Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատակիցները դադարեցրել են գործադուլը, հայտարարել է գործադուլը համակարգող խմբի անդամ Վահե Մխիթարյանը։
Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսաուղերձում նա նշել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն կոմբինատի ղեկավարության հետ՝ բարձրացված բոլոր հարցերի կարգավորման վերաբերյալ:
Ըստ Մխիթարյանի՝ գործադուլի հիմնական պատճառներն էին աշխատավարձերի համահարթեցման սկզբունքների խախտումը, ապահովագրական համակարգի թերությունները, աշխատանքի տեխնիկական պայմանների անհամապատասխանությունը և որոշ արտադրամասերում ասպիրացիայի նորմերի խախտումները:
Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ներառում են աշխատավարձերի ֆոնդի 20 տոկոսով բարձրացում՝ սոցիալական արդարության սկզբունքով, գործադուլի մասնակիցների նկատմամբ հետապնդումների բացառում, ութ աշխատակիցների ազատման հրամանների վերանայում և արձանագրված տեխնիկական ու անվտանգության խնդիրների լուծում:
Մխիթարյանը հայտնել է, որ աշխատանքից ազատման հրամանների իրավաչափությունը կքննարկվի վերադասության կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դատական ատյաններում:
«Առաջնորդվելով պետական շահով և սոցիալական գործընկերության սկզբունքով՝ որոշել ենք վերագործարկել ԶՊՄԿ-ի աշխատանքային ռեժիմը»,- նշել է գործադուլի համակարգողը:
ԶՊՄԿ-ի բազմաթիվ աշխատակիցներ գործադուլ սկսել էին հունվարի 31-ին:
ԶՊՄԿ-ի ղեկավարությունն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ կոմբինատում 2024-ի աշխատավարձային ֆոնդը կավելանա միջինը 20 տոկոսով:
«Ղեկավարությունը նոր աշխատավարձային համակարգը հիմնական արտադրամասերում կկիրառի արտադրության վերականգնումից մեկ ամսվա ընթացքում»,- նշված էր ընկերության հաղորդագրությունում:
Փետրվարի 7-ին գործադուլի մասնակից ութ աշխատակից հեռացվել էր աշխատանքից։
ԶՊՄԿ մամուլի խոսնակ Արայիկ Մարգարյանը ՍիվիլՆեթին հայտնել էր, որ կոմբինատն օրական շուրջ 400 մլն դրամի վնաս է կրում գործադուլի պատճառով։
Civilnet










