Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի։
«Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում։
Այսօր ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր մեկ այլ զինխառայողի մահվան մասին։ Մասնավորապես, ժամը 06:20-ի սահմաններում մարտական դիրքում հայտնաբերվել էր պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Քննչական կոմիտեն հաղորդել է, որ նախնական տվյալներով հրազենային վիրավորումը հասցրել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողը, նա ձերբակալվել է։ Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, պայմանագրայինի մահվան մասին տեղեկությունը ստացվել է ՊՆ ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժնից։
Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են նաև, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, հանդիպել հրամանատարական կազմի հետ. «Էդվարդ Ասրյանը, անդրադառնալով զորամիավորմանը ենթակա ստորաբաժանումներում տեղի ունեցած դեպք-պատահարներին, կարգադրել է անել ամեն հնարավորը՝ պատշաճ քննություն անցկացնելու, պատճառները պարզելու, հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար»։
Civilnet











