ ավտոբուսները ուշ-ուշ են գալիս, իսկ երեկոյան ուշ ժամերին հաճախ պարզապես չկան, չնայած պետք է գործեն մինչև կեսգիշեր։

Այսպիսով տրանսպորտի բարեփոխումների վերաբերյալ 2018-ի խոստումները գրեթե նույնությամբ կրկնվում են 2023-ի նախընտրական ծրագրում: Այնինչ խոստումները կատարված պիտի լինեին անցած 5 տարինների ընթացքում:

«Քաղաքացիական պայմանագրի» 2023-ի նախընտրական ծրագրից

Աղբի վերամշակման գործարան կառուցելու համար պիտի Նուբարաշենում նոր աղբավայր կառուցվի

Դեռ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կառավարման տարիններից Երևանի քաղաքային իշխանությունները խոստանում են աղբի վերամշակման գործարան կառուցել:

«Իմ քայլը» ևս 2018-ին խոստացել էր Երևանում  աղբի վերամշակման գործարան կառուցել, ինչը մինչ օրս չի իրականացվել։ Պատճառը, ըստ քաղաքապետարանի, ծրագրի ծախսատարությունն ու նոր աղբավայրի բացակայությունն է։

«Աղբի վերամշակումը բավականին ծախսատար է: Աղբի վերամշակման գործարանում առաջացած մնացորդային աղբը պետք է հավաքվի քաղաքային նոր աղբավայրում»,- հայտնում են քաղաքապետարանից։

Ըստ պատասխանի՝ Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման, Աջափնյակի և Նուբարաշենի գործող աղբավայրերի փակման համար հայտարարվել է մրցույթ, որը չի կայացել. «Մրցույթին գնային առաջարկը բարձր է եղել նախահաշվային արժեքից: Ծրագիրը անցել է տեխնիկա-տնտեսական վերագնահատման փուլ: Արդյունքները կառավարությունում են, ամփոփումից հետո կհայտարարվի Նուբարաշենի նոր աղբավայրի նախագծման և կառուցման մրցույթները: Ինչպես նաև Աջափնյակի և Նուբարաշեն աղբավայրերի փակման համար համապատասխան աշխատանքների մրցույթը»:

2023-ի նախընտրական ծրագրում «ՔՊ» կուսակցությունը խոստանում է կառուցել կենցաղային թափոնների քաղաքային նոր աղբավայր: 

Այսպիսով, դեռ 2018-ին խոստացված աղբի վերամշակման գործարան ունենալու ծրագիրը չի իրականացել:

43 584 ծառ՝ խոստացված 500 000-ի փոխարեն

2018-ի նախընտրական ծրագրում «Իմ քայլը» խոստացել էր տնկել 500 000 ծառ մայրաքաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև կանաչապատել և ընդլայնել ոռոգման համակարգը «Նորքի անտառ» և Սարալանջ փողոցին հարակից տարածքում:

Երևանի քաղաքապետարանից փոխանցեցին` վերջին հինգ տարվա ընթացքում տնկվել է 43 584 ծառ, այդ թվում՝ Սարալանջում 2021-ին՝ 140 ծառ, 2022-ին՝ 1 650 ծառ, իսկ 2023-ի գարնանը՝ 3 000 ծառ: 

Ինչ վերաբերում է Նորքի բարձունքում առկա 10 հա համայնքային նշանակության հողատարածքի կանաչապատմանը, ապա հայտնեցին, որ դեռ իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ: Ոռոգման համակարգ չի ներդրվել, և  ժթեև կաթիլային ոռոգման համակարգի ներդրման մասին կետ կար 2018-ի նախընըրական ծրագրում, և կառավարությունը գումարը փոխանցել է, այնուամենայնիվ մրցույթը հաղթած կազմակերպությունը ոչինչ չի արել տարածքում և ներկայում դատական գործընթաց է ընթանում։ 

Յոթ վարչական շրջաններում շների զբոսայգիներ առայժմ չկան

2018-ի ծրագրով նախատեսվում էր Երևանի բոլոր վարչական շրջաններում շների զբոսանքի համար առանձնացված  հատուկ տարածքներ ունենալ։ 

Որոշ վարչական շրջաններում, սակայն, զբոսայգիները դեռևս նախագծահաշվարկային փուլում են:

Քաղաքապետարանից հայտնում են, որ իրենց մոտ արդեն կան շների զբոսանքի համար առանձնացված զբոսայգիների նախագծահաշվարկային փաստաթղթերը՝ Դավթաշեն, Շենգավիթ, Նուբարաշեն, Արաբկիր, Ավան, Քանաքեռ-Զեյթուն և Էրեբունի վարչական շրջաններում:

Կենտրոն վարչական շրջանում շների զբոսանքի համար առանձնացված այգին «Օղակաձև» զբոսայգում է: Նոր Նորքում՝ «Նանսեն»-ի այգում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ «Սիրո և հավատի զբոսայգում», Աջափնյակ վարչական շրջանում Հալաբյան փողոց՝ «Թումոյի» այգու տարածքում շների զբոսանքի համար առանձնացված զբոսայգիները արդեն կառուցվել են: 

2018-ից ընդամենը մեկ վերգետնյա ավտոկայանատեղիի կառուցման փաստաթղթեր են կազմվել

Երթևեկության բեռնաթափման նպատակով 2018-ի նախընտրական ծրագրով նախատեսվում էր կառուցել վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիներ։ Քաղաքապետարանն այս տարի միայն՝ 2023-ին, նախաձեռնել է մեկ վերգետնյա ավտոկայանատեղիի կառուցման համար անհրաժեշտ աշխատանքների մեկնարկը: Քաղաքապետարանից փոխանցեցին՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ են ընթանում՝ Տիգրան Մեծ պողոտայում դեպի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի տանող ճեմուղու աջակողմյան հատվածում կառուցելու նպատակով: 

Այսպիսով, ներկայիս քաղաքային իշխանությունները վերջին հինգ տարիների ընթացքում չեն կարողացել կյանչի կոչել իրենց իսկ ծրագրով խոստացված մի շարք կարևոր կետեր, որոշները կիսատ են դեռ, որոշներն էլ թեև կատարվել են, սակայն դրանց որակը կասկածի տակ է, օրինակ՝ աղբահանության հարցը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում