200 մլրդ դրամի պակաս. ֆինանսների նախարարը նշեց բյուջեի թերակատարման պատճառները

Արշալույս Մղդեսյան
2024-ի հարկային եկամուտների թերակատարումը պայմանավորված է տնտեսական աճի դանդաղմամբ և նախատեսվածից ցածր գնաճով։ Այս մասին դեկտեմբերի 25-ի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա ներկայացրեց, թե ինչպես է կառավարությանը հաջողվել խուսափել ֆինանսական լուրջ խնդիրներից՝ այդ նպատակով ծախսելով 130 մլրդ դրամի պահուստային ֆոնդի մեծ մասը։
Նախարարը հայտնեց, որ պետական բյուջեի հարկային եկամուտները պլանավորված ցուցանիշի նկատմամբ 2024-ին 200 մլրդ դրամով ցածր կլինեն։ Կառավարության քննադատները դա անվանում են հակառեկորդ:
Հունվար-նոյեմբերին բյուջեի եկամուտները կազմել են 2,269 տրլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 9,6%-ով։ Ծախսերը կազմել են 2,501 տրլն դրամ՝ աճելով 17,3%-ով, սակայն ճշտված պլանի նկատմամբ ցուցանիշները նվազել են։
Ըստ ֆինանսների նախարարության կանխատեսման՝ 2024-ին պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի մոտ 50%-ը՝ 5,5% տնտեսական աճի պայմաններում։

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ հարկերի հավաքագրման վրա էական ազդեցություն է ունեցել մի քանի գործոն։ Առաջին հերթին, տնտեսական աճը չի հասել թիրախավորված մակարդակին, երկրորդ՝ գնաճը եղել է թիրախային 4% (+/-1,5%) ցուցանիշից ցածր, և երրորդ՝ տնտեսության աճի դանդաղման փուլում կրճատվել են հարկերի բարելավման հնարավորությունները։
«Մենք պլանավորել էինք, որ դեռ չենք մտնելու աճի դանդաղման փուլ և շարունակելու ենք հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավումները նախկին տարիների տեմպով»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս սցենարը նախատեսված էր 2024-ի բյուջեում, և հենց դրա համար էր ստեղծվել պահուստային ֆոնդը։
Նախարարը շեշտեց, որ չնայած բյուջեի թերակատարմանը, էական խնդիրներ չեն առաջացել բյուջետային ծրագրերի իրականացման գործում. «Չունենք որևէ ծախս, որը մնացել է չֆինանսավորված։ Որոշ ծրագրեր չեն իրականացվել օբյեկտիվ պատճառներով և ոչ թե ֆինանսավորման բացակայության պատճառով»։
Նախարարը, այնուամենայնիվ, ընդունեց, որ տարվա ամենախոշոր նախաձեռնություններից մեկը՝ Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը, որի համար նախատեսված էր զգալի ֆինանսավորում, հետաձգվել է, և 2025-ի բյուջեում այս ծրագրի համար միջոցներ չեն նախատեսվել։
Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ ֆինանսական կայունությանը նպաստել է կառավարության պահուստային ֆոնդը, որում կուտակված 130 մլրդ դրամը հիմնականում օգտագործվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների բնակարանային ծախսերի համար և մոտ 50 մլրդ դրամը նախատեսված է որպես ֆիսկալ բուֆեր։ Ներկայում ֆոնդում մնացել է մոտ 30 մլրդ դրամ։
Տե՛ս նաև՝ ՏՏ ոլորտի խնդիրը մասնագետների պակասն է, ոչ թե հարկային բեռը. ֆինանսների նախարար
Civilnet









