Գլխավոր Լրահոս

Հետկապիտուլյացիոն բախումը Ստեփանակերտի «Պառալելնի» և Կրկժան թաղամասերում

Հետկապիտուլյացիոն բախումը Ստեփանակերտի «Պառալելնի» և Կրկժան թաղամասերում

Սեպտեմբերի 19-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո՝ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11-ն անց, Ստեփանակերտի բնակիչները «Պառալելնի» և Կրկժան թաղամասերից կրակոցներ են լսել։ Այս երկու թաղամասերը գտնվում են Ստեփանակերտի հարավ-արևմուտքում՝ Ստեփանակերտի գլխավոր հրապարակից մոտ 1,5 կմ հեռավորության վրա։

2023-ի սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի զինված ուժերի մեկօրյա լայնածավալ ռազմական ագրեսիան ավարտվեց Արցախի կապիտուլյացիայով։

Հրադադարի պայմանավորվածության մասին հայտարարվեց սեպտեմբերի 20-ին։ Որոշվեց հետագա հարցերը քննարկել սեպտեմբերի 21-ին Եվլախում՝ Ադրբեջանի սահմանադրության շրջանակում։ Արցախի բնակիչների համար կարծես թե պատերազմն արդեն անցյալում էր, մինչդեռ սեպտեմբերի 21-ին ժամը 11։30-ի սահմաններում Ստեփանակերտի «Պառալելնի» և Կրկժան թաղամասերից կրակոցներ լսվեցին, ինչի հետևանքով այդ տարածքի կանանց ու երեխաներին տարհանեցին։ Ուշագրավ է, որ ընդհարումը տեղի էր ունենում Եվլախում ընթացող քննարկումներին զուգահեռ։ 

ՍիվիլՆեթը զրուցել է ընդհարման մասնակիցների և այդ թամաղասի բնակիչների հետ՝ փորձելով հասկանալ եղելության մանրամասները։

Արսեն Սիմոնյանի և Արշակ Մանուկյանի անուները փոխված են, քանի որ նրանք չեն ցանկացել ներկայանալ իրական անուններով։ 

Ըստ գործողությունների մասնակիցների՝ ընդհարման էպիկենտրոնը «Պառալելնի» թաղամասն էր (այդպես է կոչվում, քանի որ իրար զուհագեռ ժապավենաձև վեց փողոց է ձգվում), որտեղ տեղակայված էին Ազգային անվտանգության ծառայության զորքերը։ ԱԱԾ զորքերի ծառայող Արսեն Սիմոնյանը մեզ պատմեց, որ այդ վայր մեկնել են սեպտեմբերի 20-ին՝ մոտ ժամը 11։30-ին կամ 12-ին (հրադարարը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 21-ի ժամը 13։00-ին)։

Արման Պետրոսյանն էլ, որը կամավորագրվել էր ԱԱԾ զորքերին, ՍիվիլՆեթի եթերում ասաց, որ իրենց անձակազմի մի մասը սեպտեմբերի 20-ին Ստեփանակերտ մեկնելու խնդիր ստացավ․ «Մեզ տեղակայեցին Կրկժան կոչվող հատվածում, որտեղ ստեփանակերտցիների լեզվով ասած՝ Պառալելնիի պաշտպանությունը պիտի կազմակերպեինք հարակից բլրի վրա։ Խնդիրը ստանալուց հետո մեր անձնակազմը տեղակայվել էր ըստ տեղաբախշման վայրերի»։

Արսեն Սիմոնյանը մանրամասնում է, թե ինչպես են մեկնել ու դիրքավորվել թաղամասում․ «Մեզ տարել են Խաչից ձախ (Խաչին տափ կոչվող վայր)՝ ավելի շատ դեպի Ստեփանակերտի քաղաքային գերեզմանոց։ Ո՛չ խրամատ կար կտրած, ո՛չ էլ որևէ այլ բան։ Ժամը 10-11-ին մեր «կանտորից» դուրս ենք եկել, մեքենան դպրոցի մոտ կանգնել է (9-րդ դպրոց), ամբողջը թողել ենք այնտեղ, զենք-զինամթերք վերցրել, դպրոցից բարձրացել ու հասել վերևի տները։ Պարզվել է, որ մեր առջևում մարդ չկա։ Հետո գիշերը բարձրացել ենք վերև, Խաչի տակի հարթակ։ Պիտի գնայինք պոստ կագնեինք։ Վեց հոգով բարձրացել ենք, պոստի նստել։ Ամբողջ գիշեր դիտարկել ենք, մի շատ լավ տեպլովիզոր ունեինք»։

Արսեն Սիմոնյանը նաև պատմում է, որ Խաչից հակառակորդը մոտ 300-350 մետրի վրա էր։ Այդ թիվը լավ է հիշում, քանի որ հեռաչափով չափել են․ «Դեպքը սկսվելուց առաջ առավոտյան տեխնիկայի ձայն ենք լսել, բայց թե ինչ տեխնիկա էր՝ չերևաց, քանի որ մեր կողմից օդ բարձրացված բոլոր ԱԹՍ-ները թշնամու ՌԷՊ-ը (Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ) «տարել» է։ Իմ իմանալով՝ տեխնիկայի ձայնը վկայում էր մեծ քանակությամբ մարդկանց բերելու մասին»։ 

Ըստ Սիմոնյանի՝ ժամը 10-11–ի կողմերը հակառակորդի առաջին խումբը մտնում է ձոր․ «Շատ հանգիստ, ասես, պլանավորված լիներ, գիտեին, որ չեն խփելու։ Հետո երկրորդ խումբն է դուրս գալիս։ Ինը-հոգանոց խմբեր էին, հաշվել եմ։ Լրիվ հանդերձավորված, «վեշմեշոկներով»»։

ԱԱԾ-ականը պատմում է, որ կապ են տվել վերադասին, ասել են՝ չխփեք, թեև արդեն երկրորդ խումբն էր մտնում ձոր․ «Երրորդ խումբը արդեն մտնելիս, խաբար չենք անում՝ խփենք, թե չխփենք, երկու փամփուշտ ենք ոտնատակերին կրակում, սկսում են մեզ հայհոյել։ Մեր դիպուկահարը հիանալի աշխատում է, խփում է ճակատին՝ սաղավարտի միջով»։

Ըստ ԱԱԾ-ականի, սրանից հետո խմբի ավագը սկսում է ներքև իջնել՝ ենթականերին կոչ անելով հետևել իրեն։ Այդ ժամանակ նա տեսնում է, թե ինչպես է թաղամասի բնակիչներից մեկը իրերը ձեռքին փախչում։ Բնակչին համոզելուց հետո, որ հայ են, երկու ԱԱԾ ծառայողներով օգնում են նրան․ «Ես ու ընկերս իրերը վերցնում ենք, տղաներից մեկին էլ թողնում ենք, տակից կրակում էր դեպի ձորը, չէր տեսնում, բայց դե ստիպված կրակում էր այդ ուղղությամբ։ 5-րդ «զուգահեռի» հարթակում ավտոն կանգնած էր։ Իրերը տեղադրում ենք մեքենայի մեջ, էս մարդը ուղևորվում է, մենք էլ գնում ենք դեպի աստիճաններ»։

Ըստ Արսեն Սիմոնյանի, կրակոցներից հետո ադրբեջանցիների կեսը Կրկժանի կողմ է գնացել, կեսն էլ դեպի Ջրհան կայանի կողմ, որտեղ ևս ակտիվ փոխհրաձգություն է տեղի ունեցել, գործի են դրվել գնդացիրներ ու նռնականանետ, հակառակորդը նույնիսկ ականանետ է գործի դրել։

Սիմոնյանը պատմում է, որ դրանից հետո մեկ այլ անախորժություն է տեղի ունենում Պառալելնու աստիճանների՝ «Շվեյցարսկու» մոտ (ժամանակին Ֆրանկ Մյուլլեր ժամակացույցների գործարան կար Ստեփանակերտում). ստեփանակերտցիներն իրենց ուղղությամբ կրակ են բացում՝ կարծելով, որ նրանք թշնամիններ են։ Բնակիչներին համոզելուց հետո, որ հայ են, նրանց տարհանում են տներից։  

ԱԱԾ վարչությանը կամավորագրված Արման Պետրոսյանը, անդրադառնալով այս դրվագին, պատմում է. «Նրանք սովորական քայլելով փորձեցին բլուրը իջնել, այդ ընթացքում մենք կարողացանք ճիշտ իրականացնել խաղաղ բնակչության դուրսբերումը այդ թաղամասերից։ Դրանից հետո հակառակորդը առաջխաղացմանը զուգընթաց կիրառեց 60 մմ ականանետեր։ Նորից մեր վարչությունը մտավ փոխհրաձգության մեջ՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի կորուստ։ Հակառակորդը, կագնեցնելով առաջխաղացումը, փոխեց մարտավարությունը և սկսեց դիպուկահարների միջոցով ճնշել մեր ռեզերվային զորքի տեղաշարժը։ Մեր մյուս վարչությունից և բանակի սպեցնազից օգնության էին գալիս մեզ»։  

Արսեն Սիմոնյանն էլ է ասում, որ այդ փոխհրաձգությունից հետո ադրբեջանցիները դիպուկահարներ էին շարել, ու մի պահ ինքը հայտնվել էր նրանց կրակի տակ, երբ ընկերոջ հետ թաղամասի խաչմերուկներն էին «սանրում»։

Սակայն, ըստ ՊԲ զինծառայող Արշակ Մանուկյանի, որը սեպտեմբերի 20-ի գիշերվանից մարտական հերթապահություն էր իրականացնում Կրկժանի աղբյուրի մոտ, ընդհարումը եղել է ոչ թե «Պառալելնի» ներթափանցած, հետո դեպի իրենց մոտ շարժված խմբերի հետ, այլ «Պառալելնիում» տեղի ունեցած փոխհաձգությունից հետո ադրբեջանցիները իրար կապ են տվել և հրաման ստացել, որ Ստեփանակերտի շրջակայքում տեղակայված զորախմբերը կրակ բացեն ու առաջխաղացում ապահովեն։ «Պառալելնի» թաղից փոխհրաձգությունը տեղափոխվել է Կրկժան։ 

Արշակ Մանուկյանը ՑՕՐ–ի հակաօդային պաշտպանության զինծառայող էր, սեպտեմբերին նրանք վեց հոգով մարտական հերթապահություն էին իրականացնում Կրկժանի աղբյուրի մոտ։  Վիրավորներից մեկն էլ եղել է նրանցից մեկը՝ փամփուշտը վիրավորել էր ոտքը։ 

Արշակ Մանուկյանը պատմում է, որ ամբողջ ընդհարումը տևել է մոտ 30 րոպե, ինչից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են հայերի ու ադրբեջանցիների միջև։ Դեպքի վայր է ժամանել նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ 

ՀՕՊ-ի տղաների ռադիոկապը լսում էր Կրկժանի բնակիչ, ՀՕՊ-ի ծառայող Գուրգեն Աբրահամյանը։ Պատերազմին մասնակցությունից հետո նա հանգիստ էր վերցրել ու գտնվում էր տանը։ Նա ռադիոկապով լսում էր Կրկժանում գտնվող տղաների խոսակցությունը․

«Չէի  կարողանում կապ տալ, բայց կարողանում էի կապը ընդունել, լիցք չուներ ռացիան։ Հասկացել եմ, որ ասում են՝ թուրքերը գալիս են, հրամանատարի հետ էին խոսում, որ անհնար է պահելը, պայքարելով նահանջում ենք, և բոլորս իրար կորցրել ենք։ Մեր թաղում մի քանի հոգով պաշտպանություն ենք բռնում, մեկ էլ ԱԱԾ-ից մի խումբ է գալիս, սնայպեր ունեին, հանում են տանիք»,- պատմում է Գուրգեն Աբրահամյանը։ 

Նա լրացնում է, որ ադրբեջանցիները «Պառալելնիով»  են առաջացել, ոչ թե բուն Կրկժանով։ Պատմում է, որ դեպքի վայր եկած Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի, խաղաղապահների և ադրբեջանցի գեներալների բանակցություններից հետո ադրբեջանցիները սկսել են նահանջել․ դա նկատել էր նաև տանիքում դիրքավորված ԱԱԾ դիպուկահարը։

ԱԱԾ ծառայող Արսեն Սիմոնյանն էլ է հաստատում, որ բախումից հետո յուրայիններից երկու հոգի առաջնային դիրքում են մնացել՝ ձորի պռունկում, մի քանիսը հետ են քաշվել ու դիրքավորվել «Պառալելնու» տներում, որոշներն էլ թաղամասի խաչմերուկներն էին ստուգում։  

Իրավիճակի բերումով դիրքապահ դարձած ՀՕՊ-ի ծառայող Արշակ Մանուկյանի խոսքով՝ սեպտեմբերի 21-ի լուսադեմին այլ միջադեպ էլ է եղել․ ադրբեջանցիների 20-հոգանոց խումբ են հայտնաբերել Կրկժանի տներից մեկում և խնդրել են դուրս գալ․ «Կանչել ենք… մի 20 հոգի մարդ էր: Կուտը տվել ենք, դուրս են եկել։ Ասացինք, որ ամեն ինչ ավարտվել է. խուսափենք զոհերից։ Մենք էլ ենք խփելու, դուք էլ։ Ուրիշ ձև չունենք»։

Կրկժանում ու «Պառալելնի»-ում տեղի ունեցած գործողությունների արդյունքում

Հայկական կողմն ունեցել է առնվազն երկու վիրավոր։ Մեր զրուցակիցները հակառակորդի կրած զոհերի ու վիրավորների քանակի մասին տարբեր թվեր են հայտնում, բայց որ հակառակորդը առնվազն մեկ զոհ է ունեցել, միակարծիք են։ 

Սեպտեմբերի 20-ին հրադադարից մեկ-երկու ժամ անց Կրկժանում հանդիպել եմ (հեղինակ՝ Հայկ Ղազարյան) ԱԱԾ սպաներից մեկին։ Նա ասաց, որ ղեկավարությունը տեղյակ էր պահել փաստաթուղթ ստորագրելու մասին, ուստի ցուցում էր տրված, որ պետք է ամեն ինչ անել և ստորագրման պահին հակառակորդին թույլ չտալ, որ նա ներթափանցած լինի քաղաք։

Արսեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ սեպտեմբերի 23-ին ռուսները ասել են՝ իջեք դիրքերից, քանի որ ադրբեջանցիները 5 կմ նահանջել են, բայց իրականում 500 մետր են հետ քաշվել։ Իսկ ավել ուշ ռադիոհետախուզությունը հայտնել էր, որ ադրբեջանցիները մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր են կուտակել («Պառալելնու» թաղերից մոտ 1,5 կմ-ի վրա), որպեսզի մտնեն ու ձերբակալեն զինված մարդկանց։ Այդ իսկ պատճառով ԱԱԾ-ականները քաղաքացիական հագուստով «Պառալելնու» տներում էին մնում։ Սեպտմբերի 21-ին տեղի ունեցած դեպքից հետո տարածքի բնակիչները պահակախումբ էին կազմակերպել և գիշերը հսկում էին փողոցները։ 

Սիմոնյանն ասում է, որ առավոտյան 8-ին հայտնել են, որ ժողով է։ Իրենց հրամանատարը գնում է ժողովի․ «Եկավ ու ասաց՝ լրիվ զինաթափում։ Գնացինք հանձնեցինք զենքերը։ Հանձնելը ո՞րն է՝ թափել ենք։ Ասացին, որ դուք այսօրվանից ծառայող չեք»։ 

Անձնական (հեղինակի կողմից)

Ես այդ օրը Ստեփանակերտի «Բազարի թաղում» էի՝ քրոջս տանը։ Լսելով փոխհրաձգությունը՝ կարծեցի, որ զինված ու հուսահատ քաղաքում ինչ-որ մարդիկ պարզապես «խուլիգանություն» են անում։ 11։45-ին Ստեփանակերտի մամուլի ակումբի գործընկերոջիցս ձայնային հաղորդագրություն ստացա, որ դուրս է գալիս գրասենյակից, քանի որ կրակոցներ են լսվում, ու մարդկանց հոդորում են դուրս գալ տարածքից։

«Բազարի թաղից» Ստեփանակերտի մամուլի ակումբ ոտքով 10-15 րոպե է։ Անցա գլխավոր հրապարակով, բայց իրարանցում չնկատեցի քաղաքում։ Իսկ Ստեփանակերտի մամուլի ակումբում լսվում էին փոխհրաձգության ձայներ, որոնք քիչ անց կտրեցին։ Ժամը մոտ 16:30-ին քայլեցի հորեղբորս տուն՝ Զորգե փողոց (ճանապարհին ականատես լինելով, թե ինչպես են որոշ զինվորականներ կամ նրանց հարազատներ այրում զինվորական համազգեստը), որը «Պառալելնուց» գտնվում է մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Երկար տարածություն քայլելուց հետո հասկացա, որ փողոցում մարդ չկա։ Քիչ անց մերոնք հայտնվեցին, որոնք զինված էին, և հայտնեցին, որ կանանց ու երեխաներին տեղափոխել են Իվանյան՝ խաղաղապահ զորակազմի բազա։ Մի քանի օր նրանք հարևանների հետ փողոցում պահակախումբ էին կազմակերպել՝ մինչև Արցախի բնակչության զանգվածային տարհանումը։

Հայկ Ղազարյան

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում