Գլխավոր Լրահոս

Կարեն Անդրեասյանը հեռանում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից

Կարեն Անդրեասյանը հեռանում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից

Կարեն Անդրեասյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հրաժարվում է Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից։ Անդրեասյանը գրառումն արել է շրջանառվող լուրերի ֆոնին, ըստ որոնց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի երեկոյան կադրային ջարդ է իրականացրել կառավարությունում և իրավապահ համակարգում։ Կառավարամերձ տելեգրամյան ալիքները հայտնում են ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի պաշտոնանկության մասին։ Ըստ տեղեկությունների՝ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և առաջիկայում ազատման դիմում կներկայացնի նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Տեղեկությունների պաշտոնական հաստատում դեռևս չկա։ Անդրեասյանի գրառումը՝ ստորև։

«Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ:

Դրա փոխարեն թույլ տվեք անհամեստորեն ասել, որ դատական համակարգը դուրս եմ բերել խայտառակ ճգնաժամից: Ներսի մարդիկ դա հաստատ գիտեն ու երևի կընդունեն (բացառությամբ մի քանիսի ու նրանց մերձավորների, որոնց ցավեցրել եմ հանուն համակարգի վիրահատական բուժման):

Նաև տասնյակ ինստիտուցիոնալ հիմքեր եմ դրել, որոնք եթե չապականվեն, ապա դատարան մտնող բոլոր մարդիկ մեկ-երկու տարուց կօգտվեն դրանց արդյունքներից: Դատական համակարգում մեր ներկայիս բոլոր անհաջողությունները միջնաժամկետ կտրվածքով են, քանի որ այսօրեական հանրային արդարացի պահանջները երկու տարում հնարավոր չէր բավարարել, իսկ անարդար սպասելիքները չենք էլ ուզել բավարարել: Որպեսզի հիմնավոր բացատրեմ, թե ինչու և ինչպես բեկվեցին բոլորի դրական ակնկալիքները դատական համակարգից, պետք է հատորներով գրեմ: Հրաժարականի տեքստը շատ քիչ է դրա համար:

Անկեղծ շնորհակալ եմ ազնիվ ու արհեստավարժ բոլոր այն դատավորներին և դատական ծառայողներին, ովքեր համակարգում կան ու շատացել են: Մեր ճգնաժամային կառավարմանը սատարելու և, իհարկե, այս շատ ծանր, բայց կարևոր պաշտոնն ինձ վստահելու համար շնորհակալ եմ օրենսդիր ու գործադիր թևերին` Վարչապետի գլխավորությամբ, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախկին ու ներկա անդամներին:

Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած: Անկեղծ հավատում եմ ուժեղ Հայաստանում արդար դատարան ունենալու վաղվա տեսլականին: Տարբեր կարգավիճակներում կշարունակեմ աջակցել այդ մեծագույն երազանքին»,- գրել է ԲԴԽ հեռացող նախագահը։

Կառավարության նախորդ շաբաթվա նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր «համբերության բաժակը լցվել է, և իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում»

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում