Հայաստանն ու Ադրբեջանը սահմանված ժամկետում չեն համաձայնեցրել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագծերը

Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը, հայտնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։

«Համապատասխան պայմանավորվածությունների համաձայն՝ հանձնաժողովներն իրականացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքներ: 2024-ի հուլիսի 1-ի դրությամբ հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ»,- ասված է հաղորդագրությունում։

Փոխվարչապետի գրասենյակից նշում են, որ բանակցությունները շարունակվում են «կառուցողական հունով, նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»։

***

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել էին Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Այդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կողմերը մինչև հուլիսի 1-ն արդեն պետք է ավարտին հասցրած լինեին սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, որից հետո պետք է մեկնարկեր «դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը»։

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։ Համաձայնությունից հետո սահմանազատման հարցով ինը հանդիպում է կայացել՝ յոթը հայ-ադրբեջանական սահմանին, մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում։

Մեկնաբանել