Ալիևը սպառնում է «բացել Զանգեզուրի միջանցքը»

«Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը: Ֆրանսիան և այլ երկրներ, որոնք նրան զենք են մատակարարում, պետք է լուծեն և չեղյալ հայտարարեն այդ պայմանագրերը». հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցում։
«Հայաստան արդեն մատակարարված զենքը պետք է վերադարձվի: Սա մեր պայմանն է: Այժմ թող ով ինչպես ուզում է, այդպես էլ ընկալի դա: Ես ասում եմ իմ խոսքը, և նրանք էլ, նրանց հետևում կանգնածներն էլ գիտեն, որ եթե մենք ինչ-որ բան ասում ենք, ապա դրան շատ լուրջ ենք վերաբերվում»,- ասել է նա։
«Հույս ունեմ, որ մեր բոլոր պայմանները խաղաղության պայմանագրի վերաբերյալ նույնպես կընդունվեն, քանի որ դրանցում արտակարգ ոչինչ չկա: Մինսկի խմբի վերացումը, սահմանադրության փոփոխությունը՝ առանց դրա խաղաղության պայմանագիրն անհնար է»,- ասել է Ալիևը:
«Եթե Հայաստանին պետք չէ խաղաղության պայմանագիրը, ապա այն մեզ էլ պետք չէ: Մենք կարող ենք ապրել և մեր քաղաքականությունը վարել նաև առանց դրա ստորագրման»:
«Զանգեզուրի միջանցքը պետք է և կբացվի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
«[Հայաստանը] պետք է հաշվի առնի, որ Մերձավոր Արևելքում իրենց մերձավոր դաշնակցի՝ Ասադի բռնապետությունն արդեն պատմության աղբանոց է ուղարկվել, և դա կշարունակվի, ուստի թող ճիշտ քայլ անի։ Մենք՝ Ադրբեջանը, նրանց համար վտանգի աղբյուր չենք։ Մենք ցանկանում ենք խաղաղություն և համագործակցություն Հարավային Կովկասում, և թող նրանք չխանգարեն մեզ։ Նրանք չպետք է հանդես գան որպես աշխարհագրական խոչընդոտ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Զանգեզուրի միջանցքը պետք է և կբացվի։ Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ»,- ասել է Ալիևը։
Ալիևն ասել է, թե Հայաստանը տարածաշրջանի համար սպառնալիքի աղբյուր է. «Հայկական անկախ պետությունը, ըստ էության, ֆաշիստական պետություն է։ Քանի որ այս երկիրը գրեթե 30 տարի ղեկավարվել է ֆաշիստական գաղափարախոսության կրողների կողմից, ապա նրանք այս երկիրը ձևավորել են իրենց նմանությամբ»։
«Ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կոչնչացնի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք։ Մենք այլ ելք չունենք»,- ասել է նա։
Ալիևն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերին՝ ընդգծելով Ղազախի շրջանում ադրբեջանական չորս գյուղերի վերադարձը։ Նա ասել է, որ դա տեղի է ունեցել ոչ թե երկխոսության, այլ մենախոսության արդյունքում, «քանի որ Հայաստանի հետ երկխոսությունը տասնամյակներ շարունակ չէր հաջողվում, և Երևանի ագրեսիվ քաղաքականությունը չէր ենթադրում որևէ երկխոսություն»։
«Նրանք բանակցային ձևաչափն օգտագործում էին որպես շղարշ՝ օկուպացիան շարունակելու համար»,- ասել է Ալիևը՝ խոսելով նաև հայկական մամուլում վերջերս հրապարակված՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1993-ի ելույթը, որում նա անդրադառնում է Աղդամի՝ հայկական ուժերի վերահսկողությանն անցնելու մասին։
«Նայեք Հայաստանի առաջին նախագահի ռասիստական և ֆաշիստական հայտարարություններին, որոնք տգեղ են նույնքան, որքան վտանգավոր: Նա էթնիկ զտումները ներկայացնում է որպես հպարտության աղբյուր, պարծենում է ադրբեջանցիներին իրենց պատմական բնիկ հողերից վտարելով: Պարզապես այս տեսանյութը, ինչպես ասում են, հասարակության սեփականությունը դարձավ հիմա: Բայց, իհարկե, Հայաստանում գիտեին այդ մասին: Իհարկե, Հայաստանի դաշնակիցները և հովանավորները գիտեին և կիսում էին այդ տեսակետները":
Սպառնալիքներ՝ Ֆրանսիայի հասցեին
Իլհամ Ալիևն ասել է, թե ֆրանսիական քաղաքական դաշտում գոյություն ունի ադրբեջանաֆոբիայի վրա հիմնված կոնսենսուս։ Նրա խոսքերով՝ այս մոտեցումը բնորոշ է թե՛ գործող իշխանությանը, թե՛ նրա ընդդիմախոսներին։ Ալիևն ընդգծել է, որ ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ Փարիզի քաղաքապետի, նահանգապետի և բարձր պաշտոնների այլ թեկնածուների անօրինական այցերը Ղարաբաղ նպատակ էին հետապնդում ամրապնդել իրենց դիրքերը Ֆրանսիայի հայկական համայնքների առջև։
Ալիևը հայտարարել է, որ հայկական լոբբիի ազդեցությունը առանցքային դեր է խաղում Ադրբեջանի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության ձևավորման գործում։ Սա, ըստ նրա, կապված է քաղաքական գործիչների՝ թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում հայկական համայնքի աջակցությունը ապահովելու փորձերի հետ։
Խոսելով 2020-ի մասին՝ Ալիևը նշել է, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը Ֆրանսիայում ընկալվել է որպես սեփական պարտություն, թեև նման մտածելու որևէ հիմք չկար։
Նա հայտարարել է պատերազմի ընթացքում Ֆրանսիայի նախագահի բազմաթիվ զանգերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ճանաչման սպառնալիքների միջոցով ճնշման փորձերի մասին։ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը անմիջապես հասկացրել է, որ ճանաչումը կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների խզման։
Ալիևի խոսքով՝ չնայած Ղարաբաղի պաշտոնական ճանաչումից հրաժարվելուն՝ Ֆրանսիան օգտագործել է խորհրդարանական կառույցները համապատասխան որոշումներ ընդունելու համար՝ արդարացնելով դա օրենսդիր իշխանության անկախությամբ։
Ալիևը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանը բազմիցս ազդանշաններ է ստացել ֆրանսիական կողմից երկխոսությունը վերականգնելու պատրաստակամության մասին, սակայն հանդիպումները այդպես էլ տեղի չեն ունեցել Փարիզի կողմից կոնկրետ քայլերի բացակայության պատճառով։ Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է երկխոսության, սակայն մտադիր չէ դրա համար գնալ ո՛չ Փարիզ, ո՛չ Բրյուսել։ Ալիևն ասել է, թե հանդիպումները կարող են կազմակերպվել Բաքվում։
Նա նաև ասել է, որ Ադրբեջանը պահանջում է, որ Ֆրանսիան դադարեցնի միջամտել Հարավային Կովկասի գործերին. «Ֆրանսիայի՝ ինտրիգների վրա հիմնված քաղաքականությունը ձախողվում է ամենուր, ներառյալ Աֆրիկայում և Վրաստանում»։
Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիան գործնականում կորցրել է իր ներկայությունը Ադրբեջանում՝ բացառությամբ երկարաժամկետ պայմանագրեր ունեցող մի քանի ընկերությունների։ Նա նշել է, որ Ադրբեջանը երբեք չի արտապատկերել քաղաքական բարդությունները ընկերությունների գործունեության վրա. «Ֆրանսիական ընկերությունները, որոնք դեռ աշխատում են Ադրբեջանում, մեղավոր չեն, որ նրանք ունեն այդպիսի իշխանություն»։
Civilnet










