Արշալույս Մղդեսյան
Հայաստանի ՏՏ ոլորտում առկա խնդիրները պայմանավորված են ոչ թե հարկային բեռով, այլ որակյալ մասնագետների պակասով։ Այս մասին դեկտեմբերի 25-ի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ի պատասխան ՍիվիլՆեթի հարցի, թե ինչու 2023-ին ֆինանսների նախարարության պնդմամբ շրջանառութունից հանվեց ՏՏ ոլորտի ընկերությունների համար հարկային արտոնություններ սահմանող տրամադրող օրենքի նախագիծը:
Նախարար Հովհաննիսյանը պնդեց, որ նախկինում մշակված օենքի նախագիծն ուղղակի հարկային արտոնություններ էր սահմանում ոլորտի ընկերությունների համար, որին դեմ էր և շարունակում է դեմ լինել ֆինանսների նախարարությունը. «Մենք չենք համարում, որ նման գործողություն իրականացնելը կնպաստեր Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը: Դա նաև չէր նպաստի հասարակության մեջ արդար հարկման համակարգի պահպանմանը, քանի որ ստացվելու էր այնպես, որ բարձր եկամուտ ստացողներն ավելի փոքր հարկ էին վճարելու, քան ցածր եկամուտ ունեցողները»:
Կառավարության քննադատները հիշեցնում են, որ ՏՏ ոլորտին աջակցության մասին օրենքի նախագիծը, որով ի թիվս այլ արտոնությունների՝ սահմանվում էր ոլորտի ձեռնարկություններին եկամտահարկի 10%-ի հետ վերադարձ, դեռ 2023-ից շրջանառության մեջ էր, սակայն դուրս եկավ ֆինանսների նախարարության պնդմամբ: Այժմ աջակցության գործիքակազմով նոր օրենք է ընդունվել, բայց ՏՏ ոլորտը 2024-ը չավարտված՝ արդեն շուրջ 13% անկում է գրանցել։ Ըստ քննադատների՝ դա խանգարել է, որ կառավարությունը հասնի տնտեսական աճի նախատեսած 7% թիրախին: Այժմ 2024-ի տնտեսական աճը կառավարությունը կանխատեսում է 5,5%:
Նախարար Հովհաննիսյանի խոսքով, իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՏՏ ոլորտում նկատվող որոշակի անկումը համաշխարհային միտում է և բնորոշ է ոչ միայն Հայաստանին: Ըստ նրա՝ չնայած Ռուսաստանից եկած մասնագետների որոշակի արտահոսքին, ոլորտում աշխատողների ընդհանուր թիվը մնում է կայուն՝ մոտ 30,000:
«ՏՏ ոլորտում աճի խոչընդոտը կրթությունն է»
Անդրադառնալով հարևան երկրների հետ մրցակցության հարցին, որտեղ հարկային զգալի արտոնություններ են առաջարկվում ՏՏ ընկերություններին և «ֆրիլանսերներին»՝ նախարարը նշեց. «Մենք մի փոքր այլ համակարգ ենք, այլ միջավայր, և պարտադիր չէ կրկնօրինակել ուրիշների քաղաքականությունը: Մենք ունենք զարգացած կլաստեր, ինչը հավելյալ արժեք է, իսկ այն երկրները, որոնք առաջարկում են զրոյին մոտ տոկոսադրույքներ, ոչինչ չունեն»: Փոխարենը, ըստ նրա, կառավարությունն առաջարկում է աջակցության նոր փաթեթ՝ ուղղված որակյալ մասնագետների պատրաստմանը. «Մենք հասկացել ենք, որ այս ոլորտում խոչընդոտը հարկը չէ, այլ կրթությունն է, որակյալ մասնագետների պակասը: Դրա համար ենք աջակցության փաթեթը ձևավորել այնպես, որ օգնենք ընկերություններին՝ իրենց աշխատակիցների կրթության վրա ավելի մատչելի ձևով ներդրումներ կատարել»:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կառավարությունը հասցեագրել է Հայաստան տեղափոխվող և ՏՏ ոլորտում աշխատող միգրանտների հարկման հարցը, իսկ «ֆրիլանսերների» համար շրջանառության հարկի դրույքաչափն իջեցվել է 5%-ից 1%:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանը, որպես միջազգային կառույցների անդամ, պարտավորություն ունի չստեղծել այնպիսի հարկային միջավայր, որը կխախտի ընդհանուր տրամաբանությունը: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ երկիրը վերջերս դուրս է եկել «մոխրագույն ցուցակից»՝ հատուկ տնտեսական գոտիներում և ՏՏ ոլորտում որոշ հարկային արտոնությունների վերացման շնորհիվ:
«Իհարկե, մենք կարող ենք բազմաթիվ արտոնություններ տալ, ուշադրություն չդարձնել միջազգային պրակտիկաներին, գործել բավականին ագրեսիվ և հայտնվել մոխրագույն ու սև ցուցակներում: Բայց չեմ կարծում, որ դա այն ճանապարհն է, որը մենք ուզում ենք ընտրել»,- ասաց ֆինանսների նախարարը:
Դեկտեմբերի սկզբին Ազգային ժողովն ընդունեց «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը և դրա հետ կապված Հարկային օրենսգրքում փոփոխությունները, որոնք նախատեսում են տարեկան ավելի քան 80 մլն դոլարի աջակցություն ոլորտի ընկերություններին: Օրենսդրական փաթեթը նախատեսում է եկամտային հարկի, շահութահարկի և շրջանառության հարկի գծով արտոնություններ:
Նոր օրենքի շահառուներ են ոլորտի բոլոր դերակատարները՝ ներառյալ գերփոքր, միջին և խոշոր բիզնեսը, «ռելոկացված» ընկերությունները, դուստր ձեռնարկությունները, մասնաճյուղերը և այլ ստորաբաժանումները, ինչպես նաև ֆիզիկական անձինք:
Տե՛ս նաև՝ 200 մլրդ դրամի պակաս. ֆինանսների նախարարը նշեց բյուջեի թերակատարման պատճառները
Civilnet











